Իրանական մեծահոգություն կամ «ադալժենիներ»` Հայաստանին
«Ամերիկացիները մշտապես հետամուտ են տարածաշրջանում իրանաֆոբիա ստեղծելուն, բայց հարևանները շատ լավ գիտեն, որ Իրանն իրենց լավագույն բարեկամն է»,- այսօր մի խումբ լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին` խոսելով Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող սանկցիաների և այս համատեքստում հայ-իրանական հարաբերությունների մասին:
Խոսքը վերաբերում էր Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի` մայիսի 22-ին արած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի դեսպանը մասնավորապես ասել էր. «Շնորհակալ ենք Հայաստանին՝ Իրանի դեմ պատժամիջոցներին հետևելու համար»:
Իր հերթին՝ Իրանի դեսպան Ռեյիսին հիշեցրեց, որ նախկինում ևս արևմտյան երկրներից մեկի դեսպանը տեսակետ էր հայտնել Հայաստանի ներքին խնդիրների վերաբերյալ, ինչի մասին ինքը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ որևէ մեկը, հատկապես՝ դիվանագետն, իրավունք չունի միջամտելու երկրի ներքին գործերին և խառնվելու Հայաստանի` մեկ այլ երկրի հետ հարաբերությունների հարցին:
«Դուք Իրան-Հայաստան հարաբերություններում որևէ փոքրիկ ոչ բարեկամական արտահայտություն չեք տեսնի… Հայերը շատ լավ գիտեն, որ բարեկամն ու թշնամին իրենց ցույց են տալիս դժվարության պահերին»,- ասաց Մ. Ռեյիսին` հիշեցնելով, որ Իրանի իսլամական հեղափոխությունից (1979 թ.) անմիջապես հետո երկիրը ենթարկվել է պատժամիջոցների, սակայն այդ պայմաններում էլ Իրանը տեխնոլոգիական մեծ առաջընթաց է ունեցել:
«Չնայած այդ բոլոր պատժամիջոցներին` մենք պատրաստ ենք համագործակցել երկու նախագծերի շուրջ, որոնք չափազանց կարևոր են Հայաստանի համար: Մենք մի քանի տարի շեշտում ենք, որ Հայաստանի հետ երկաթգիծը պետք է կառուցվի: Ես վստահ եմ` երկաթգիծը կառուցելու դեպքում ամեն շաբաթվա վերջում` շաբաթ-կիրակի օրերին, նվազագույնը 5000 իրանցիներ՝ որպես զբոսաշրջիկ, կգան Հայաստան: Բազմաթիվ անգամ Հայաստանին հայտարարել ենք` երբ սկսեք Հայաստանի տարածքում կառուցել ձեր հատվածը, մենք իրանական տարածքի այն հատվածը, որը մեզ համար հիմա այնքան էլ իմաստ չունի, պատրաստ ենք կառուցել, որպեսզի այն սահմանափակումները, որոնք ստեղծվել են Հայաստանի համար, վերանան»,- այսպիսի հայտարարարություն արեց Իրանի դեսպան Մ. Ռեյիսին` ավելացնելով, որ Իրանը նաև ֆինանսավորում է Արաքս գետի վրա հէկ-ի կառուցումը, որը կազմում է մոտ 500 մլն ԱՄՆ դոլար, ինչպես նաև՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին, որն Իրանը կկապի Վրաստանի հետ:
«Հիմա մի կառավարություն (խոսքն ԱՄՆ-ի մասին է.- Ա.Ս.), որի ներկայացուցիչը գալիս ու նման բան է հայտարարում, քանի՞ նման նախագծի է աջակցություն ցուցաբերել»,- հարցը հնչեցրեց Մոհամմադ Ռեյիսին:
Այնուամենայնիվ, Իրանի դեսպանի որոշ շեշտադրումներին փորձեց հակադարձել «Ազգ» թերթի ներկայացուցիչ, թուրքագետ Հակոբ Չաքրյանը` կասկած հայտնելով դեսպանի այն արտահայտության վերաբերյալ, թե Հայաստան-Իրան երկաթգիծն «Իրանի համար այնքան էլ իմաստ չունի»:
«Բայց այդ երկաթգծով Իրանի Իսլամական Հանրապետությունը Սև ծով է դուրս գալու, իսկ Իրանը տարածաշրջանում կշիռ ունեցող պետություն է, և կարծում եմ` այդ երկաթգծի կառուցումը կամրապնդի Իրանի դիրքերը, մի՞թե Սև ծով դուրս գալն Իրանին պետք չէ»,- նկատեց Հակոբ Չաքրյանը:
«Մենք ունենք այլընտրանքային ուղիներ, օրինակ՝ Թուրքիայի միջոցով, գուցե դա մեզ համար օգտակար լինի, այո՛, բայց այս պահին անհրաժեշտություն չէ»,- ի պատասխան ասաց Իրանի դեսպանը` նշելով, որ Իրանը երկրի հյուսիսարևելյան սահմանին գտնվող Մաշհադ քաղաքի միջոցով կապվում է Ղազախստանի, Ռուսաստանի, Չինաստանի և Միջին Արևելքի հետ, և նաև կարող է դուրս գալ Եվրոպա, բացի այդ` Իրանը երկաթգիծ ունի դեպի Պակիստան, Հնդկաստան և Պարսից Ծոց:
«Բայց դրա հետ մեկտեղ՝ նաև այն համոզմանն ենք, որ որքան այդ ուղիները շատ լինեն, դրանից կշահեն բոլոր երկրները… Այդ երկաթգիծը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, մենք էլ դրանից օգուտ կքաղենք, այնպես չէ, որ մենք որևէ օգուտ չենք ունենա»,- ավելացրեց Մ. Ռեյիսին:
Ավելացնենք, որ Իրանի դեսպան Ռեյիսին լրագրողների հետ զրույցում նմանատիպ` «մեծահոգություն» ցույց տվող արտահայտություն արեց նաև մեկ այլ ոլորտի վերաբերյալ` խոսելով Իրանից Հայաստան բնական գազի մատակարարման պայմանագրի մասին, որը, ինչպես հայտնի է, իրականացվում է Հայաստանից արտահանվող էլեկտրաէներգիայի դիմաց:
«Պետք է նկատի ունենանք, որ Իրանն ինքն այդպես էլեկտրաէներգիայի կարիք չունի, որովհետև նա ինքն արտահանում է էլեկտրաէներգիա տարբեր երկրներ, այդ թվում` Իրաք և այլն, սակայն, ամեն դեպքում, որպեսզի ինչ-որ ձևով նպաստենք նրան, որ ինչ-որ կերպ լուծվեն Հայաստանի խնդիրները և դժվարությունները, դեռևս հավատարիմ ենք այդ պայմանագրին»,- ասաց Մոհամմադ Ռեյիսին: