Բաքվի զորահանդեսի քաղաքական մեսիջը՝ 44-օրյա պատերազմում լուծվել է թյուրքական աշխարհի շահերի հարցը, կամ՝ Ադրբեջանի կախյալ անկախությունը
Բաքվի այսօրվա մեծամասշտաբ զորահանդեսը, դրան Պակիստանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությունը հերթական անգամ հաստատեց այն, ինչի մասին 5 տարի է՝ գրում ենք. 2020 թվականի 44-օրյա պատերազմում Ադրբեջանը չէր կարող հաղթել, կամ առնվազն այն ելքով, ինչպես հաղթեց, եթե չլիներ հատկապես Թուրքիայի ուղիղ մասնակցությունը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ինքն է այսօր զորահանդեսի ժամանակ ասել, որ Թուրքիայի նախագահը պատերազմի առաջին իսկ ժամերից աջակցել է Ադրբեջանին, ինչն իրենց ուժ է հաղորդել:
Գրել ենք, որ Թուրքիայի հետախուզությունը և պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը կատարել է անմիջապես Էրդողանի հրամանները պատերազմի օրերին:
Ավելին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի այդ ժամանակվա Արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն հինգ անգամ այցելել է Բաքու, ընդ որում, նա, ինչպեսև Թուրքիայի այդ ժամանակվա պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Բաքվում են եղել Շուշիի համար մարտերի օրերին և մնացել մինչև պատերազմի ավարտը:
Նաև գրել ենք, որ 44-օրյա պատերազմում է դրվել Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան աշխարհաքաղաքական նախագծի սկիզբը, և արդեն ոչ միայն էլ ավելի ամրապնդվել այս եռամիասնությունը, այլև Ադրբեջան-Պակիստան ռազմավարական հարաբերություններ են ստեղծվել: Այս տարիներին չենք անտեսել այն փաստը, որ 2020 թվականի արցախյան պատերազմում որքան էլ Թուրքիան «մեկ ազգ, երկու պետության» կարգախոսի ներքո ռազմական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին, սակայն 44-օրյա պատերազմում Թուրքիան նաև իր հեռահար նպատակներն է ունեցել, իսկ Պակիստանն էլ այդ պատերազմի մեջ մտել է Թուրքիայի հետ ունեցած ամուր հարաբերություններից ելնելով: Հիշեցնենք Թուրքիայի հետաքրքրությունները «Զանգեզուրի միջանցքի» նախագծի համատեքստում, ինչպես նաև՝ «թուրանական ծրագիրը»:
Եվ պատահական չէ, որ թուրքական առանցքային տարբեր դեմքեր, և այսօրվա Բաքվի զորահանդեսին՝ նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը շեշտել է, որ Ղարաբաղի պատերազմում ձեռք բերված հաղթանակը «ոսկե տառերով է գրվել թյուրքական աշխարհի պատմության մեջ», ինչպես նաև, որ «Հայրենական պատերազմը փոխել է աշխարհաքաղաքական իրողությունը նաև Ասիայում և Եվրոպայում»:
Եվ որքան էլ Ադրբեջանը ըստ քաղաքական նպատակահարմարության և ներքին լսարանի համար փորձի սա վերագրել միայն իրենց և իր բանակին, միշտ առիթ է լինելու, երբ նրան հիշեցնելու են Պակիստանի, Իսրայելի և Թուրքիայի օգնությունը, և հատկապես՝ Թուրքիայի, ինչն էլ թույլ է տալու ենթադրել, որ 2020 թվականի պատերազմը զուտ «ադրբեջանական օկուպացված տարածքների» վերականգնման նպատակ չէր հետապնդում, այլ հեռահար աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական և նույնիսկ կրոնական հետին մտքեր ու ծրագրեր: Իսկ այն, որ մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէր լինելու, դա առնվազն պարզ էր հուլիսյան մարտերի օրերից: Այս մասին զգուշացրել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, նման սպառնալիք հուլիսյան մարտերի ֆոնին հնչեցրել էր Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Ի՞նչ է սա նշանակում: ՀՀ ղեկավարությունը պետք է սա հաշվի առներ և փորձեր կանխել պատերազմը: Եվ ոչ թե պատերազմից շատ տարիներ հետո հարց բարձրացներ, թե՝ «իսկ ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ, ուժեղ ումի՞ց՝ մեկ պայմանական հակառակորդի՞ց, երկու պայմանական հակառակորդի՞ց, երե՞ք, թե՞ չորս պայմանական հակառակորդից»:
Նշենք, որ այս տարվա սեպտեմբերին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգությանը և բանակին սպառնացող հերթական ելույթն է ունեցել և վերը նշված խոսքերից հետո շարունակել.
«Եթե մեր ռազմավարությունն այն է, որ մենք ուժեղ բանակ պետք է ունենանք համեմատաբար մեկ պայմանական հակառակորդից, իսկ ո՞րն է լինելու մեր արձագանքը, եթե պարզվի, որ մեկ պայմանական հակառակորդն ունի իր հետ ևս 3 կամ 4 գերուժեղ ներգրավված կողմ: Ստացվելու է, որ մեր ռազմավարությունը զրո է, ոչ մի բան չարժի: Կամ՝ երբ ասում ենք՝ ուժեղ բանակ, դաշնակիցների հետ միասի՞ն, թե՞ առանց նրանց»:
Արդյո՞ք կարող ենք ասել, որ ՀՀ իշխանությունները դասեր են քաղել պատերազմից, երբ հիմա առավելևս մեր թշնամին միայն Ադրբեջանը չէ, և որն այսօր, առավել քան երբևէ, ունի միջազգային հանրության աջակցությունը, եվրոպական երկրների: Իհարկե՝ ոչ:
Արդյո՞ք «հաստատված» խաղաղությունն այսօր օգտագործվում է ուժեղ բանակ ստեղծելու և հետագա հնարավոր բախումների դեպքում ՀՀ զինված ուժերին գործելու լեգիտիմ պայմաններ և իրավունք ապահովելու համար: Իհարկե՝ ոչ:
Բայց այսօր մի բան փաստ է՝ պատերազմի ժամանակ բուն մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը շատ ավելի քիչ տարածք է կորցրել, քան դրանից հետո: Իսկ հայկական բանակը նույնիսկ իր թիկունքն ամրացնող իշխանություն չի ունեցել պատերազմի ժամանակ, ուր մնաց՝ Թուրքիայի նման ուղիղ աջակից, ինչպես ուներ Ադրբեջանը: Այսինքն, որքան էլ դժգոհեն 44-օրյա պատերազմի արդյունքից, հայկական բանակը կարողացել է չկորցնել Արցախը, պահել Աղդամը, Քարվաճառը, Լաչինը, որոնք հետո հանձնվել են Ադրբեջանին քաղաքական որոշումների արդյունքում: Սրա մասին նույնիսկ Ալիևն է բազմիցս խոսել:
Այլ հարց է, որ պատերազմում պարտության պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանը դնում է ռազմական ղեկավարության և բանակի վրա: Իսկ ո՞վ պետք է կարողանա շահել դաշնակիցներ, բարեկամներ, միջազգային աջակցություն, մի՞թե սա էլ էր բանակի խնդիրը: Իսկ դաշնակիցների շնորհիվ պատերազմ հաղթելը, ինչպես տեսնում ենք, այնքան էլ ամոթալի բան չէ, ընդ որում, ՀՀ-ի դեպքում չէր լինելու պատերազմին ուղիղ մասնակցություն: Արդյոք այս հարցերն արտացոլվե՞լ են Քննիչ հանձնաժողովի «զմռսված» զեկույցում…

