Իրանական հակամարտության հետքը Հայաստանի տնտեսության վրա

Հայաստանի տնտեսության վրա աստիճանաբար զգացվում է իրանական հակամարտության շունչը։ Տնտեսական ակտիվությունը գնալով թուլանում է։ Մինչև հակամարտության մեկնարկն էլ ակտիվությունը սկսել էր թուլանալ, բայց հակամարտությունից հետո թուլացման տեմպերն արագացել են։

Մարտին, նախորդ ամսվա համեմատ, տնտեսական ակտիվության տեմպը 0.6 տոկոսով դանդաղել է՝ կազմելով 6.6 տոկոս։ Մինչ այդ գերազանցում էր 7 տոկոսը, իսկ հունվարին նույնիսկ 7.6 տոկոսի էր հասել։

Եռամսյակի տվյալներով, տնտեսական ակտիվությունն իջել է 7.1 տոկոսի։

Աճի տեմպն էապես ընկել է հատկապես արդյունաբերության մեջ։ Տարեսկզբի առաջին 2 ամիսներին տպավորություն էր, որ արդյունաբերության մեջ «աննախադեպ աճերի» ժամանակաշրջան է սկսվել, փետրվարին աճը հասել էր գրեթե 24 տոկոսի։ Բայց պարզվեց՝ դա էլ խաբուսիկ է։ Մարտին արդյունաբերության աճը նախորդ տարվա նկատմամբ իջավ ընդհուպ 7 տոկոսի, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ նույնիսկ անկում գրանցվեց։

Կարդացեք նաև

Թե հատկապես ո՞ր ոլորտների հաշվին է տեղի ունեցել այս կտրուկ տեղաշարժը, հնարավոր կլինի ասել այն բանից հետո, երբ կհրապարակվեն տնտեսական ցուցանիշների վերաբերյալ բացվածքները։

Մինչ այդ՝ կարելի է ենթադրել, որ դա եղել է առաջին հերթին՝ հանքարդյունաբերության, նաև հայկական արտադրության անվան տակ իրականացվող որոշ ապրանքների վերաարտահանումների կրճատման հետևանքով։

Եռամսյակի տվյալներով, հատկապես նախորդ շրջանի բարձր աճերի շնորհիվ, արդյունաբերության մեջ, այնուհանդերձ, 13.4 տոկոսանոց աճ է գրանցվել։ Թվում է՝ էլի վատ ցուցանիշ չէ։ Բայց, երբ հետ ենք նայում ու տեսնում, որ դա տեղի է ունեցել անցած տարվա նույն ժամանակահատվածի 18.5 տոկոս անկումից հետո, պատկերն ամբողջանում է։

Նման կտրուկ անկումներից հետո հերոսություն չէ այսպիսի աճեր գրանցելը, երբ անգամ նախորդ տարվա կորցրածը չի հաջողվել վերականգնել։

Տխուր է հատկապես գյուղատնտեսության վիճակը։ Անցած տարի, երբ տարիներ շարունակ տեղի ունեցած անկումից հետո, գյուղատնտեսության մեջ որոշ աճեր գրանցվեցին՝ աշխարհով մեկ էին եղել, համաշխարհային մակարդակի աղմուկ էին բարձրացրել։ Գլուխ էին գովում, թե գյուղատնտեսության մեջ իրականացված ծրագրերը սկսել են տալ իրենց արդյունքը։ Հիմա տեսնում ենք, թե այդ ծրագրերն ինչ արդյունք են տվել։

Գյուղատնտեսությունը կրկին անկումային է։ Այս տարվա առաջին եռամսյակում գյուղմթերքների արտադրությունը 5.2 տոկոսով կրճատվել է։

Թե ո՞ւր մնացին գյուղատնտեսության մեջ իրականացվող զարգացման ծրագրերը, մնում է միայն գուշակել։ Բյուջեի հաշվին միլիարդների հասնող տարբեր ծրագրեր են ֆինանսավորում, սուբսիդիաներ են տրամադրում, վարկերի տոկոսներն են մարում բյուջեի հաշվին, իսկ արդյունքներն ահա այսպիսին են։ Այս իրավիճակը մեկ անգամ ևս վկայում է, որ գյուղատնտեսության մեջ իրականացվող ծրագրերն արդյունավետ չեն, փողը ծախսում են, իսկ արդյունքը չի երևում։

Մի տարի գյուղատնտեսությունը մի փոքր աճեց, այս տարի կրկին հայտնվել է անկման մեջ։

Փետրվարին, հատկապես հանքահումքային ապրանքների արտահանման ակտիվացման արդյունքում գրանցված որոշ աճից հետո, մարտին արտաքին առևտուրը կրկին անկումային է եղել։ Նվազել են՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման ծավալները։ Նվազել են՝ ինչպես նախորդ տարվա, այնպես էլ՝ նախորդ ամսվա համեմատ։ Նախորդ տարվա համեմատ՝ արտահանման անկումը հասնում է գրեթե 13 տոկոսի։ Ներմուծումն էլ նվազել է 3.2 տոկոսով։

Այս նվազումները տեղի են ունեցել նախորդ տարվա գահավիժումից հետո։ Նախորդ տարվա մարտին արտահանման անկումը գերազանցում էր 65 տոկոսը, ներմուծմանը՝ 51 տոկոսը։

Այսպիսի շեշտակի անկումներից հետո, այս տարվա մարտին՝ ինչպես արտահանման, այնպես էլ՝ ներմուծման ծավալները շարունակել են նվազել։

Էապես դանդաղել է ներքին առևտրի շրջանառության աճը։ Եռամսյակի տվյալներով, այն կազմել է հազիվ 2.1 տոկոս, իսկ մարտին գրեթե զրոյական է եղել, աճել է ընդամենը 0.2 տոկոսով։

Ներքին առևտրի, մասնավորապես՝ մանրածախ առևտրի շրջանառությունն ուղիղ կապ ունի քաղաքացիների՝ ինչպես սպառողական պահանջարկի, այնպես էլ՝ վճարունակության հետ։ Այս չնչին աճերը ցույց են տալիս, որ քաղաքացիների վճարունակ պահանջարկի առումով գրեթե առաջընթաց չկա։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, որ վերջին շրջանում գնաճի, առավել ևս՝ սննդամթերքի գնաճի տեմպերն էապես ակտիվացել են։ Մարտին սննդամթերքի գնաճը հասավ գրեթե 8 տոկոսի, իսկ սննդամթերքն այն հիմնական ապրանքախումբն է, որը տեղ է գտնում քաղաքացիների մեծ մասի սպառողական պահանջարկի մեջ։

Նախորդ մի քանի տարիների նման, այս տարի էլ Հայաստանի տնտեսության ու տնտեսական աճի հիմնական հույսը շինարարությունն է։ Շինարարության մեջ բարձր աճեր են գրանցվում, բայց այդ աճերը ոչ միայն համակարգային ու կայուն չեն, այլև առանձնապես հավելյալ արժեք չեն ստեղծում։ Այդպիսի աճերի վրա անիմաստ է խոսել  տնտեսության զարգացումների ու հասարակության սոցիալական վիճակի բարելավումների մասին։

Ծառայություններն էլ են շարունակում մնալ տնտեսական աճի առանցքային հատվածներից մեկը, որտեղ աճերը շատ հաճախ գալիս են ֆինանսական համակարգից, խաղային բիզնեսից, որոշ չափով՝ նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտից։ Այս 3-ից, անշուշտ, կարևորը ՏՏ-ն է, սակայն ՏՏ դերը ծառայությունների մեջ մեծ չէ՝ հազիվ 7-8 տոկոսի սահմաններում է, գրեթե կրկնակի զիջում է ֆինանսական համակարգին։

Տարեսկզբին այսպիսին է եղել Հայաստանի տնտեսության ակտիվության պատկերը։ Դրա կառուցվածքն ու ոլորտային բաշխվածությունը ցույց է տալիս, որ այն կրկին խնդրահարույց է, շարունակում է հիմնված լինել ոլորտների վրա, որոնք հեռանկարային չեն տնտեսական զարգացումների առումով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031