Նոր հարվածներից հետո Արաղչին հայտարարել է, որ մերձավորարևելյան ճգնաժամը ռազմական լուծում չունի

Հորմուզի նեղուցում իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ «քաղաքական ճգնաժամը ռազմական լուծում չունի», հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

X-ում գրառման մեջ Արաղչին նաև նշել է, որ Պակիստանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են։

«ԱՄՆ-ն պետք է զգույշ լինի, որ չարամիտների կողմից կրկին չներքաշվի ճահճի մեջ։ Նույնը պետք է անի նաև ԱՄԷ-ն։ «Ազատություն նախագիծը» «Փակուղի նախագիծ» է», – հավելել է դիվանագետը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր «Ազատություն նախագիծ» գործողությունը մեկնարկելու մասին, որի շրջանակում ամերիկյան ուժերը պետք է Հորմուզի նեղուցից ուղեկցեին և դուրս բերեին այնտեղ արգելափակված առևտրային նավերը։ Իրանը հայտարարել էր, որ ցանկացած նավ, որը նեղուցը կանցնի առանց իր թույլտվության, հարվածի տակ կհայտնվի։

Այս հայտարարություններից հետո, ըստ Reuters գործակալության, ԱՄՆ-ն և Իրանը նոր հարվածներ են փոխանակել Պարսից ծոցում։ Հորմուզի նեղուցում արգելափակված մի քանի նավ հայտնել է պայթյունների և հրդեհների մասին։

ԱՄՆ-ն հայտարարել է, որ ոչնչացրել է վեց փոքր ռազմական նավակ։ Իրանը հերքել է այս լուրը։ Իր հերթին, Իրանը հրթիռներով հարվածել է Արաբական Միացյալ Էմիրությունների նավթային նավահանգիստներից մեկին, որտեղ գտնվում է ամերիկյան խոշոր ռազմաբազա։ Նավահանգստում հրդեհ է բռնկվել։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն հայտարարել է, որ ամերիկյան երկու առևտրային նավ ռազմածովային ուժերի ականակիր նավերի ուղեկցությամբ անցել է Հորմուզի նեղուցով։

Միևնույն ժամանակ Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործողությունների գործակալությունը հայտարարել է, որ ԱՄԷ-ի ափերի մոտ երկու նավ հարվածի է ենթարկվել, իսկ էմիրաթական պետական նավթային Adnoc ընկերությունը հայտնել է, որ իրանական անօդաչուները հարվածել են իր դատարկ նավթային լցանավերից մեկին։

Իր հերթին, Օմանը հայտնել է, որ երկրի Բուխա քաղաքում բնակելի շենք է թիրախավորվել։ Երկու օտարերկրացի թեթև վիրավորվել է, չորս մեքենա՝ վնասվել։ Մոտակա տան ապակիները կոտրվել են։ Օմանի իշխանությունները չեն հայտնել՝ արդյոք այս միջադեպը եղել է հարձակման հետևանքով, նաև չեն հայտնել հարձակման աղբյուրը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031