Փաշինյանը դարձյալ մեծագույն ձեռքբերում է համարել ՍՈւ-30-ները. 1 տարի առաջ հաստատել էր՝ անարդյունավետ է դրանց կիրառումը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկնել է «հին երգը»՝ իշխանափոխությունից հետո 2 տարվա ընթացքում իրենք ավելի շատ զենք են ձեռք բերել, քան 10 տարվա ընթացքում նախկինները, և, որ ոչ ոք չի կարող ասել, թե բանակում ինչ-որ բան չի արվել այն պատճառով, որ կառավարությունն ասել է՝ փող չկա:

«Էդպիսի բան ուղղակի լինել չի կարող»,- շեշտել է Փաշինյանը:

Այս պնդումը հաստատել է Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Դա հաստատել է նաև ԳՇ պետը, որին հրավիրել էինք»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական պատգամավորը:

Կարդացեք նաև

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը շարունակել է իր միտքը և նշել՝ ՍՈՒ 30-ների ձեռքբերումը դրա ամենամեծ ապացույցն է, որ ասել եմ՝ ինչ պետք է բանակին, կապահովենք:

Հիշեցնենք, որ 2021 թվականի մարտի 20-ին էր Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ Հայաստանի գնած ՍՈՒ-30ՍՄ կործանիչները հրթիռներ չունեն՝ նշելով, որ չեն հասցրել գնել դրանք մինչև պատերազմը։

«Մեզ ասում են՝ ինչի՞ եք ինքնաթիռ առել։ Այո, մենք ինքնաթիռն առել ենք, մայիսին ա էդ ինքնաթիռը էկել, և այո, հրթիռները չենք հասցրել մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերեինք․․․ Բա ինչի՞ չունի 26 տարվա պետությունը կործանիչ ավիացիա»,- ասել էր Փաշինյանը։

Իսկ 2022 թվականի սեպտեմբերին էլ հարցին՝ ինչո՞ւ հիմա չեն կիրառվում մեր Սու-ները, արդյո՞ք կարիքը չկա, Փաշինյանը պատասխանել էր՝ ամեն ինչ չէ, որ այս պահին կիրառվում է, քանի որ արդյունավետության հարց կա։

«Մյուս կողմից, չեմ կարծում, թե քաղաքական իշխանությունը պիտի զանգի և ասի՝ սրանով կամ նրանով կրակեք»,- շեշտել էր Փաշինյանը՝ չբացառելով դեպքերը, երբ պետական միջոցներով ձեռք բերված սպառազինությունը կարող է կիրառելի չլինել:

Ի դեպ, Հայաստանը պետք է ձեռք բերեր 8-12 հատ Սու-30, սակայն ձեռք է բերել 4-ը:

Տեսանյութեր

Լրահոս