Վարչապետի կնոջ հեռանալը ընտանիքից արձանագրեց փոփոխվող քաղաքական կացությունը

Քաղաքականությունը սիրում է խորհրդանիշներ։ Երբեմն մեկ հայտարարությունը կարող է ավելի շատ վարկածներ բանավեճեր ծնել, քան խորհրդարանական երկարատեւ քննարկումները։ Ամուսնուց, հետեւաբար եւ ընտանիքից հեռանալու մասին ՀՀ վարչապետի կնոջ հայտարարությունը անհնար է դիտարկել որպես անձնական պատմություն։ 8 տարիների ընթացքում նա վերաընթաց կերպով հաստատել է իշխանության համակարգի ոչ ֆորմալ եւ տեսանելի, ոմանց կարծիքով՝ որոշիչ մասնակցի իր կարգավիճակը։

Անձնակենտրոն կառավարման միջավայրը, որը ձեւավորել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պարագլուխը, նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի հրապարակային քայլ ունի քաղաքական չափում։ Դիցուք այս դեպքում խոսքը մի մարդու մասին է, ով «Հայկական ժամանակ» օրաթերթի (եւ կայքի) գլխավոր խմբագիրն է, 44-օրյա պատերազմում բարոյական աջակցություն է ցուցաբերել բարձրագույն զինվորական հրամանատարությանը, իր «Էրատո» ջոկատով մասնակցել է մարտական հերթապահությանը, ղեկավարում է իշխանամերձ գործարարների եւ բանկիրների նվիրատվություններով ստեղծված բարեգործական հիմնադրամներ, մարդկանց կրթելու հավակնություններ ունի, իշխանական քարոզչամեքենայի եւ վարչապետին արտասահմանյան այցերի ժամանակ ուղեկցող պատվիրակությունների կարեւոր դեմքերից է։ Ուրեմն սա ոչ թե ընտանեկան դրամա է, այլ քաղաքական հաշվարկ։

Վարկած 1-ին․ իմիջային զոհաբերություն

Հետխորհրդային ռեժիմներում քննադատությունը հաճախ ուղղվում է ոչ այնքան ինստիտուտների, որքան իշխանության առաջին դեմքի «մերձավոր շրջապատի» դեմ։ Ամուսինները, երեխաները, մանկության, ուսանողության, աշխատանքային ընկերները ձեւավորում են վերնախավը։ Ուրեմն կառավարական առանձնատնից, պահպանությունից, ավտոմեքենայից ցուցադրական հրաժարումը կարող է լինել վարչապետի շուրջ շիկացող լարվածությունը նվազեցնելու փորձ, նրա «հեղափոխական» համեստության եւ զսպվածության պատկերը վերականգնելու քայլ։

Նման հնարք մենք տեսել ենք նախկին ԽՍՀՄ տարբեր երկրներում․ առաջնորդին պահպանելու համար հեռացվում են «տոքսիկ» անձերը։ Սա ե՛ւ թուլության նշան է, ե՛ւ խոստովանություն, որ իշխանությունից հանրային դժգոհությունը հատել է վտանգավոր շեմը։

Կարդացեք նաև

Վարկած 2-րդ․ ապահովագրություն ցնցումների դեպքում

Լատինական Ամերիկայի պատմությունը հարուստ է օրինակներով, երբ քաղաքական ճգնաժամերից առաջ տեղի են ունեցել ձեւական ամուսնալուծություններ կամ գույքային բաժանումներ։ Հնարավոր հետաքննությունների, էլիտաների փոփոխության կամ պատժամիջոցների ճնշման պայմաններում ակտիվների եւ պատասխանատվության տարանջատումը լիովին ռացիոնալ քայլ է։ Հետխորհրդային պրակտիկայում նույնպես նման որոշումները հայտնի են․ անձնական տարածքը դառնում է իրավական պաշտպանության գործիք։ Այդ դեպքում ամուսնալուծությունը ոչ թե զգացմունքային ժեստ է, այլ սառը հաշվարկ։

Վարկած 3-րդ․ իշխանափոխության նախապատրաստում

Անշուշտ, սենսացիոն է իշխանության փոխանցման նախապատրաստության տարբերակը։ Քաղաքական պրակտիկայում հաճախ, նախ, ձեւավորվում է հեռավորություն, ապա՝ նոր դերաբաշխում։ Սակայն մեր դեպքում հարկ է զգուշավոր դատել․ վարչապետի արդեն նախկին կինը չունի քաղաքական կենսագրություն եւ սեփական կուսակցական մեքենա, այսինքն՝ ինստիտուցիոնալ հենարան, ուստի իշխանության փոխանցման սցենարը ավելի շուտ ֆանտաստիկա է, քան իրատեսական հեռանկար։ Թեեւ պատմությունը անսպասելի օրինակներ գիտի։ Արգենտինայում Նեստոր Կիրշները պաշտոնը փոխանցեց իր կնոջը՝ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներին։ Հետխորհրդային տարածքում ընտանեկան ժառանգականությունն էլ նորություն չէ (Ադրբեջան, Թուրքմենիա)։ Հարցն այն է՝ կա՞ դրա համար բավարար ռեսուրս եւ հասարակական պահանջ, թե՞ ոչ։

Վարկած 4-րդ․ խորհրդանշական ազդակ էլիտաներին

Երբեմն անձնական քայլը էլիտային ուղղված ազդանաշան է առ այն, որ «համակարգը ունակ է ինքնաշտկման», «ավարտվեց ընտանեկան կառավարման շջանը»։ Այս դեպքում ամուսնալուծությունը դառնում է ներքաղաքական հաղորդակցության տարր։ Լատինական Ամերիկայում նման ժեստերը հաճախ նախորդել են կառավարությունների եւ քաղաքական դաշինքների վերաձեւավորմանը, իսկ հետխորհրդային երկրներում՝ լեգիտիմության վերագործարկման փորձերին։

Ի՞նչն է առավել հավանական

Առավել ռացիոնալ է թվում 1-ին եւ 2-րդ վարկածների համադրությունը՝ իմիջային բեռնաթափում գումարած իրավական զգուշավորություն։ Սա նշանակում է, որ  վարչապետը գիտակցում է իր խոցելիությունը։ Երբ առաջնորդի անձնական կյանքը դառնում է քաղաքական իրադարձություն, դա գրեթե միշտ խորքային գործընթացների ցուցիչ է։ Հայաստանի նման իշխանության անձնակենտրոն համակարգերում ընտանիքը իշխանության անքակտելի մասն է եւ վարչապետի կնոջ ցուցադրական հեռանալը իշխանության առաջին շարքից մասնավոր անձի նոր քաղաքացիական կացության ակտ չէ․ այն արձանագրում է փոփոխվող քաղաքական կացությունը։

ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս