Սպիտակ տան մոտ hրաձգnւթյnւն է տեղի ունեցել. երկու մարդ վիրավnրվել է
Երկուշաբթի օրը Սպիտակ տան մոտ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից մեկ անձ է գնդակահարվել, հայտնել է ԱՄՆ Գաղտնի ծառայությունը: Հրաձգությունը տեղի է ունեցել Ջեյ Դի Վենսի ավտոշարասյան՝ այդ տարածքով անցնելուց կարճ ժամանակ անց: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Անձը նախ նկատվել է քաղաքացիական հագուստով սպաների կողմից, ովքեր ասել են, որ նա կասկածելի տեսք է ունեցել և, ենթադրաբար, հրազեն է կրել, ըստ Գաղտնի ծառայության փոխտնօրեն Մեթյու Քուինի: Այս սպաները օգնություն են կանչել համազգեստով գործակալներից: Երբ անհատը տեսել է համազգեստով գործակալներին, Քուինն ասել է, որ նա դիմել է փախուստի, հանել է ատրճանակը և կրակ բացել:
«Նրանք պատասխան կրակ են բացել և ներգրավվել մարտի մեջ: Այդ անձը վիրավորվել է և այնուհետև տեղափոխվել հիվանդանոց»,- ասել է Քուինը:
Ըստ Քուինի՝ հաղորդվել է նաև մեկ անցորդի՝ անչափահասի վիրավորվելու մասին, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նա բուժում է ստանում հիվանդանոցում:
Գաղտնի ծառայությունը հորդորել է մարդկանց խուսափել այդ տարածքից, քանի որ արտակարգ իրավիճակների բրիգադները արձագանքել են Սպիտակ տնից ոչ հեռու տեղի ունեցած հրաձգությանը, որտեղ Դոնալդ Թրամփը փոքր բիզնեսի վերաբերյալ միջոցառում էր անցկացնում:
Սպիտակ տունը կարճ ժամանակով փակվել է, մինչ իշխանությունները հետաքննում էին միջադեպը: Գաղտնի ծառայությունը դրսում գտնվող լրագրողներին ուղեկցել է ճեպազրույցների դահլիճ, իսկ Թրամփը շարունակել է իր միջոցառումը առանց ընդհատումների:



