Աղմուկ Ոստիկանության փոխգնդապետ Վազգեն Բադալյանի ընտանիքի շուրջ. որդուն մեղադրում են ազգականուհու հետ «սրբապիղծ» կապի մեջ (տեսանյութ)
Վանաձորի դատարանում քննության է առնվում Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Վազգեն Բադալյանի որդու` Սևակ Բադալյանի նկատմամբ դանակահարության դեպքը: Տուժող Սևակ Բադալյանը նույնպես Ռազմական ոստիկանության աշխատակից է, զինվորական սպա: Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսին:
Հաջորդ օրը հարուցվել է քրեական գործ Քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասով: Սևակ Բադալյանի ընկերը` Վահե Մարտիրոսյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ և կալանավորվել: Ըստ նախնական նախաքննական վարկածի` Վահե Մարտիրոսյանը, պայմանավորվածության գալով Սևակ Բադալյանի հետ, հանդիպել է նրան և դանակով բազմաթիվ հարվածներ հասցնելով` պատճառել է ծանր մարմնական վնասվածք: Քանի որ դեպքի հետ կապված ընտանեկան խնդիրներ կային, նախաքննության փուլում Վազգեն Բադալյանը դիմել է Վահե Մարտիրոսյանի հորը և խնդրել, որ չբարձրաձայնեն դրանց մասին, նախաքննությունն ավարտվելուց հետո իրենք կհամաձայնեն արագացված դատաքննությանը, և Վահեն մեղմ պատիժ կստանա: Բայց հետո առարկել էին արագացված դատաքննությանը, և այն ընթացել էր ընդհանուր կարգով: Ավելին` դատաքննության ավարտին` կողմերի վիճաբանությունների փուլում, Սևակ Բադալյանը դիմում էր ներկայացրել, որ իրեն հասցված հարվածները բազմաթիվ են եղել, և միջնորդել էր, որ Վահե Մարտիրոսյանին մեղսագրվող արարքը վերաորակվի:
«Այստեղ ամենածիծաղելին այն է, որ մեղադրողը դատարանում միջնորդում է իրեն ժամանակ տրամադրել Քր. դատ օր-ի 309.1 հոդվածի կարգով մեղադրանքը փոփոխելու համար, ընդ որում՝ դատաքննության փուլում հայտարարում է, որ ընդամենը 6 հարված եմ նշել մեղադրանքի որոշման մեջ, 10-ը կգրեմ-կբերեմ»,- ասում է ամբաստանյալ Վահե Մարտիրոսյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Գուրգեն Հարությունյանը, ով այդ փուլում է ներգրավվել գործում:
Նրա խոսքով` առանց արարքի իրավաբանական որակման` հաջորդ դատական նիստին մեղադրողը նոր մեղադրանք է ներկայացրել` Քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասով առաջադրվածը փոխելով 34-104 հոդվածի 1-ին մասով, այսինքն` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը` սպանության փորձով: Սահմանադրական դատարանն իր որոշումներով դիրքորոշում է հայտնել դատաքննության ընթացքում 309.1 հոդվածով մեղադրանքը փոփոխելու վերաբերյալ, ըստ որի` մեղադրանքի փոփոխման անհրաժեշտ պայմաններից մեկը դատաքննության ընթացքում նոր հանգամանքների երևան գալն է, որոնք հայտնի չեն եղել նախաքննության փուլում: Տվյալ պահին որևէ նոր հանգամանք չի եղել, բացի այդ, ինչպես փաստաբանն է շեշտում, մեղադրանքը փոփոխելու որևէ միջնորդություն մեղադրողը չի ներկայացրել, ուստի` դատարանը բավարարելու խնդիր էլ չուներ: Փաստաբանը դատարանում հայտարարել է, որ մեղադրանքը փոփոխելու գործողություններն ապօրինի են, մինչդեռ դատավորը, անտեսելով ՍԴ որոշումները և միջնորդություն չլինելու հանգամանքը, հաստատել է մեղադրանքի փոփոխությունը:
Վահե Մարտիրոսյանի ցուցմունքների և գործով ձեռք բերված ապացույցների համադրությամբ փաստաբան Գ. Հարությունյանը ներկայացնում է դեպքի նախապատմությունը. շուրջ 8-9 տարի Վահե Մարտիրոսյանն ամուսնացած է եղել Կարինե Կոստանդյանի հետ, որի հետ համատեղ ամուսնությունից դուստր ունեն: Կարինե Կոստանդյանը տուժող Սևակ Բադալյանի ազգականուհին է` Վազգեն Բադալյանի քրոջ թոռը: Ամուսինները հաշտ չեն եղել, Սևակն էլ անընդհատ միջամտել է նրանց հարաբերություններին:
«Մի անգամ հրավիրել են խնջույքի, Վահեն չի թույլատրել իր կնոջը գնալ, Սևակը աղջկա քեռու հետ` ոմն Արշակի, եկել է այն տունը, որտեղ բնակվելիս են եղել ամուսինները, դուռը փակ է եղել, բանալին` Վահեի մոտ, հարվածել են, ջարդելով ներս մտել, Կարինեին տարել խնջույքի: Դրանից հետո էլի անհաշտ են եղել, առանձին են ապրելիս եղել: Ըստ Վահեի պատմածի` մի անգամ երեկոյան դստերն այցելելով` դռան ճեղքից, որ առաջացել էր Սևակի հարվածելու հետևանքով, նկատել է, թե ինչպես են կինն ու Սևակը գրկախառնվում, համբուրվում»,- պատմում է փաստաբան Գ. Հարությունյանը:
Որոշ ժամանակ անց Վահեն կնոջը երեխայի հետ ուղարկել է նրա ծնողների մոտ Մոսկվա: Մի անգամ էլ զանգահարել է կնոջը, ցանկացել խոսել երեխայի հետ, կինը նրան չի փոխանցել հեռախոսը: Ապա Վահեին է զանգահարել տուժողի եղբայրը` Վազգեն Բադալյանի մյուս որդին` Վրույր Բադալյանը, և հայհոյախառն սպառնացել, որ եղբայրը նրան է փնտրում:
«Ընդ որում, նախաքննական մարմինն այս պահը ևս թաքցրել էր, վերծանումներով չէր երևում, որ Վրույր Բադալյանը զանգել էր: Տուժողի և ամբաստանյալի հեռախոսահամարների վերծանումներն էլ են կորել, դատարանը թույլատրել է, որ դրանք վերծանենք, բայց չկան, կորած են: Միջնորդել եմ, քննիչն ասում է` չեն ուղարկել: Այստեղ ապացույց ենք կորցրել, դրա վերաբերյալ ևս պատրաստվում ենք հաղորդում ներկայացնել, որ դրա շուրջ ևս քննություն կատարվի»,- ասում է փաստաբանը:
Վահեն ու Սևակն այնուհետև հանդիպել են իրենց թաղամասում, Սևակը պահանջել է, որ Վահեն նստի իր ավտոմեքենան: Գնացել են անմարդաբնակ վայր, ընդ որում՝ ոչ թե Վահեն է ուղղորդել, այլ Սևակն է տարել. այս հանգամանքներն ապացուցված են հենց տուժողի ցուցմունքներով: Դատարանում Սևակը հայտարարել է, որ ինքն է մեքենայից իջել, մոտեցել Վահեին, այսինքն, ինչպես փաստաբանն է նկատում, ագրեսիվ պահվածքն ինքն է դրսևորել: Նախաքննական ցուցմունքներում նշել է, որ ցանկացել է քար վերցնել, հարվածել Վահեին, այդ ընթացքում ծակոցներ է զգացել: Ըստ ցուցմունքների` Վահեի հետևում մեքենան է եղել, առջևում Սևակն է կանգնած եղել: Հարցին` Վահեն կարո՞ղ էր փախչել, Սևակը պատասխանել է` ոչ: «Վտանգը Վահեի կյանքի և առողջության համար ակնհայտ է, որ ինքն է ստեղծել»,- նշում է փաստաբանը: Նրա համոզմամբ` Վահեն անհրաժեշտ ինքնապաշտպանության է դիմել` աֆեկտի վիճակում: Միջնորդել էր դատահոգեբանական փորձաքննություն նշանակել, մեղադրողի պնդմամբ նշանակվել էր Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում, ինչին մինչև վերջ դեմ էր փաստաբանը:
«Հիմա էլ հայտարարում եմ` այդ հիմնարկը կատարում է Դատախազության պատվերները: Առանց Դատախազության թույլտվության՝ եզրակացություն չի տրվում. դա հանրահայտ փաստ է,- ասում է Գ. Հարությունյանը և նշում եզրակացության հակասությունները,- «Վերլուծություն» բաժնում նշում են, որ մինչև դանակով հարվածելու պահը Վահեի լարվածությունը չի աճել, սակայն վերջին բաժնում էլ գրում են, որ լարվածությունն ուժգնացել է: Բացի այդ, մասնակցել եմ փորձաքննության առաջին փուլին Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում, որտեղ ներկա է եղել միայն փորձագետ Անի Վարդանյանը, բայց, ի զարմանս ինձ, երբ որ եզրակացությունը եկավ, պարզվեց, որ ոմն Մ. Պետրոսյան նույնպես ստորագրել է այդ եզրակացության տակ: Ո՞նց է համաձայնել Մ. Պետրոսյանը Անի Վարդանյանի կարծիքի հետ, որի իրավունքը չուներ, ինքն անձամբ պետք է ներկա լիներ: Փորձագետը նկարագրական մասում խեղաթյուրել է դեպքի հանգամանքները, նշել, թե փոխադարձ հարվածներ են եղել, դրանով Վահեին որոշակի ագրեսիվ վարքագիծ է վերագրել, որ աֆեկտ չտրվի»:
Ըստ փաստաբանի` դատաքննական տվյալներն անտեսվել են, հիմնվել են նախաքննական տվյալների այն մասի վրա, որոնք առավել անբարենպաստ են Վահեի համար: Իր ցուցմունքներում և փորձաքննության կատարման ընթացքում Վահեն նշել է, որ որոշակի հիշողության կորուստ է ունեցել, թուլացել է, կքանստել է, ինչը բնորոշ է աֆեկտի 3-րդ փուլին, բայց փորձագիտական հարցազրույցի բովանդակության մեջ դրանք չեն նշվել: «Նշանակում է` կեղծիքներ են կատարվել»,- ասում է փաստաբանը:
Վերջին դատական նիստում նշված կեղծիքների հիմքով փաստաբանը միջնորդեց դատարանին` քրգործ հարուցելու միջնորդությամբ դիմել Դատախազություն, իսկ դատավորը փորձեց պատասխանատվությունն իր վրայից մեղադրողի վրա գցել` ասելով` «դատախազը լսեց, թող ինքը որոշի» , մինչդեռ, ինչպես փաստաբանն է նկատում, դատարանը պարտավոր է քննարկել բոլոր միջնորդությունները: Այժմ կրկնակի փորձաքննություն նշանակելու միջնորդություն է ներկայացված:
«Չեմ կարծում, որ բավարարի, ակնհայտ է, որ նախաքննական մարմնի նման՝ դատարանն էլ է կաշկանդված սույն քրեական գործի արդյունքներով. ուզում են 34-104 հոդվածի 1-ին մասով դատապարտել,- ասում է Գ. Հարությունյանն ու ավելացնում,- դանակահարություն է տեղի ունեցել, մարդը մարմնական վնասվածք է ստացել, հետևանքը լավ չի, բայց արդարադատությունը զուտ հետևանքով չի որոշվում, պետք է նաև դեպքի հանգամանքները ուսումնասիրվեն, չի բացառվում, որ անմեղ է իրավաչափության սահմաններում իր գործողություններով: Ամբողջ Վանաձորում ում ուզում եք՝ հարցրեք, ուղղակի խելոքության տիպար է Վահեն, նման քայլի չէր գնա, եթե ինչ-ինչ հանգամանքներ չլինեին»:
«Իմ էրեխեն, գնացեք-հարցրեք թաղամասում, կյանքում հայհոյած չկա, կռվի մասին չենք խոսում,- տուժող որդուն է ներկայացնում Վազգեն Բադալյանը (աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանի մարզիչը.- Ա. Թ.),- Տղայիս խփել է 10 անգամ: Ես շատ դժգոհ էի, նշված էր՝ 7, բողոքեցի, որ սխալ է կատարվել: 2-3 անգամ թիկունքին է խփել, թոքը ծակել է միանգամից, 4 հարվածը՝ թափանցող, 2-ը թոքն է ծակել, ենթաստամոքսային գեղձը, աղին, ուսահոդի մկանները կտրված են, ձեռքը չի աշխատում: Մի տարի է՝ բուժում ենք կյանքի գնով, 3 վիրահատություն է տարել: Կասկածում է, ասում է` եկավ մեր տուն, համբուրեց իմ կնոջը, դա էն համբույրը չէր: Էկել էր բազար անելու, ասեցի` ես Ոստիկանության գնդապետ եմ, պետք է պատժվես օրենքի ուժով»:
Նրա պատմելով` քրոջ թոռն իր տանն է ապրել, իր տանից է ինստիտուտ գնացել: Նրա ու Վահեի ամուսնությանն իրենք դեմ են եղել, նրա ասելով` աղջիկն էլ չի ուզեցել ամուսնանալ Վահեի հետ, փախցրել է ուժով: «Հետո սկսվեց դրանց կռիվ-ղալմաղալները: Էնքան շատ էր ծեծուջարդն ամուսինների միջև, որովհետև ինքը՝ կիրթ աղջիկ, տղան էլ, որ ասեմ՝ խուժան է, տենց չի, ճիշտը որ ասեմ՝ տղայիս ընկերն է, մոտիկություն ենք անում, մեր տուն գնալ-գալ, բայց չենք տվել իրան` իմանալով իրենց տան դրվածքը»,- ասում է Վազգեն Բադալյանը:
«Համաձայն չէր, ինչի՞ էր ապրում, եթե համաձայն չէր, ինչի՞ էր հետը փախչում, հետը փախել ա, 8 տարի ապրել ա, էս ա էրեխեն 8 տարեկան ա էղնում»,- ասում են ամբաստանյալի աթոռին հայտնված Վահեի ծնողները` Կարինե և Սուրեն Մարտիրոսյանները: