Թուրքիայում սննդամթերքի գները 11 անգամ ավելի բարձր են, քան Եվրոպայում
Թուրքիայում տարեկան պարենային գնաճը հասել է Եվրոպայի միջին ցուցանիշի շուրջ 11.7-ապատիկին, իսկ միայն հունվարին ընթացքում գրանցված աճը գերազանցել է Եվրոպայում մեկ տարվա ընթացքում արձանագրված գնաճը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրոպայում գնաճը շարունակում է նվազման միտումը։ Եվրագոտում դեկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 2 տոկոս, իսկ հունվարին նվազել է մինչև 1.7 տոկոս։ Ամսական կտրվածքով գրանցվել է 0.5 տոկոսի նվազում։ Մինչդեռ Թուրքիայում գնաճը, գերազանցելով սպասումները, հունվարին կտրուկ աճ է արձանագրել։ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալներով՝ տարեկան գնաճը կազմել է 30.65 տոկոս, իսկ ամսական գնաճը՝ 4.84 տոկոս։
Արդյունքում Թուրքիայի տարեկան գնաճը մոտ 18 անգամ գերազանցել է Եվրագոտու միջին ցուցանիշը։ Ամենաարտահայտիչ տարբերությունը գրանցվել է պարենային ապրանքների գների ոլորտում։ Եվրագոտում սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի խմբում տարեկան գնաճը կազմել է 2.7 տոկոս, մինչդեռ Թուրքիայում պարենային գնաճը տարեկան կտրվածքով հասել է 31.69 տոկոսի, իսկ ամսական՝ 6.59 տոկոսի։
Տարեկան ցուցանիշների համեմատությամբ՝ Թուրքիայում սննդամթերքի գների աճը շուրջ 11.7 անգամ գերազանցել է Եվրոպայի միջին մակարդակը։ Միայն մեկ ամսվա ընթացքում Թուրքիայում պարենային գներն աճել են մոտ 2.4 անգամ ավելի, քան Եվրագոտում՝ մեկ տարվա ընթացքում։
Թուրքիայի գյուղատնտեսական պալատների միության տվյալների համաձայն՝ 2020 թվականի հունվարից մինչև 2026 թվականի հունվարը տավարի մսի մեկ կիլոգրամի գինը աճել է 2,853 տոկոսով՝ 31.20 թուրքական լիրայից հասնելով 921.38 լիրայի։ Դդմի գինը աճել է 1,949 տոկոսով, գառան մսինը՝ 1,784 տոկոսով, Այնթապի պիստակի գինը՝ 1,562 տոկոսով։ Ձիթապտղի յուղի գինը բարձրացել է 871 տոկոսով, կարագինը՝ 830 տոկոսով, հավի մսինը՝ 698 տոկոսով, իսկ բրնձինը՝ 958 տոկոսով։
