Ի՞նչ գին ունի Հայաստանին Ֆրանսիայի հետպատերազմյան պարտքը
Այս օրերին Երևանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանեց, որ իր երկիրն ու ինքը հանդիսանում են 2022 թվականի պրահյան գործընթացի առանցքային դերակատարը, որը դե ֆակտո Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում:
Մասնավորապես, մայիսի 4-ի երեկոյան նախագահական նստավայրում պետական ընթրիքի ժամանակ Ֆրանսիայի ղեկավարն ասել է հետևյալը.
«2022 թվականի աշնանից, ես ոչինչ չեմ մոռացել այդ գիշերից։ Պատերազմի սկզբից ընդամենը երկու տարի էր անցել։ Իրավիճակը շատ անկայուն էր, և Դուք ցուցաբերեցիք մեծ խիզախություն, քանի որ որոշում էիք կայացնում Ձեր երկրի համար։ Բայց ուզում եմ մի պարզ բան ասել։
Նախ՝ Ֆրանսիան այդպիսի պահերին, իմ համոզմամբ, կատարել է իր պարտքը։ Ճիշտ է, Եվրոպայում կամ այլուր շատերի համար տարօրինակ էր, թե ինչու ենք մենք անվերապահորեն աջակցում Հայաստանին։ Ի դեպ, ձեզ հանգստացնելու համար նշեմ, որ այն հանդիպումից հետո, որին վարչապետն անդրադարձավ, ես գրեթե դուրս էի մնում հետագա բոլոր հանդիպումներից, մինչև որ հակամարտությունը կարգավորվեց նախագահ Ալիևի հետ»:
Իհարկե, այս միտքը Մակրոնն առաջին անգամ չէ, որ, առհասարակ, արտաբերում է: Մի առիթով ֆրանսիական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նա նշել էր, որ Արցախը մի տարածք է, որը միջազգային հանրության կողմից ճանաչված չի եղել:
«Լեռնային Ղարաբաղը մի տարածք է Ադրբեջանի սրտում, և նա սարսափելի պատերազմ սկսեց՝ բազմաթիվ զոհերով, սարսափելի տեսարաններով, և գրավեց այդ տարածքը սեպտեմբեր ամսին: Եվ սահմանի ամբողջ երկայնքով ձեռնարկեց մի քանի հարձակում, ենթադրաբար, որ կարողանա միջանցք կառուցել՝ իր տարածքի մի ծայրից մյուսը: Իսկ մենք ի՞նչ կարող ենք անել: Մենք հստակ դատապարտեցինք դա, ես դա արեցի անմիջապես, զանգահարեցի նախագահ Ալիևին, և երկու երկրի ղեկավարներին հրավիրեցի Փարիզ: Ֆրանսիան միջնորդ տերություններից մեկն է: Դրանից հետո ես երկու երկրների ղեկավարներին հրավիրեցի Պրահա: Մի քանի ժամվա ընթացքում Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպեցինք երկու երկրների ղեկավարներին, և մենք որոշեցինք, որ երկու կողմերը պարտավորվում են ճանաչել 1991 թվականի սահմանները»,- մանրամասնել էր նա:
Այս օրերին Մակրոնի այս առաքելության համար Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտնել է իր շնորհակալությունը:
«Խաղաղության ճարտարապետությունը հիմնված է Ալմա Աթայի հռչակագրի վրա՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անխախտելիության ճանաչումը: Այդ ճարտարապետության գործում առանցքային է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դերը»,- մայիսի 5-ին Մակրոնի հետ համատեղ հայտարարության ժամանակ ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Այլ հարց է, որ Ֆրանսիայի նախագահի հետ լավ հարաբերությունների մեջ գտնվող հայ գործիչները կարող են չհամաձայնել նշված գործընթացում Մակրոնի առանցքային կամ կարևոր դերակատարման վերաբերյալ պնդումների հետ: Իհարկե, երրորդ երկիրը միշտ պաշտպանում է այն, ինչ քո երկիրն է որոշում, տվյալ դեպքում՝ Հայաստանը որոշել է կատարել Ադրբեջանի պահանջները, և ստացել է Ֆրանսիայի աջակցությունը, բայց խնդիրն այն է, որ երբեմնի ՄԽ համանախագահող երկրի ղեկավարը ՀՀ իշխանությունների՝ պրահյան որոշումն օրինակելի է համարում:
Ինչի՞ համար ենք սա գրում: Պատերազմի օրերին և դրանից հետո տարբեր շրջանակներ միանշանակ պնդում էին, որ Ֆրանսիան Հայաստանին ռազմական օգնություն է առաջարկել, իսկ Հայաստանը կամ Նիկոլ Փաշինյանը մերժել է: Մասնավորապես, տարիներ առաջ ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդականը ներկայացած Վլադիմիր Պողոսյանը, մասնավորապես, հայտարարել էր.
«Մենք գիտենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը պլանավորված է եղել Թուրքիայի հետ համատեղ: 2012 թվականից սկսած ՌԴ-ն ջարդեց ռազմական բալանսը: Ես չեմ կարողանում հավատալ, որ Ալիևն էդքան դուխով տղա է դառել, որ ինքնագլուխ կարող է ճանապարհը փակի և ասի՝ բլոկադա եմ անում: Սա ՌԴ-ի հետ համատեղ գործ է: Հատուկ թուլացնում են մեր բանակին, պատերազմի ժամանակ ամբողջ ճանապարհները փակված են եղել: Մեր մուծած փողերը, որ պիտի Ռուսաստանից զենք-զինամթերք բերեին, ոչ մի բան չի մտել Հայաստան: Դա էլ է մտածված գործ եղել: Պատերազմի ժամանակ ես բանակցել եմ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ, դեսպանի հետ, Ֆրանսիան մեզ առաջարկեց ռազմական օգնություն, մեր իշխանությունը հրաժարվեց»:
Նախ՝ պատերազմի օրերին ԳՇ-ում աշխատած կամ այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, թերևս, խորհուրդներ տված Վլադիմիր Պողոսյանն ունի՞ հիմնավորումներ, որ Ռուսաստանը պատերազմը ծրագրողներից մեկն է եղել, արդյո՞ք Օնիկ Գասպարյանը նման տեղեկություն ունեցել է և այս մասին խոսե՞լ է Քննիչ հանձնաժողովում:
Բացի դա, ի՞նչ իրավունքով է նա բանակցել ֆրանսիական կողմի հետ, եթե նման բան եղել է, արդյո՞ք կարող է հստակ ապացույցներ բերել, թե Ֆրանսիան ի՞նչ ռազմական օգնություն է առաջարկել Հայաստանին պատերազմի ժամանակ, որը մերժվել է, երբ, մեծ հաշվով, ո՛չ Հայաստանից, ո՛չ էլ Ֆրանսիայից է պաշտոնական հաստատում եղել:
Եվ այս օրերի՝ վերևում հիշատակված Հայաստանի և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունները հենց սա են ապացուցում՝ նման բան չի եղել:
Բայց կան պաշտոնական փաստեր, ինչն ավելի վաղ 168.am-ը հայտնել է՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից առաջ ՊՆ-ում զգուշացումներ են արվել ֆրանսիական կողմին թուրքական սպառնալիքների և Թուրքիայի՝ պատերազմին ուղիղ մասնակցության հավանականության մասին: Մասնավորապես, հուլիսյան մարտերից հետո և 44-օրյա պատերազմից առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունում ֆրանսիական կողմին զգուշացվել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների հնարավոր հետևանքների և նպատակների մասին:
Այսինքն, այդ ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ «բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների»:
44-օրյա պատերազմի օրերին ևս մի քանի անգամ այդ ժամանակ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որի ժամանակ նա ներկայացրել էր օտարերկրյա զինծառայողների և վարձկանների ներգրավվածության փաստեր, հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքները, նշվել էր, որ հրադադարի պահպանումը հնարավոր է ապահովել միայն միջազգային վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում:
2020թ. պատերազմի ընթացքում Փաշինյանն իր հերթին՝ մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ, այդ թվում՝ պատերազմի առաջին օրը։
Իսկ 2023 թվականի հունիսին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը նշել էր.
«Հոկտեմբերի 17-ին նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով ինձ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել՝ հոկտեմբերի լույս 18-ի կեսգիշերից: Ես, բնականաբար, համաձայնվեցի դրան, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվեց հետևյալ հայտարարությունը, որը հրապարակվեց հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ին արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:
Այս հայտարարության վերաբերյալ՝ դեռ մինչև հրապարակումը, մենք խորհրդակցություններ ունեցանք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, ովքեր ողջունեցին նախաձեռնությունը: Ի հեճուկս հայտարարության, սակայն, հոկտեմբերի 18-ին նույնպես հրադադար չհաստատվեց, չնայած ամբողջ օրը մենք հնարավոր դիվանագիտական ջանքերը գործադրում էինք պատերազմը կանգնեցնելու համար: Այսինքն՝ այս հայտարարությունից հետո ընդհանրապես դադար տեղի չունեցավ»:
Ենթադրվում է, որ Ֆրանսիան կա՛մ չի փորձել, կա՛մ չի կարողացել նախ՝ կանխել պատերազմը, այնուհետև՝ դրա սարսափելի ընթացքը և ելքը: Իհարկե, սրանով Ֆրանսիային չենք մեղադրում պատերազմում պարտության հարցում, և շատ լավ ենք հիշում, որ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է, որ Հայաստանն էլ Արցախի անվտանգության երաշխավորն էր: Շատ լավ հիշում ենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը գոհ է եղել Ռուսաստանից պատերազմի օրերին դրսևորած աջակցությունից, որ մոտ 9 հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, որ պատերազմի օրերին Փաշինյանն ուզում էր, որ հենց ռուս խաղաղապահները տեղակայվեն Արցախում, իսկ պատերազմից հետո էլ Պուտինը Փաշինյանի մասին ասում էր՝ «он не предатель»: Ամեն ինչ շատ լավ ենք հիշում, և այս ամենի կողքին՝ նաև այն, որ Ֆրանսիան պատրաստ եղավ Հայաստանի հետ զենքի մատակարարման պայմանագիր կնքել 2023 թվականի հոկտեմբերին՝ Արցախի հայաթափումից հետո:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2024թ. գարնանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Փաստինֆոյին» ասել էր.
«ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բացակայությունը պայմանավորված չի եղել ՀՀ-ի անհետաքրքրությամբ, ու Արցախի փաստացի հայաթափումից հետո վերոհիշյալ փոփոխությունը, այսինքն, համագործակցության հաստատումը բացատրելի է: Հուսով եմ, որ առկա աշխարհաքաղաքական պայմաններում Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը երկարաժամկետ և շարունակական է լինելու, ինչպես նաև անվտանգության ապահովման ռիսկայնության առումով այն հաշվարկված և կանխատեսված է»:
Շարունակականություն, ըստ էության, ապահովվում է: Եվ բացի մինչ այս Հայաստանին Ֆրանսիայի կողմից մատակարարված սպառազինությունից, մայիսի 5-ին Երևանում ՀՀ Պաշտպանության նախարարության և ֆրանսիական Sofema (Sofema Group) խմբի միջև հանդերձանքի մատակարարման պայմանագիր է ստորագրվել։ Բացի այս, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը տրանսպորտային ուղղաթիռների մատակարարման պայմանագիր է ստորագրել Airbus helicopters ընկերության հետ:
Ոչ ոք չի ժխտում, որ Ֆրանսիայի՝ Հայաստանին ռազմական օգնությունը պայմանավորված է հայ-ֆրանսիական հարաբերությունների պատմական հիմքով ու դարավոր բարեկամության փաստով, որը Ֆրանսիան երբեք չի անտեսում: Բայց, անշուշտ, ինչպես ասում են, քաղաքականության մեջ հենց այնպես ոչինչ չի լինում, կան նաև այլ շարժառիթներ, ինչը նաև ՌԴ-ի դեմ «քաղաքական արշավի» կամ նրան տարածաշրջանից դուրսմղման տրամաբանության մեջ է: Սա, եթե նաև հաշվի առնենք «Երևանյան երկխոսություն-2026» միջազգային համաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի թույլ տված որոշ ձևակերպումներ:
Նախ նա հայտարարել է. «Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր, որոնք տարածաշրջանը դիտարկում են՝ որպես ավար, մրցանակ՝ միմյանց դեմ հանելով տեղի ազգերին։ Հարավային Կովկասը կարող է վերականգնել իր կենտրոնական դիրքը Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի միջև: Եվ Հարավային Կովկասում հնարավորություններ կան՝ լինելու խաչմերուկ այս տարածաշրջանում, լինել այդ միջին միջանցքը»:
Այնուհետև Ֆրանսիայի նախագահը հարկ է համարել շեշտել, որ երկար ժամանակ շատերը մտածում էին, որ Հայաստանի ճակատագիրը հնարավոր է միայն Ռուսաստանի հովանավոր թևի ներքո՝ նշելով.
«2020 թվականի պատերազմը, այն, ինչ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորչությունը չէ, որ շատերը պատկերացնում էին: Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին, հասկացանք, որ այդ երազանքներն իրականություն չեն: Բոլորը կարծես սովորել էին, որ նա պետք է լինի տարածաշրջանում հովանավոր, որովհետև Հարավային Կովկասը կարծես միշտ պետք է պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից»:
Իսկ սրանից առաջ Նիկոլ Փաշինյանը չընդդիմանալով Մակրոնի այս պնդումներին, ոչ հեռու անցյալում մոսկովյան այցից և Պուտինի հանդիպումից հետո ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր.
«Մենք շատ երկար և մանրամասն քննարկումներ ենք ունեցել և ձեռք ենք բերել այնպիսի ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու, որի արտահայտությունն առաջիկայում մենք կտեսնենք»:
Ավելի ուշ լրագրողների հետ ճեպազրույցին, երբ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էին՝ արդյո՞ք ՌԴ-ի հետ ռազմատեխնիկական պայմանավորվածություններ կան, արդյո՞ք Ձեր հայտարարությունը նշանակում է, որ Հայաստանը Ռուսաստանից զենք գնելու պայմանավորվածություն ունի, նա պատասխանել էր.
«Մենք ռազմատեխնիկական համագործակցություն Ռուսաստանի հետ ունենք, ունեցել ենք, որն ինչ-որ մի ժամանակ էականորեն կամ ընդհատվել էր, կամ՝ քչացել, և մենք, այո, ունենք պայմանավորվածություն, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն իրագործենք»:
Հետո արդեն մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը չէր հերքել ՌԴ-ից զենք գնելու պլանները:
Ստացվում է՝ Ֆրանսիայի հետ դե յուրե հաստատված ռազմավարական հարաբերությունները չե՞ն խանգարում Հայաստանին ունենալ ռազմավարական պայմանավորվածություններ նաև Ռուսաստանի հետ, թե՞ ինչ-որ պահի կկատարվի Մակրոնի և Եվրոպայի ցանկությունը, և Ռուսաստանի փոխարեն՝ Եվրոպան կօգնի Հայաստանին սահմանների անվտանգություն ապահովել:
Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ Մակրոնը հայտարարել է, թե՝ «ՀՀ տարածքում դեռ գտնվում են 4000 ռուսական զինվոր և ավելի քան 1000 սահմանապահ, դրա համար Եվրոպան պետք է օգնի այս երկրին` ապահովելու սեփական սահմանների անվտանգությունն առավել անկախ»:



