Ինչպե՞ս ապրել հոգևոր կյանքով
Տեր Հուսիկ քահանա Դոխոլյան, Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ
Ապրել հոգևոր կյանքով, նշանակում է…
– Ապրել հոգևոր կյանքով, նշանակում է նմանվել Քրիստոսին: Ադամը մեղանչելով կորցրեց Աստծո պատկերով ստեղծված սրբությունը, մաքրությունը: Նմանվել Քրիստոսին, նշանակում է՝ գնալ կորցրած պատկերի վերականգնման ճանապարհով: Նշանակում է ոչ միայն կարդալ, նաև ապրել Ավետարանը, կյանքի բոլոր իրավիճակներում փորձել կյանքի կոչել Տիրոջ պատվիրանները: Մենք պետք է սովորենք Ավետարանը մեր կյանքում ապրեցնելու արվեստը: Տերն ասում է. «Սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթեոս 11:29): Հոգևոր կյանքը յուրաքանչյուր մարդու ապրելիք ճանապարհն է, որի ամեն օրը յուրահատուկ է:
Հոգևոր կյանքը ոչ միայն հոգևորականի համար է…
– Հոգևոր կյանքը ոչ միայն հոգևորականի, եկեղեցի այցելող մարդու նաև մյուսների համար է: Չհավատալը մեզ չի ազատում պատասխանատվությունից: Հոգևորականը մարդ է՝ մարմնից, հոգուց, մսից ու ոսկորներից կազմված:
Այսօր ոմանք փնտրում են սրբեր. կեղծ օրակարգ է: Սրբեր չփնտրե՛նք: Ճիշտ է, մենք ունենք կոչ Աստվածաշնչից՝ լինելու սուրբ, ինչպես մեր երկնավոր Հայրն է, բայց քրիստոնեությունը ոչ թե սրբերի կրոն է, այլ սրբացման ճանապարհ: Մենք սուրբ չենք, այլ սրբության ճանապարհի ճանապարհորդներ: Բոլորս մեղավոր ենք և պետք է ապաշխարենք:
Հոգևոր մարդը նա է, ով…
– Հոգևոր մարդը նա է, ով ամբողջությամբ նվիրված է Տիրոջը և Աստծով է լուծում բոլոր խնդիրները: Երբ ասում ենք հոգևոր, նկատի ունենք՝ ուժեղ մարդ: Սրբերի վարքը ցույց է տալիս, թե նրանք որքան սկզբունքային և ուժեղ բնավորություն ունեցող մարդիկ էին, ինչն իրենց տվել է հոգևորը:
Եթե մարդու հոգևոր կյանքը պետք է լինի միայն օրենքներով շղթայված, եթե մարդը գնում է եկեղեցի, որպեսզի պարզապես դրական նշան դնի հոգևոր կյանքի գրաֆիկի մեջ, սա հոգևոր կյանք չէ, և սա քրիստոնյայի նպատակը չէ: Հոգևոր կյանքը խորքային ըմբռնմամբ է: Քրիստոնյան աղոթքի մեջ փնտրում է Աստծուն, երկխոսություն Նրա հետ: Քրիստոնյան նա է, ով Քրիստոսով հաղթել է մահվանը և դրա սարսափներին:
Հոգևոր կյանքը մեզ տալիս է…
– Հոգևոր կյանքը մեզ տալիս է հնարավորություն՝ փնտրելու Աստծուն: Անձի այս կատարելագործումը մեզ տալիս է խաղաղություն, ուժ՝ դիմակայելու, գիտակցություն, իմաստություն՝ կյանքի տարբեր իրավիճակներում առաջ շարժվելու: Քրիստոնեությունն այն ճանապարհն է, որն օգնում է չսխալվել: Գնալով այս ճանապարհով մարդը նաև դառնում է սիրված իր ընտանիքի, հասարակության կողմից: Մեր կյանքն ակնթարթ է հավիտենականության մեջ և այդպես արժեքավոր է հոգևոր կյանքը մարմնավորից: Մինչև չլուծենք մեր հոգևոր կյանքի խնդիրները, չսպասենք հաջողության աշխարհիկ կյանքում:
Պետք է…
– Ամեն մեկս պետք է սկսենք մեզնից: Քրիստոնյան խորքային գիտակցություն ունեցող անհատ է: Ունենանք խորքային գիտակցություն մեր հոգու մեջ: Եթե ապաշխարությունը խորքային է, ունենում է պտուղներ, զղջում ենք, ապաշխարում: Եթե չունենք մեղքի խորը գիտակցություն, նորից ընկնում ենք դրա մեջ:
Ո՞վ է մեր Տերը. ոմանց համար Աստված է, ոմանց համար էլ՝ իրենց ցանկությունները: Աստծո առաջ կանգնելով կարողանանք ուրանալ մեր անձը: Պողոս առաքյալն ասում է՝ ուզում եմ ձեր մեջ տեսնել Քրիստոսին: Ի՞նչ է սա նշանակում, տեսնել մարդիկ, որոնք պատրաստ են խաչակրությանը՝ ամեն մեկն իր չափով: Այդ խաչը պիտի տանենք, մեր ճանապարհն է: Սա է մարդու փրկության ճանապարհը՝ խաչակրության սերը:
Պատրաստեց Անի Ավագյանը
qahana.am



