Ալիևը լայաղ չի արել՝ գա, Բաքվից տեսակապով հաթաթա է տալիս, սա ասում է՝ երազում եմ՝ հաջորդ տարի Բաքու գամ. նորմա՞լ է. Հայկ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանը Երևանում մայիսի 4-ին և 5-ին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի և ԵՄ-Հայաստան 1-ին գագաթնաժողովի միջոցառումները փորձում է վերածել իր նախընտրական քարոզարշավի մի մասի, և ակնհայտ է, որ եվրոպական առաջնորդների այդ աջակցության դիմաց նա Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ։ Այս մասին 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը՝ խոսելով գագաթնաժողովի կապակցությամբ Երևանում տեղի ունեցած բողոքի ինքնաբուխ ակցիաների ընթացքում բարձրաձայնված խնդիրների, մասնավորապես՝ Փաշինյանի կառավարության կողմից իրականացվող հակաժողովրդավարական գործընթացների և մարդու իրավունքների խախտումների մասին։

«Ակցիաների նպատակն էր՝ բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որոնց մասին Փաշինյանը չի խոսում։ Բնականաբար, չի խոսում իր կողմից իրականացվող հակաժողովրդավարական գործընթացների՝ քաղբանտարկյալների, բռնաճնշումների մասին։ Բնականաբար, չի խոսում Բաքվում պահվող հայ գերիների և ռազմագերիների մասին։ Բնականաբար, չի խոսում օկուպացված տարածքների մասին։ Բնականաբար, չի խոսում մշակութային և քրիստոնեական կոթողների ավերման մասին։ Եվ այսպես շարունակ։

Մեր նպատակն էր՝ հնչեցնել այս բոլոր իրողությունները եվրոպացի մեր գործընկերներին։ Շատերը կարող են ասել՝ իրենք դա գիտեն։ Հա, իհարկե գիտեն։ Պարզ է, որ իրենց աշխարհաքաղաքական շահերից է բխում այդ մասին չխոսելն ու լուռ մնալը, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է ևս մեկ անգամ դա բարձրաձայնենք, ինչի համար և Հանրապետականը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքական ուժեր, միանալով այդ կոչին, իրականացրել են տարբեր ակցիաներ»,- պարզաբանեց ԱԺ պատգամավորը։

Կարդացեք նաև

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում՝ ԵԽԽՎ-ում, Հայաստանի պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը հիշեցնում է՝ եվրոպական կարևորագույն արժեքներից են քրիստոնյա-դեմոկրատական արժեքները, մինչդեռ Փաշինյանը փաստացի դեմ է գնում և՛ քրիստոնեությանը, և՛ դեմոկրատիային։

Սակայն եվրոպական առաջնորդները, ինչպես նկատում է Մամիջանյանը, հիմա այդ մասին չեն խոսում, որովհետև Փաշինյանը Եվրոպային շատ լավ գնով «ծախվող» ապրանք ունի՝ հակառուսականությունը։

«Այդ մասին նրանք հիմա չեն խոսում, որովհետև Փաշինյանը մի ապրանք ունի, որը կարողանում է լավ գնով «ծախել» Եվրոպային՝ հակառուսականությունը։ Ընդ որում, դրա վերջը շատ վատ է լինելու։ Շա՜տ։ Ոչ թե այն պատճառով, որ մի կողմն ուժեղ է, մյուս կողմը՝ թույլ։ Ես այդ մասին չեմ խոսում։

Ես խոսում եմ այն մասին, որ ցանկացած ղեկավար, որը հանդգնել է իր երկիրը դարձնել աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ, շա՜տ վատ ավարտ են ունենում այդ գործողությունները երկրի համար։ Երբ երկու փիղ ինչ-որ տեղում մենամարտում են, երբեք չես կարող ասել՝ փղերից որ մեկը կհաղթի, բայց մենամարտի վայրը հաստատ ավերակ է լինելու։ Ես դեմ եմ, որ Հայաստանը լինի այդ վայրը։ Փաշինյանը պատրաստ է դա անել, միայն թե վերընտրվի»,- կարծում է պատգամավորը։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն անում է ծառայամտություն Ադրբեջանի և Թուրքիայի համար.

«Այսօրվա ակցիայի ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը մի լավ ձևակերպում արեց. «Փաշինյանը խոստանում է տանել մեզ Բրյուսել, բայց իրականում տանում է Անկարա։ Եթե երկու բառով՝ մենք հենց դրա մասին ենք խոսում։ Հայաստանի այսօրվա կառավարիչները միայն մեկ հետաքրքրություն ունեն՝ վերընտրվել»։

Այս համատեքստում Հայկ Մամիջանյանն ահազանգում է ամենամեծ վտանգը.

«Պարզ է, չէ՞, որ աշխարհաքաղաքական բոլոր ուժերը, մասնավորապես՝ Եվրոպան, Միացյալ Նահանգները, Թուրքիան, Ադրբեջանը, գիտեն, որ Փաշինյանի նպատակն է վերընտրվել հունիսի 7-ի ԱԺ ընտրություններում։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ խոցելիություն է։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչեր են իրենք այս ընթացքում պոկելու, իսկ ամենաահավորը՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ խոստումներ են պոկելու։ Մենք ունենք մեկ ամսվա ժամանակահատված, որտեղ Փաշինյանը պատրաստ է խոստանալ ամեն ինչ, միայն թե իրեն չխանգարել վերընտրվել»։

ԱԺ պատգամավորն այս ընդհանուր համապատկերի մեջ ուշադրություն հրավիրեց ԵՔՀ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ տեսակապով ելույթի վրա՝ նշելով, որ Ալիևը տեսակապով հանձնարարականներ էր տալիս դեպի Երևան.

«Եթե առաջ Ալիևը հանձնարարականները Փաշինյանին տալիս էր հանդիպումների ժամանակ կամ WhatsApp-ով, այսօր նա տեսակապով Երևան հանձնարարականներ էր տալիս։ Ալիևը հաթաթա էր տալիս եվրոպացիներին, թե՝ «մի անգամ էլ խոսացիք հուշակոթողների մասին՝ ինձնից չնեղանաք»։ Հասկանո՞ւմ եք, Ալիևը լայաղ չի արել՝ գա, ներեցեք խոսակցական բառի համար, Բաքվից տեսակապով հաթաթա է տալիս, սա՝ Փաշինյանը, այստեղից ասում է՝ «Ես ուզում եմ հաջորդ տարի գնալ Բաքու»։ Դա նորմա՞լ է։

Նորից վերլուծենք այս իրավիճակը. օտարը, «խալխը» տարբեր ձևերով՝ ոչ միշտ այնպես, ինչպես մենք ենք ուզում, բայց ամեն դեպքում խոսել է մի քանի հարցերի մասին՝ գերիներ, կոթողներ, օկուպացիա, և այլն, սրանք հերիք չի՝ չեն խոսել, մի հատ էլ Ալիևին հարթակ են տվել, որ Երևանում միջոցառման ժամանակ նա թքած ունենա ու չգա ու չգալով՝ Բաքվից ասի՝ «Սրանից հետո մեկն էլ հայերի իրավունքները պաշտպանեց՝ ինձնից չնեղանաք»։ Տրամաբանորեն դրանից հետո Հայաստանի կառավարչի խոսքը ո՞րը պետք է լինի, որ՝ «դու էս ի՞նչ ես ասում», բայց ասում է. «Երազում եմ՝ հաջորդ տարի Բաքու գամ»։ Նորմա՞լ է»։

Ընդդիմադիր պատգամավորը կոչ է անում վերջ տալ ադրբեջանական կողմին անդադար միակողմանի զիջումներ անելու քաղաքականությունը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ախորժակը սահմաններ չունի.

«Հո գժի դա՞ր չի։ Երբեք չի գալու այն սահմանը, որ Ադրբեջանն ասի՝ դե լավ, հերիք ա, դե լավ, էլ չեմ ուզում… Ես շատ ուզում եմ, որ բոլորը հասկանան՝ իրավունքների բարձրաձայնումը պատերազմի հայտարարություն չէ։ Սահմանադրությունը փոփոխելուց հետո, եթե սա մնա իշխանության, նոր պահանջ է առաջ գալու, զինանշանի փոփոխություն է լինելու, դրոշի, թուրքական ֆես հագնելու պարտադիր պայման է լինելու, չգիտեմ՝ էլ ինչ է լինելու, բայց էդ պահանջները երբեք չեն դադարելու։ Այն, ինչ անում է Փաշինյանը, բարի կամքի դրսևորում չէ, դա ծառայամտություն է…

Նույնիսկ մեր 4-5 տղաների վերադարձը, չնայած Փաշինյանն ասում է՝ բացարձակ կապ չուներ սիրիացի վարձկանների հետ, բայց ախր դա մարազմ ա, հո դու ձեռ չե՞ս առնում մեզ. նույն օրը տեղի է ունենում երկու սիրիացի վարձկան մարդասպանի հանձնում Սիրիային, որ կռվում էին Ադրբեջանի համար, նույն օրը գալիս են մեր 4 գերիները։ Աստծուն փառք, որ եկել են։ Բայց գոնե մի՛ խաբի մարդկանց. դա բարի կամքի դրսևորում չի եղել, դա գործարք է եղել. դու տվել ես երկու սիրիացի մարդասպան… Հետևաբար՝ մենք ֆիքսենք, որ Փաշինյանն անում է ծառայամտություն Ադրբեջանի և Թուրքիայի համար»։

Մամիջանյանի խոսքով՝ Փաշինյանը «գերազանցիկի պես» անում է ավելին, քան իրենից պահանջում են. «Նույնիսկ Արարատ լեռան պատմությունն իրենից ոչ ոք չէր պահանջել»։

Հայկ Մամիջանյանը համոզված է՝ չնայած Արարատի և հայկական այլ խորհրդանիշների ու արժեքների դեմ ներկա արշավին՝ հայրենասիրությունը հայի միջից հանել հնարավոր չէ։

Որպես Հայաստանի նախորդ իշխանությունը կազմած Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ պատասխանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այսօրվա աղմկահարույց հայտարարությանը, թե իբր «8 տարի առաջ ոչ ոք Հայաստան չէր գա, քանի որ Հայաստանը դիտարկվում էր՝ որպես Ռուսաստանի արբանյակ», Հայկ Մամիջանյանը Մակրոնին հիշեցրեց, որ 2018թ. հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը բանակցվել է Հանրապետականի իշխանության օրոք, ոչ թե Նիկոլ Փաշինյանի։

Այս համատեքստում Հայկ Մամիջանյանը հարցադրումներ է անում թե՛ Եվրոպական միությանը, թե՛ Հայաստանի ներկա կառավարիչներին.

«Մի բան էլ եմ ուզում հարցնել՝ բա Եվրոպական միությունը խաբար չէ՞ր, որ մենք որևէ այլ երկրի ազդեցության տակ ենք, ինչի՞ էր մեր հետ CEPA ստորագրում։ Մենք ենք բանակցել CEPA-ն, մենք ենք ստորագրել CEPA-ն 2017-ին, որտեղ գրված է՝ վիզաների ազատականացում, ու լիքը ուրիշ լավ բաներ, որոնք 50 տոկոսով է իրականացրել այս եվրոպամռութ իշխանությունը։ Բա որ էդքան եվրոպամռութ տղերք ես, ինչի՞ եք 50 տոկոսով իրականացրել CEPA-ն»։

Իրականում Մակրոնը ստում էր.  2018-ից առաջ Հայաստան են ժամանել Ֆրանսիայի նախագահներ Ժակ Շիրակը, Նիկոլա Սարկոզին, Ֆրանսուա Օլանդը: Ավելին, 2017 թվականին Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ Հայաստանի և Եվրամիության (ԵՄ) միջև ստորագրվեց համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA), որը վավերացրել են մի քանի տասնյակ եվրոպական երկրների խորհրդարաններ:

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031