Փաշինյանն իր կուսակիցներից թաքցրե՞լ է պատերազմի սկսվելու փաստը

 Սու-30-ների պատվերը ԳՇն է տվել, Փաշինյանը դրանից չի հասկանում

Դեռ 2025 թվականի ապրիլին էինք գրել, որ Սու-երով քաղաքական PR արած իշխանությունը դրանց ձեռքբերման «մեղքը» գցում է զինվորականության վրա և նրանց ոչ յուրային համարում: Համապատասխան հոդվածի համար հիմք էր ծառայել այս տարվա  ապրիլի 15-ին ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի արած, մասնավորապես,  հետևյալ հայտարարությունը.

«Կամ՝ էդ որ ասում եք՝ Սուերը բերել եք, էդ կարո՞ղ է մենք տենց նստել ենք, մենյուն բացելնայել, թե ինչ վերցնենք: Ձեր զինվորականներն են խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են՝ մեզ էս է պետք կամ էն է պետք»:

Այս պնդումն Ալեն Սիմոնյանը կրկնել է  օրերս ArmComedy-ին (ԼուրջCast) տված հարցազրույցում:

Կարդացեք նաև

«Ձեզ թվում է, որ  կառավարության շենքի մեջ վարչապետը կամ որևիցե մեկը նստել և հեռուստացույցով Սու է տեսել, ասել է՝ վա՛յ, ինչ սիրուն «մեքենա» էմի հատ սրանից չառնե՞նք։ Եղել է հետևյալ տրամաբանությունը. Պաշտպանության նախարարությունը, Գլխավոր շտաբն ասում է՝ ես ունեմ  էս,  էս, էս  պահանջը, կառավարությունն ասում է՝ ձեր բոլոր պահանջները բավարարելու ենք։ Այդ պահանջը եղել է գրավոր, ասել են՝ մեզ Սու-30 է պետք, ասել ենք՝ վստա՞հ եք, ասել են՝ այո:  Դե, օքեյ, փողը տալիս ենք։ Բանակն  ինչ պատվեր տվել է, կառավարությունն էլ դրա փողը տվել է՝ 2018-ից սկսած։ Սուերի պատվերը եղել է Գլխավոր շտաբինը։ Մենք զինվորական չենք, և չենք մտել…, աշխատել ենք չմտնել դրա մեջ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Ի դեպ, Սու-30-ների ձեռքբերմանը կողմ են եղել  ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, բայց այն սեփական քաղաքական PR-ին է ծառայեցրել Նիկոլ Փաշինյանը, և ոչինչ, որ մի առիթով նա ևս հայտարարել է, թե ինքը «պարտավոր չի փորձագետ լինել՝ է՞ս օդանավը, է՞ս օդանավը, թե՞ էն օդանավը…»:

Եվ ոչինչ, որ  2018 թվականին Փաշինյանի ընտանեկան թերթը «Սու-30. քայլ դեպի «սանձահարման» դոկտրին» վերտառությամբ հոդված էր հրապարակել։

Ավելին, Նիկոլ Փաշինյանը նույն այդ Սու-երը համարել է մեծագույն ձեռքբերում անգամ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո՝ 2023 թվականին, Քննիչ հանձնաժողովում:

Արդյո՞ք արդարացում է մասնագետ չլինելը, եթե այսպես նայենք, ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանը որէ հարցում մասնագետ չէ՝ դիվանագետ չէ, տնտեսագետ չէ, իրավաբան չէ, սահմանադրագետ չէ, հոգևորական չէ, և ի՞նչ, մտնում է, չէ՞, նման թեմաների մեջ, օրենքի սահմանում և օրենքից դուրս հանձնարարականներ տրվում են, չէ՞, նրա կողմից:

Բայց չմտնենք ոչ ռազմական հարթություն, մեր խնդիրը դա չէ: Փոխարենը  հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը դեռ 44-օրյա պատերազմից առաջ էր հայտարարել, որ ինքն է գերագույն հրամանատարը, հանկարծ չկասկածեն իր ունակությունների վրա: «Էս էլ մեր գերագույն հրամանատարն ա. #Չշշկռեք»,- 2020թ. սեպտեմբերի 30-ին Ֆեյսբուքում գրել էր Արարատ Միրզոյանը:

44-օրյա պատերազմի ժամանակ էլ թեև ռազմական դրություն էր հայտարարված, Փաշինյանը ևս իրեն գերագույն հրամանատարի լիազորություններ էր վերապահել, ինչը ենթադրում էր նաև ռազմական որոշումների կայացում:

Մեկ անգամ չէ, որ հարցադրում ենք արել՝ Արցախի 7-րդ պաշտպանական շրջանի հետ կապված պատերազմի ընթացքում ի՞նչ կարգավիճակով և իրավունքով է Նիկոլ Փաշինյանը միանձնյա որոշում կայացրել՝ անկախ դրա լավ և վատ լինելուց (եթե, իհարկե, ինքն է կայացրել, և իր շնորհիվ է այն մնացել հայկական ուժերի վերահսկողության տակ), նաև՝  ի՞նչ կարգավիճակով է նոյեմբերի 7-ից հետո Շուշին հակագրոհով հետ վերցնելու հրաման տվել այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

Իսկ Ալեն Սիմոնյանը ԼուրջCast-ի ընթացքում ակնարկել է նաև, թե 44-օրյա պատերազմի ժամանակվա ՀՀ ռազմական ղեկավարությունը նախկիններինն էր. «Մենք ունեինք Պաշտպանության նախարար, բանակ, բանակի հրամանատարություն, որն ամբողջությամբ իրենց էր «ներկայացնում»»,- ասում էր նա: 

Զինվորականությանը պարգևատրելով՝ Փաշինյանը փորձել է շահել նրանց լոյալությունը

Հաղորդման ընթացքում ԼուրջCast-ի հաղորդավարներն Ալեն Սիմոնյանին հիշեցրել են 44-օրյա պատերազմից ամիսներ առաջ հուլիսյան մարտերն ու դրանց մասնակիցների ցուցադրական պարգևատրումը:

«Զինվորականներին կոչում տալը և ոգևորելը մարտական գործողությունների ժամանակ եղել է Գլխավոր շտաբի, շտաբի պետի առաջարկը, որ գիտեք՝ էս ուղղությամբ եղել է հաջողություն, որպեսզի մնացածին մոտիվացնենք, ոգևորենք, էկեք ցույց տանք, որ մարդկանց աշխատանքը գնահատվում է։ Ինքն ասում է, օրինակ,  Պետրոսյան Պետրոսը լավ է կռվում, իրան էլ զորքում սիրում են, էկեք ոգևորելու համար զորքին  կոչում տանք։ Իհարկե, Ազգային հերոսի կոչում ենք տվել մարդկանց, որ կոռուպցիայի գործով են անցնում, կոչում ենք տվել մարդկանց,  ովքեր, իրոք, արժանի չեն դրան։ Ես կարծում եմ, որ պետք է մի ձև մտածենք՝ անիվը հետ պտտելու»,- ասել է Սիմոնյանը:

Հակադարձմանը՝ «դա զինվորականության լոյալությունը շահելու քայլ չէ՞ր, դե հիմա մենք ենք…», ԱԺ նախագահն արձագանքել է. «Չի բացառվում»:

168.amգրել էր, որ հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեում չէր թաքցրել, որ հերոսացումները եղել են ավանսով. «Կամ՝ ինչքանով ենք ավանսով հերոս համարում բոլորին, և հետո այդ հերոսների մեջ, պարզվում է՝ վայ, մի դավաճան բացահայտվեց, վայ, երկրորդը, երրորդը, չորրորդը…, ընդ որում, ես սա որպես օրինակ չեմ ասում»:

 Փաշինյանն իր կուսակիցներից թաքցրե՞լ է պատերազմի սկսվելու փաստը և չի՞ վստահել բանակին

Ալեն Սիմոնյանը 44-օրյա պատերազմի մասին խոսելով, հայտարարել է, որ իրենք չեն իմացել պատերազմի սկսման մասին:

«Մենք չենք իմացել, որ պատերազմ պիտի սկսի։ Պատերազմը սկսելուց մի քանի օր առաջ ես եղել եմ Ղարաբաղում, և հանդիպել եմ թե՛ զինվորականների, թե՛ այդ ժամանակվա  նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։  Ինքն ինձ ասում էր՝ այո, տեսնում ենք տեղաշարժ, որ վտանգ միշտ էլ կա, այդ տրամաբանության մեջ միշտ  էլ ապրում ենք, բայց ոչ մի ինֆորմացիա չի եղել պատերազմ սկսելու մասին։ Ես այդ ժամանակ եղել եմ ԱԺ փոխխոսնակը։ Եղել է իրավիճակ, երբ մերոնք, մեր կողմը, հայերն  ասել են՝ տեսնում ենք տեղաշարժ, իսկ իրենց ի պատասխան՝ ասել են՝ չէ, չէ, օքեյ է»,– նշել է նա:

Հարցին՝ ադրբեջանցինե՞րն են ասել, Ալեն Սիմոնյանն արձագանքել է.

«Մնացած գործընկերները (արցախյան կողմին նկատի ունի, թերևս,- Մ.Պ.), ամեն ինչ ուղիղ չասեմ պաշտոնիս բերումովՀետո ասել են՝ չէ՛, մենք տեսնում ենք տեղաշարժ, այնուամենայնիվ, խնդիր կա, ասել են՝ նորմալ է, նման ինֆորմացիա չունենք։ Այնուամենայնիվ, պարոն Հարությունյանն ինձ պատմել է՝ զորքերի մի մասը բացազատվել է, բայց դա եղել է հայկական կողմի որոշումը՝ ի հեճուկս այն ինֆորմացիայի, որն իրենց տրվել է։ Ես չեմ իմացել, ինձ արթնացրել են և ասել՝ վեր կաց, պատերազմը սկսվել է։ Ես նույնիսկ չեմ հավատացել, մտածել եմ՝ պուճուրիկ բախում է, հես ա կդադարի: Այո, մենք չենք իմացել։ Ես չեմ կարող վարչապետի տեղը հիմա պատասխանեմ, որովհետև չգիտեմ՝ ինքը դրանից մեկ ժամ առաջ կամ մեկ օր առաջ իմացե՞լ է, թե՞ ոչ, բայց ես էլ կիմանայի։ Չեմ ուզում 100 տոկոս բան ասեմ, առնվազն ես դրա մասին կլսեի, կամ վարչության նիստում կքննարկեինք»:

Հայտնի չէ, սակայն, Ալեն Սիմոնյանը հայկական կողմ ասելով՝ նկատի ունի ՀՀ զինված ուժերի՞ն, ո՞ւմ. կարող ենք միայն ենթադրություն անել, հատկապես, եթե հաշվի ենք առնում, որ Արայիկ Հարությունյանը զորքերին բացազատվելու  հրաման տալու իրավունք չուներ:

Ալեն Սիմոնյանն այստեղ իրականում կամա կամ ակամա մի քանի դրվագ է ցույց տալիս, որն արտացոլում է պետական կառավարման համակարգի խնդիրները, պետության՝ պատերազմին պատշաճ չարձագանքելը պատերազմի առաջին օրերին, ինչի պատճառով, ինչպես Սամվել Բաբայանն էր հայտարարել՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ՊԲն 15 րոպեում արդեն կորցրել էր հակաօդային ուժերի (ՀՕՊ) 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը: Ի դեպ, մեր տեղեկություններով, այդ ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ևս պատերազմը սկսելուց  հետո են «արթնացրել»:

Եվ սա այն դեպքում, երբ 2021թ. հոկտեմբերին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ պատերազմի մասին տեղյակ է եղել

«Իմ հիշողության մեջ արձանագրված կա, որ սեպտեմբերի 27-ից 2 օր առաջ ինչոր ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասություն, որն այդ առումով շատ վստահելի էր թվացել: Դա տեղի է ունեցել 1-2 օր առաջ»:

Բացի այս, 2023թ. հունիսի 27-ին 44-օրյայի քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հարցաքննության ժամանակ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ «ՀՀ ԶՈւերը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մասմաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին ստացված F-16-ի օդաչուների խոսակցությունն առ այն, որ վաղն ինչոր կարևոր բանի պիտի մասնակցեն»:

Ավելին, 2020թ. սեպտեմբերի 23-ից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը կարգադրություններ է արձակել, այլ հարց է՝ դրանց բնույթը, արդյո՞ք դրանք ենթադրում էին մարտական պատրաստականության բարձր աստիճան: Սա առանձին քննարկման թեմա է, բայց 2020թ. սեպտեմբերի 25-ից Օնիկ Գասպարյանը մնացել է Գլխավոր շտաբում: Հարց՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չի՞ իմացել այս ամենի մասին, Փաշինյանը չի՞ տեղեկացրել իր թիմակիցներին, չի՞ կիսվել այն տեղեկությամբ, որն իրեն հասանելի է դարձել՝ լսելով թուրքական օդաչուների խոսակցությունը: Սա լուրջ մտորելու տեղիք չի՞ տալիս:

Իսկ եթե ընդունենք, որ զորքի բացազատումը տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ որոշմամբ, ապա հարց է՝ ինչո՞ւ դա չի արվել լիովին և պատշաճ, հատկապես կարևոր ուղղություններում:

Ինչ վերաբերում է Արցախի իշխանությունների տեղեկացվածությանը, ապա 2021թ. հունիսին 24TV-ի հետ զրույցում Սամվել Բաբայանը ասել էր. «Հետագայում պարզել եմ, որ ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը, հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու: Էդ հետո եմ ես ճշտել: Այո, Աղաջանյան Կամոն զեկուցել էր մի անգամ՝ ամսի 19-ին, մի անգամ՝ ամսի 25-ին, և զորքերի մեծ մասը տարել են առաջին գիծ: Հետո եմ դա իմացել»:

Բայց արի ու տես, որ պատերազմից 1 օր առաջ՝ սեպտեմբերի 26-ին, Մատաղիսի զորամասի հրամանատարը խնջույք է կազմակերպել, որով քրեական գործ կա, իսկ Արայիկ Հարությունյանն էլ, տարբեր տեղեկություններով, հարսանիքի է եղել: Բայց սա չի խանգարել, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը 44-օրյա պատերազմի ժամանակ  վստահի հենց Արայիկ Հարությունյանին, և ոչ թե ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Այս մասին քննիչ հանձնաժողովում ասել է Նիկոլ Փաշինյանը, այս մասին վերոհիշյալ հարցազրույցում խոսել է նաև Ալեն Սիմոնյանը:

«Արայիկ Հարությունյանն այն եզակի մարդկանցից էր, որի տված ինֆորմացիան գրեթե շեղում չի տվել, մնացած բոլոր ինֆորմացիաները, որ եկել են պատերազմի ժամանակ և պատերազմից հետո, կատարյալ տարբեր են եղել, ընդհուպ` հակառակը։ Դրա համար էր ԱԱԾ տնօրենն անընդհատ գնում այնտեղ, մեր ներկայացուցիչներն անընդհատ գնում էին էնտեղ, որպեսզի տեղում ինֆորմացիա ստանանք, 5 տարբեր ինֆորմացիաներ էր գալիս»,- պնդել է Ալեն Սիմոնյանը, ով այս տարվա ապրիլին էլ նշել էր. 

«…Զինվորականները, որոնք վերջին 30 տարվա ընթացքում փառահեղ գովաբանված էին, սկսում են սուտ տեղեկություններ պատմել ռազմաճակատում տեղի ունեցած իրավիճակի ժամանակ, հինգ տարբեր տեղեկություններ են հայտնում՝ մեկը մի բան է ասում, մյուսը՝ մեկ այլ բան»:  

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը չի վստահել բանակին, իր իսկ նշանակած զինվորականներին, ու սա՝ այն դեպքում, երբ հենց իրենք էին որոշել, որ Արծրուն Հովհաննիսյանը պիտի լինի ՀՀ ՊՆ ներկայացուցիչ և վարի տեղեկատվական պատերազմը: Իսկ գուցե այս ընտրությունը դարձյալ բանակին և բանակի ղեկավարությանը չվստահելո՞ւց է բխել, և «սվոյ» մարդ էր պետք:

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենին, նշենք, որ 2020թ. հոկտեմբերի 8-ին Արգիշտի Քյարամյանն ազատվել էր այս պաշտոնից, և շարունակել էր առանց որևէ պաշտոնի մնալ Արցախում մինչև վերջ: Նիկոլ Փաշինյա՞նն էր այս առաքելությունը նրան վերապահել, որ հետո նշանակվի ՔԿ նախագահ և իր ձեռքով անցկացնի պատերազմական դրվագներն ու քրեական գործերը: Ի դեպ, դեռ հարց է՝ ով էր այդ 5 տարբեր տեղեկություններ ստանալու միջավայրը ստեղծում՝ Փաշինյա՞նը՝ իր պատերազմ գործուղված ներկայացուցիչներով,  թե՞ բանակը…

Տեսանյութեր

Լրահոս