Եթե մենք ընդամենը բոքսի տանձիկ ենք, որ ԵՄ-ն իր հարցերն այս ռեգիոնում լուծի ՌԴ-ի հետ, ապա ես որևէ ռակուրսով չեմ ուզում բոքսի տանձիկ լինել․ Զոհրաբյան
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած եվրոպացի առաջնորդների Հայաստան այցը թեև ոգևորել է հատկապես իշխանական ու իշխանամերձ շրջանակներին, սակայն նոր հարցեր է առաջ բերել քաղաքական ու հանրային այն շրջանակներում, որոնք կարծում են՝ ԵՄ-ն այստեղ սեփական աշխարհաքաղաքական խնդիրներն է լուծում, և Հայաստանն այդպես էլ չի հայտնվելու Եվրոպական միությունում։
«Եվրոպական միության գագաթնաժողով է, և այդ գագաթնաժողովը որտեղ էլ լիներ՝ Լուսնի վրա, Ղազախստանում, թե Կոտ Դիվուարում, Ռուանդայում, կամ Սոմալիում, բնականաբար, այսպիսի բարձր ներկայացուցչական պատվիրակություն լինելու էր։ Ու, հետևաբար, զարմանալ և զարմացնել, որ՝ տեսեք, Ուրսուլան է եկել, Մակրոնն է եկել, Կանադայի վարչապետն է եկել, Մեծ Բրիտանիայի վարչապետն է եկել, պետք չէ, որովհետև սա սամիթ է, ու որ երկրում էլ դա լիներ, այդպես էր լինելու,- 168․am-ի հետ զրույցում նշեց ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ապա հավելեց,- Իսկ թե ինչո՞ւ այս կարևորագույն եվրոպական միջոցառման համար ընտրվեց Հայաստանը․ Սա Եվրոպական միության տոտալ աջակցությունն է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրական փուլից առաջ, որովհետև 4 օր հետո սկսում է քարոզարշավը, և, բնականաբար, մենք այսօր և վաղը լսելու ենք բազմաթիվ խոստումներ։
Ես անգամ չեմ բացառում՝ կնքվեն ինչ-որ համաձայնագրեր, հուշագրեր, որ մեզ խոստանան շատ մոտ ապագայում, իսկ իմ տեղեկությամբ՝ դա լինելու է 2028 թ., առանց վիզայի մուտք ԵՄ»։
Սակայն անգամ այս պարագայում Նաիրա Զոհրաբյանը թերահավատ է Հայաստանի՝ եվրոպական հեռանկարին։
«Ի՞նչ է տալու ազատ վիզային ռեժիմը մեր քաղաքացիներին, ովքեր, այդուհանդերձ, այնտեղ չեն ունենալու, օրինակ, աշխատանքի իրավունք և ընդամենը բավարարվելու են 90-օրյա ժամկետում գնալ-գալու հնարավորությունից։ Այդպես ոգևորվել էր նաև Վրաստանը, բայց երբ վրացիները գնացին և հասկացան, որ իրենք այնտեղ չեն կարող աշխատել, որ իրենց աշխատանքի իրավունք չկա, և այլն, այժմ այդ առանց վիզայի ռեժիմից Վրաստանում, իմ տեղեկությամբ, շատ քիչ մարդ է օգտվում․ գնում են, հանգստանում են, հետ են գալիս։
Ես սպասում եմ, որ ԵՄ լիդերները` Ուրսուլան, Մակրոնը և մյուսները, ասեն` տալի՞ս են Հայաստանին անվտանգության երաշխիք, եթե մենք Ռուսաստանի հետ խզում ենք հարաբերությունները․ եթե տալիս են (իսկ ես կարծում եմ, որ չեն տալիս, բայց եթե ես սխալ եմ կարծում, և տալիս են)՝ արդյո՞ք մեր գյուղատնտեսական ապրանքները կարողանալու են գնալ ԵՄ շուկա։ Ես կարծում եմ` ոչ, բայց եթե իրենք կասեն` այո, լավ․ մենք տեսնում ենք, չէ՞, արդեն «Վայլդբերրիզ»-ում և «Օզոն»-ում ինչ խնդիրներ է առաջացել մեր փոքր տնտեսվարողների համար, տեսնում ենք, չէ՞, ձուկը չեն կարողանում արտահանել, ծաղիկը չեն կարողանում, առաջիկայում նույն խնդրի առջև կանգնելու է ծիրանը։
Ես, իհարկե, ուրախ եմ, որ վերջապես մենք տրամաբանական գներով ծիրան կուտենք, որովհետև թույլ չի տալու Ռուսաստանը, որ գնա, բայց իմ ուրախությունը բնավ կապ չունի, որ ֆերմերները, ովքեր հսկայական վարկեր են վերցրել ծիրանի հազարավոր հեկտարների համար, հայտնվելու են կատաստրոֆայի շեմին։
Ես, իհարկե, ինքս բազմաթիվ հարցեր ունեմ Ռուսաստանին, բազմաթիվ հարցեր, բայց ՌԴ տված հնարավորությունների կեսը Եվրոպական միությունը տալո՞ւ է, թե՞ ընդամենը, ինչպես երեկ գրել էր «Le Figaro»-ն, Եվրոպական միությունն օգտագործում ա Նիկոլ Փաշինյանի ռեժիմը՝ որպես տորպեդահարում, բարիեր Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստանում՝ Ռուսաստանի դեմ։
Եթե մենք ընդամենը բոքսի տանձիկ ենք, որ ԵՄ-ն իր հարցերն այս ռեգիոնում լուծի Ռուսաստանի հետ, ապա ես որևէ ռակուրսով չեմ ուզում բոքսի տանձիկ լինել, իսկ եթե ԵՄ-ն առաջարկելու է ալտերնատիվ մեր տնտեսությանը, մեր գյուղատնտեսությանը, մեր շուկաներին՝ լավ, բայց ես վստահ եմ, որ դա չի լինելու»։
Քաղաքական գործիչն այս համատեքստում հիշեցրեց՝ տարիներ առաջ, երբ Մարոկկոյից ԵՄ փոքր-ինչ շատ է ներկրվել նարինջ և բանջարեղեն, Իտալիայի, Իսպանիայի, Հունաստանի ֆերմերները ցույցերով հակազդեցին։
«Այսինքն՝ թույլ չեն տալու, չէ՞, Հայաստանից որևէ, այն էլ՝ մեր խայտառակ անորակ, օրինակ, լոլիկը, որ ամբողջը սելիտրա, պարարտանյութ է։ Այդ ամբողջ բանակցությունները նաև խորհրդարանի մասով ես եմ տարել․ որպեսզի լինի ստանդարտացման սերտիֆիկատ, որ քո արտադրանքը համապատասխանում է ԵՄ չափանիշին, ամեն անգամ ստուգման համար տնտեսվարողը պիտի վճարի 50.000 եվրո․ դե մի հատ հաշվեք՝ այդ ծիրանն ինչո՞վ է տանելու, ինքնաթիռով տանելու է, այդ ծիրանի գինը լինելու է մինիմումը 40 եվրո։ Ո՞վ է առնելու։
Ես հասկանում եմ, որ շատ ոգևորիչ է, երբ «Մարիոթի» դիմացով, շատ սպորտային կազմվածքով՝ վազում է Մակրոնը, դա փիառ առումով հրաշալի է Նիկոլի համար, բայց եկեք հաշվարկենք դրա հետևանքները Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։
Իսկ գլոբալ առումով, եթե շատ անկեղծ ենք խոսում, այո, հաշվի առնելով մեր հանրության մենթալիտետը, ես ուղղակի վստահ եմ, որ սա նախընտրական մի այլ ձևի բոնուս էր Նիկոլ Փաշինյանին»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը։



