
Սու-երով քաղաքական PR արած իշխանությունը դրանց ձեռքբերման «մեղքը» գցում է զինվորականության վրա և նրանց ոչ յուրային համարում

2018թ. իշխանափոխությունից հետո՝ սեպտեմբերի 2-ին, Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը հայտարարել էր.
«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է՝ կան սպիտակ ուժեր և կան սև ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սև ուժերն են»։
Օրեր անց Նիկոլ Փաշինյանը կրկնել էր Մարությանի ասածը, ըստ էության, ապացուցելով, որ սևերի և սպիտակների բաժանումը «թավշյա հեղափոխության» տրամաբանության մեջ էր, որքան էլ հետո փորձեին բացատրել, թե խոսքը հասարակության մասին չէ, այլ կոնկրետ ուժերի: Բայց այդ ուժերը, ի վերջո, ունեին իրենց համախոհները, գաղափարակիցները և ընտրողները, թեև քաղաքական դաշտը սևերի և սպիտակների բաժանելը ևս հաջող միտք չէր: Բայց անգամ դրանում զավեշտալի բան կար, հատկապես, երբ այդ «սև ուժերի» համախոհներից և ներկայացուցիչներից ոմանց հետ, որոնք համալրել էին ճամբարափոխների շարքը, Փաշինյանը համագործակցում և աշխատում է:
Այսօր էլ՝ իշխանափոխությունից 7 տարի անց, գործող իշխանությունները շարունակում են զինվորականությանը բաժանել «ձեր-ի և մեր-ի», «նախկինների և ներկաների», մոռանալով, որ 2018թ. ապրիլի 23-ին Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ակցիային հանկարծակի միացել էին ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ՝ համազգեստներով, և ինչպես այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանն էր հայտնել, խոսքը 209 զինծառայողների մասին էր:
Ոչինչ նաև, որ ՀՀ զինված ուժերը դեռ այսօր էլ նախկինների զինվորականների վրա է հիմնված, այլ հարց է՝ ինչ էին նրանք, և ինչ են դարձել այսօր՝ Փաշինյանի վարչապետության օրոք. խոսքը զուտ կարգավիճակի մասին չէ, այլ ունեցած հեղինակության և հանրային վստահության, քանի որ շատերը լավ էլ առաջընթաց են գրանցել պաշտոններում:
2025 թվականի ապրիլի 15-ին ԱԺ-ում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով բանակում իրենց արած-չարածին և ընդդիմության քննադատություններին, հայտարարել է.
«Էն որ խոսում են, ասում՝ «Իսկանդերը» ստեղ չկիրառեցիք, ընդեղ չկիրառեցիք, բա ԱԹՍ-ները, թող առներ շեֆդ էդ ԱԹՍ-ները, բա 80-ականների զենքերով խի էիք… այո, կոնսերվի բանկեքով… բա առնեի՞ք… Կամ՝ էդ որ ասում եք՝ Սու-երը բերել եք, էդ կարո՞ղ է մենք տենց նստել ենք, մենյուն բացել-նայել, թե ինչ վերցնենք: Ձեր զինվորականներն են խորհուրդ տվել, զինվորականներն են խորհուրդ տալիս, ասում են՝ մեզ էս է պետք կամ էն է պետք»:
Նախ՝ ԱԹՍ-ների թեմայով Ալեն Սիմոնյանը լավ կանի ուսումնասիրի «Կռունկ» անօդաչու թռչող սարքի պատմությունը, որը ցուցադրվել է 2011 թվականին կայացած զորահանդեսին: ԱԹՍ-ի արտադրության մասին 2016-ին որոշ տեղեկություն տրամադրել էր ՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտի նախկին պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը։
«Նման անօդաչուների մեկ համալիրի գինը (2 ինքնաթիռ, մեկ ղեկավարման կայան) միջազգային շուկայում տատանվում է 2-2,5 մլն դոլարի սահմաններում: Հայաստանը սեփական ուժերով ու տասնյակ անգամներ ավելի քիչ միջոցներ ծախսելով՝ կարողացավ ստեղծել «Կռունկը», որը լայն կիրառություն գտավ հայկական բանակում: Մեր սարքի տակտիկատեխնիկական բնութագիրը չի զիջում նույն դասում առկա իր անալոգներին»,- ասել էր նա:
Ավելի ուշ, «Կռունկի» կառուցվածքի հիման վրա մասնագետները ստեղծել էին «X-55» հետախուզական ԱԹՍ-ը, որի նախագծման աշխատանքները սկսվել էին 2012 թվականին, իսկ առաջին փորձարկումն ու շահագործումը կատարվել է 2014-ին: Արդեն Մոսկվայում կայացած «Բանակ-2017» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսում ցուցադրվեց արդեն «X-55»-ի մոդեռնիզացված տարբերակը՝ X-55M կամ «ԱՐՄԻ-55Մ», որը նախատեսված է հետախուզության և կրակի կառավարման համար:
Բնականաբար, ոչ ոք չի ասում, որ սպառազինության ձեռքբերման որոշակի հարցերում չեն ուշացել կամ հետևություններն ուշացած չեն արել, չեն եղել բացթողումներ: Բայց սա չի նշանակում, որ գործող իշխանությունը պետք է նսեմացնի արվածը: Ոչ ոք նաև չի ասում, որ ավելի ուշ և նույնիսկ իշխանափոխությունից հետո հայրենական մասնագետների կողմից ԱԹՍ-ների հետ կապված լավ նախագծեր չեն եղել, եղել են և կան: Անթույլատրելի է բանակին քաղաքական նեղ դիտակետից նայելը:
Ամեն դեպքում պետք է հիշեցնել, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույցների մեկի ժամանակ խոսելով 2018-2024 ՀՀ զինված ուժերի զարգացման պլանի մասին՝ 1 մլրդ 300 մլն դոլար արժողությամբ, ասել էր, որ «500 մլն դոլարից ավելին նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար, նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, ընդ որում, 2018-2020 թվականների համար նախատեսված էր 1000-ից ավելի անօդաչու թռչող սարքի ձեռքբերում՝ և՛ հարվածային էին, և՛ հետախուզական»:
Հիմա Ալեն Սիմոնյանը կարո՞ղ է ասել՝ 7 տարվա ընթացքում քանի՞ ԱԹՍ է ձեռք բերվել: Այստեղ խնդիրը բացարձակ համեմատությունը չէ, քանի որ բանակը կենդանի օրգանիզմ է, և այն պետք է անընդհատ զարգանա, և դա միանգամայն բնական գործընթաց է, եթե, իհարկե, ապահովվում է այդ զարգացումը և ունենում է առաջընթաց:
Երկրորդ, իշխանափոխությունից հետո մի քանի անգամ մասնագիտական վերլուծություն ենք ներկայացրել՝ ցույց տալու, որ, մեղմ ասած, գրագիտությունից հեռու ձևակերպում է «80-ականների զենք» ասվածը, եթե չասենք՝ տգիտություն, դրա էջը դեռ մի քանի տարի առաջ գործող իշխանությունների կողմից փակված համարելը, հատկապես, երբ 2019-ին գործող իշխանությունները Հորդանանից ձեռք են բերել «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ, ու, ըստ մասնագետների, այդ մոդելի բոլոր համալիրները, ըստ էության, մշակվել և արտադրվել են դեռևս մինչև 1980 թվականը, դեռ չենք նշում 50-60-ականների զենքերի մասին, որոնք այսօր էլ ՀՀ զինանոցում զգալի թիվ են կազմում: Եվ եթե իշխանություններին թվում է, թե հնդկական և ֆրանսիական պատվիրված համալիրները, համակարգերը նախագծվել և արտադրվել են իրենց պատվիրելու ժամանակ, սխալվում են:
Ի դեպ, «80-ականների զենք» ունենալ-չունենալու բարդույթներով տառապող իշխանությունները շատ ավելի լավ կանեն, եթե ցույց տան՝ ՀՀ զինանոցում առկա ռուսական զենքի արդիականացման ի՞նչ գործընթաց են իրականացրել, արդյո՞ք հետևում են՝ ինչպես է Ադրբեջանն արդիականացնում, օրինակ, իր զինանոցում եղած ռուսական Սու-25-երը։
Երրորդ, Ալեն Սիմոնյանին հիասթափեցնենք. Իշխանափոխությանը հաջորդած տարիներին, 44-օրյա պատերազմից հետո և նույնիսկ այսօր էլ մարտական դիրքերում կարելի է տեսնել «պահածոյի բանկաներ», վերջին թարմ դեպքն արձանագրել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, ինչո՞ւ չէ՝ մարտական դիրքերում կարելի է տեսնել նաև անվադողեր, և ոչինչ, որ լայն թափով ամրոցներ են կառուցում:
Չորրորդ, ԱԺ նախագահի վերոնշյալ ելույթից փաստորեն կարող ենք ենթադրել, որ գործող իշխանություններն իրենց հետ աշխատած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին իրենցը չեն համարում՝ մոռանալով, որ նույն Արտակ Դավթյանին իրենք երկու անգամ վստահել են ԳՇ պետի պաշտոնը, վերջինը՝ Օնիկ Գասպարյանին այդ պաշտոնից իրավունքի ուժով հեռացնելուց հետո։
Հետաքրքիր է՝ ե՞րբ են եկել այդ եզրահանգման, ինչի՞ց ելնելով, գուցե հենց սկզբից իրականում Տոնոյանին չե՞ն համարել իրենց քաղաքական թիմից, ինչպես մի առիթով նախկին նախարարը խոստովանել էր 168.am-ին տված հարցազրույցում։ Սա իրականում զավեշտալի եզրահանգում է, քանի որ նույնիսկ այն զինվորականները, որոնց գուցե Փաշինյանի իշխանությունը յուրային է համարում, կայացել են նախկինների օրոք՝ անկախ նրանից, թե ինչ դիրք են ունեցել և ունեն այսօր:
Ինչ վերաբերում է Սու-30-ներին, որոնց ձեռքբերմանը կողմ են եղել Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանը, այն սեփական քաղաքական PR-ին է ծառայեցրել Նիկոլ Փաշինյանը, և ոչինչ, որ մի առիթով հայտարարել է, թե ինքը «պարտավոր չի փորձագետ լինել՝ է՞ս օդանավը, է՞ս օդանավը, թե՞ էն օդանավը…»: Ավելին, 2018 թվականին Փաշինյանի ընտանեկան թերթը «Սու-30. քայլ դեպի «սանձահարման» դոկտրին» վերտառությամբ հոդված էր հրապարակել։ Նիկոլ Փաշինյանը նույն այդ Սու-երը համարել է մեծագույն ձեռքբերում անգամ 2020 թվականի պատերազմից հետո՝ 2023 թվականին Քննիչ հանձնաժողովում, թեպետ նախատեսված էր գնել առնվազն 8-12 հատ, սակայն ձեռք բերվեց ընդամենը 4-ը՝ առանց ամբողջ հզորությամբ կիրառելու հնարավորություն տվող «աքսեսուարների», ինչի մասին հենց Նիկոլ Փաշինյանն է հայտարարել:
Եվ հիմա ընդդիմության քննադատության ֆոնին Սու-30-ների ձեռքբերումը վերագրելով միայն զինվորականությանը, Ալեն Սիմոնյանը փորձում է պատասխանատվությունից ազատե՞լ Նիկոլ Փաշինյանին, թե՞ հետ չմնալ Անդրանիկ Քոչարյանից, ով ամեն պատեհ առիթի հիշեցրել և հիշեցնում է, որ ինքն ի սկզբանե դեմ է եղել Սու-30-ների ձեռքբերմանը և այն համարել սխալ ձեռքբերում:
Եվ վերջում «Իսկանդերի» մասին: ԱԺ նախագահը ոչ թե պետք է ծանր տանի «Իսկանդերի» կիրառման հետ կապված մասնագիտական դիտարկումները, այլ պետք է արագացնի Քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացման գործընթացը, որպեսզի հետո պատասխանի հետևյալ հարցին՝ ինչո՞ւ էր Օնիկ Գասպարյանը, ըստ Անդրանիկ Քոչարյանի, «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատել, ինչո՞ւ այն չկիրառվեց պատերազմի առաջին օրերին, և կիրառվեց վերջին օրերին և, տարածվող տեղեկությունների համաձայն՝ Շուշիում: Այս մասին տևական ժամանակ հրապարակային խոսվեց, կոնկրետ մեղավորներ գտնվեցին, բայց հետո թեման լուռ և սահուն փակվեց…