«The Beatles»-ի խմբի «վերակենդանացումը»՝ Կամերային թատրոնի բեմում
Օրերս Երևանի կամերային թատրոնի բեմում մեծ իրարանցում էր՝ բրիտանական THE BEATLES հանրահայտ խմբի մեծ «համերգն» էր, սակայն այս անգամ խմբի անդամներին՝ Ջոն Լենոնին, Փոլ ՄաքՔարթնիին, Ջորջ Հարիսոնին և Ռինգո Սթարին մարմնավորել էին դերասաններ Ներսես Մարկոսյանը, Զիրոյանը, Սենիկ Բարսեղյանը և Սուրեն Պողոսյանը։

Հենց նրանց կատարմամբ բեմից հնչեցին ռոք-խմբի հանրահայտ երգերը՝ պատմելով խմբի ստեղծման, երաժիշտների և նրանց ճակատագրի մասին։
«The Beatles». ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով» ներկայացման բեմադրիչը և պիեսի հեղինակը թատրոնի երիտասարդ դերասան, ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն է։ Այս ներկայացմամբ նա որոշել է շարունակել թատրոնի հետաքրքիր ավանդույթներից մեկը, երբ ընտրում են հանրահայտ երաժշտական խմբերին, անհատներին և «վերակենդանացնում» թատրոնի բեմում։ Այդ շարքից է նաև թատրոնի, արդեն հանդիսատեսի կողմից շատ սիրված, «Ազնավուր» ներկայացումը։

«Մեր թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանն ամռանն արձակուրդից առաջ ասաց՝ «իսկ կարո՞ղ է այս ֆորմատով «The Beatles»-ի մասին ներկայացում անենք», ես էլ պատասխանեցի՝ ինչո՞ւ ոչ։
Ամառվա ընթացքում սկսեցի ուսումնասիրել խմբի հետ կապված ամեն ինչ, որովհետև պետք էր կարճ ու կոնկրետ, բայց խմբի մասին ամեն ինչ ասող ներկայացում ստանալ։ Պիեսը թատրոն բերեցի սեպտեմբերին, կարդացին, հավանեցին, ինչից հետո էլ անցանք գործի։
Այս ամենի համար շնորհակալ եմ և՛ Արա Երնջակյանին, և՛ Լուսինե Երնջակյանին, որովհետև իրենք լինելով «բիթլոմաններ»՝ հնարավորություն տվեցին, որպեսզի այս պիեսը հենց ես գրեմ»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթ Աբրահամյանը։
Ռեժիսորն ուրախ է նաև, որ աշխատել է թատրոնի տաղանդավոր դերասանների հետ, առանց խոսքեր շռայլելու ասում է՝ նրանց հետ աշխատած յուրաքանչյուր րոպեն պարզապես հաճույք է եղել, խոստովանելով՝ եզակի դեպքերից է, որ ստեղծագործական անհամաձայնություն չի եղել։
Դավիթ Աբրահամյանը նաև նշեց՝ խմբի մասին նյութերի ուսումնասիրության ընթացքում եղել են շոկային բացահայտումներ, որոնցից շատ քիչ բան է ներառել պիեսում։
«Միշտ չէ, որ իրականությունը պետք է ամբողջությամբ բերես բեմ, որովհետև կարող է ես նույնիսկ ինչ-որ տեղերում հիասթափվել։ Դրա համար մենք պահեցինք խմբին բնութագրող ամենակարևորն ու տիպիկը։ Անշուշտ, կան սկանդալային դրվագներ, պիեսում ընդամենը մեկ նախադասությամբ ենք ասում, որ Բրայանն իրենց սեռական արկածների հերոսներին վճարում էր լռության դիմաց։ Խմբի անդամներն աշխարհի տարբեր մասերում ունեցել են երեխաներ, որպեսզի նրանք աղմուկ չհանեն՝ հազարավոր դոլարներ են կորցրել։

Այս խմբին բոլոր սերունդներն են սիրում, ուրախ եմ, որ մեր թատրոնում հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու նման ներկայացում»,- շեշտեց Դավիթ Աբրահամյանը։
Թե որ խմբի կամ երաժշտի մասին կլինի առաջիկա ներկայացումը՝ ռեժիսորը շատ չակերտներ չբացեց, միայն անունն ասաց. «Ռեյ Չարլզ»։
Ներկայացումից հետո Սենիկ Բարսեղյանի էմոցիաներն աննկարագրելի էին, էմոցիաները գրեթե նույնն են յուրաքանչյուր պրեմիերայից հետո, ասում է՝ ուրախ է, երբ թատրոնում տարին գոնե 5-6 նման պրեմիերաներ են լինում։
«Կարծում եմ՝ այս նոր «երեխայի ծնունդը» նոր էտապ է բոլորիս համար, յուրաքանչյուր դերասանի համար կարևոր է նման դերի կերտումը։
Խմբի անդամներն էտալոնային դեմքերից են եղել, իրենց ժամանակահատվածի համար թելադրել են երաժշտական ճաշակ, և այստեղ ամենակարևորը սերն է։ Սա սիրո մասին ներկայացում է և մեր աշխատանքի արդյունքում, ըստ իս, հնարավոր եղավ սեր դնել ու այդ սերը փոխանցել հանդիսատեսին, սա հավերժ սիրո մասին է»,- շեշտեց դերասանը, ով բեմում մարմնավորում էր Փոլ ՄաքՔարթնիին։
Նա շեշտում է՝ եթե շատ անկեղծ լինի, ապա խմբի անդամներից որևէ մեկն իր ֆավորիտ երաժիշտը չի եղել։ Սակայն ներկայացումից հետո խմբի 4 երաժիշտներն էլ արդեն դարձել են իր «ընտանիքի անդամը»։
«Այս շարքը շարունակական է լինելու, Կամերային թոտրոնի պատերի ներսում ամեն ինչ համարձակ ձևով է լինում, որովհետև ստեղծագործելը խրախուսվում է։ Այն, ինչն անում ենք, անում ենք մեծ պատասխանատվությամբ։ Դժվարանում եմ ասել, թե այս ֆորմատով հաջորդ անգամ ում կուզեի մարմնավորել բեմում, որովհետև շատ են, բայց Ֆրեդի Մերկուրին…»,- ընդգծեց Սենիկ Բարսեղյանը։

Բեմում Ջորջ Հարիսոնին մարմնավորած Զիրոյանն ասում է՝ փորձել է պատասխանատվությամբ ու մեծ լրջությամբ կերտել իր կերպարը, թե ինչ կասի հանդիսատեսը՝ կփաստի իր ծափահարություններով ու արձագանքով։
«Ինձ համար սա առաջին ներկայացումն է, որտեղ մարմնավորում եմ երաժշտի, հուսամ՝ վերջինը չի լինի։

Չեմ ուզում կողմնապահություն անել, բայց խմբում իմ ֆավորիտ երաժիշտը Ջորջ Հարիսոնն է, որովհետև իր մենախոսության մեջ ասում է՝ երբեմն ես էլ եմ խոսում ու ինձ չեն լսում, բայց ես չեմ նեղանում։ Իմ բոլոր ընկերները կփաստեն՝ ես էլ երբ ինչ-որ բան եմ ասում, չեն լսում, 10 օր հետո ասում են՝ դու ճիշտ էիր։
Ես «գտել» եմ Ջորջ Հարիսոն, ռեժիսորն էլ է «գտել», որովհետև ինձ ճանաչում է, նա գիտի՝ ինչ մարդ եմ։ Ինքս փակ մարդ եմ, բայց երբ պետք է բացվել՝ բացվում եմ։ Նույնն էլ Հարիսոնն է եղել, լռակյաց է եղել, բայց արել է իր աշխատանքը»,- նշեց Զիրոյանը։
Նա չբացահայտեց, թե որ երաժշտին է մարմնավորելու հաջորդ անգամ, միայն ասաց՝ ունի նախընտրելի երաժիշտ, որին չի կարող չանդրադառնալ. «Թող անակնկալ լինի»։


Ջոն Լենոնին բեմում մարմնավորում էր Ներսես Մարկոսյանը, նրա կարծիքով՝ դժվար է Լենոնին «մոտենալը», բայց այն, ինչ արել են բեմում՝ սիրով են արել։
«Փորձերը տևել են 2 ամիս, հետաքրքիր գործընթացի մեջ ենք եղել, ինքս «բիթլոման» չեմ եղել, բայց քիչ-քիչ դառնում եմ»,- ասաց Ներսես Մարկոսյանը։


