300 միլիոն՝ 600 միլիարդի դիմաց. ինչո՞ւ է ապօրինի գույքի բռնագանձումը տապալվում դատարաններում և ո՞ւր են խոստացված միլիարդները

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը միշտ էլ եղել է այս իշխանության խաղարկած ամենապոպուլյար թեմաներից մեկը։ Տարիներ շարունակ դրանով են կերակրել հասարակությանը։ Չնայած նախկինների «թալանի» թեման վաղուց այլևս նախկին ազդեցությունը չունի քաղաքացիների վրա, հատկապես այն ամենից հետո, ինչ ՔՊ-ականներն են արել ու անում պետության գլխին՝ դատարկելով պետական բյուջեն, այնուհանդերձ ընտրություններից առաջ այն կրկին սկսել են շահարկել՝ չհասկանալով, որ դա իրենց շահերից չի բխում։

Բացի այն, որ իրենց արարքներով վաղուց արդեն «լվացել են» նախկինների գլուխը, այլև նրանով, որ ապօրինի գույքի բռնագանձման արդյունքները չեն երևում։ Տարիներ շարունակ ապօրինի գույքի բռնագանձումից են խոսում, բայց տակը դատարկություն է։

Մինչև հիմա ապօրինի գույքի բռնագանձման գործերով կա դատարանի օրինական ուժի մեջ մտած ընդամենը մեկ վճիռ։ Այն էլ՝ չնչին գումարի չափով։

«2025 թվականին օրինական ուժի մեջ է մտել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով առաջին վճիռը: Վճռի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարանի և Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տան նկատմամբ, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650.000 դրամ (շուրջ 750.000 ԱՄՆ դոլար): Բացի այդ, Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է 50.000 եվրոյին համարժեք 20 միլիոն 634.000 դրամ և 878.000 դրամ»,- ամփոփելով ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքներն՝ արձանագրել է Գլխավոր դատախազությունը։

Կարդացեք նաև

Այսքան տարվա ընթացքում ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում հաշտության ևս 9 համաձայնություն է կնքվել։ Դրանցով պետությանն է փոխանցվել 7 անշարժ և 2 շարժական գույք։ Որոշները հայտնի «ինքնակամ» նվիրատվություններն են, որոնք կարող են հետագայում պատուհաս դառնալ պետության վրա։։

Հաշտության համաձայնություններով փոխանցված դրամական միջոցներն էլ կազմել են ընդամենը 5 միլիարդ 126 մլն դրամ։ Եթե վերածենք տարադրամի, այսօրվա փոխարժեքով կստացվի գրեթե 13 մլն դոլար։

Սա է այն ամբողջը, որն այսքան տարի ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում վերադարձվել է պետությանը։ Խոսքը չնչին գույքերի ու գումարների մասին է, չնայած դա չի խանգարում տարբեր առիթներով տարիներ շարունակ պտտելու նույն սկավառակը՝ հազարավոր գույքերի ու հարյուր միլիարդավոր դրամների ապօրինի գումարների մասին։

«2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, դատարաններում քննվող հայցերի թիվը 155 է, որոնց ընդհանուր հայցագինը կազմում է 595 միլիարդ 817 միլիոն դրամ: Այդ հայցերով Դատախազությունը պահանջում է հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 324 շարժական, 1463 անշարժ գույքեր, 440 իրավաբանական անձանցում մասնակցություն, դրամական պահանջը կազմում է 518 միլիարդ 428 միլիոն դրամ (այս թիվն ունի աճման միտում՝ պայմանավորված նրանով, որ ոչ բոլոր գույքերի շուկայական արժեքն է պարզված, պարզված չեն նաև իրավաբանական անձում մասնակցությունների արժեքները)»,- սա դատախազության հերթական հայտարարությունն է՝ ապօրինի գույքի բռնագանձումների վերաբերյալ։

Այսպիսի հայտարարություններ վերջին տարիներին հարյուրավոր անգամներով ենք լսել, իսկ արդյունքն օրինական ուժի մեջ, մտած այն միակ դատական վճիռն է, որով վերադարձվել է մի քանի հարյուր միլիոն դրամ։

Մյուս 150-ից ավել հայցերով վճիռ չկա ու հայտնի էլ չէ, թե ե՞րբ կլինի կամ ընդհանրապես կլինի՞, թե՞ ոչ, բայց իշխանությունները թեման մշտապես «տաք են պահում», սրան-նրան առնչվող «ապօրինի գույքերի» ու դրամական միջոցների առնչությամբ հայտարարություններ են անում, զրպարտում են՝ հաշվի չառնելով, որ դրանց վերաբերյալ չկան օրինական ուժի մեջ մտած որոշումներ։ Հատկապես որ, քիչ չեն դեպքերը, երբ հայտարարվող «ապօրինությունները» պարզապես չեն հաստատվում։ Բայց դա ում է հետաքրքրում։

Այն, որ հայցադիմումներ են ներկայացրել «ապօրինի ծագում» ունեցող գույքը բռնագանձելու վերաբերյալ, դեռ ոչինչ չի նշանակում։ Փաստն այն է, որ այսքան տարի օրինական ուժի մեջ մտած ընդամենը 1 վճիռ կա կայացված։ Ու դեռ մեծ հարց է, թե ինչ կլինի մյուս հայցադիմումների ճակատագիրը։

Նախկինների «թալանի» ու «ապօրինի ծագում» ունեցող գույքի վերաբերյալ արվող հայտարարություններով՝ փորձում են մոռացության տալ իրենց արածները։

Նախկինների թալանն են մատնացույց անում, իրենցը չտեսնելու են տալիս։ Կարծում են՝ ժողովուրդը կույր է ու չգիտի, թե իրենք ինչպես են թալանում երկիրը, ինչպես են հարստանում օրինական ու անօրինական միջոցներով, ինչպես են գաղտնի ու ոչ գաղտնի որոշումներով միլիարդներ հանում պետական բյուջեից, ինչպես են դրամական միջոցների, շարժական ու անշարժ գույքերի տեր դառնում։

Եվ դա միայն թալանի երևացող մասն է։ Ինչեր կարող են լինել, որոնք դեռ չեն երևում, հետո են դուրս գալու ջրի երես։ Միայն հայտնի պարգևավճարներն ու հավելավճարները չեն, բյուջեն թալանելու բազմաթիվ ձևեր են հորինել։ Տարեկան արդեն մի քանի հարյուր միլիոն դոլարի է հասնում հիփոթեքով ձեռք բերած իրենց բնակարանների եկամտային հարկերի վերադարձը։ Անցած տարի դրա համար բյուջեից 250 միլիոն դոլարից ավել են հանել։ Այս տարի պատրաստվում են ավելի շատ հանել։

Բյուջեն թալանելու հայտնի միջոցներից մեկն էլ գնումներն են։ Նախկիններին էին մեղադրում գնումների ոլորտում կոռուպցիոն շղթաներ ստեղծելու մեջ։ Իրենք գնումների համակարգը վերածել են յուրայինների համար բացահայտ փող աշխատելու միջոցի։ Որքան մեկ անձից կատարվող գնումները «կրճատում» են, այնքան դրանք ավելանում են։ Պայմանագրերն էլ մշտապես նույն ընկերությունների հետ են կնքվում ու այնպես է ստացվում, որ այդ ընկերությունները շատ հաճախ ուղղակի կամ անուղղակի կապ ունեն իրենց ու իրենց շրջապատի հետ։ Միայն մեկ անձից գնումների պարագայում չէ, որ այդպես է, հետաքրքիր զուգադիպությամբ՝ այլ գնումների դեպքում էլ է այդպես։

Պետական բյուջեից, «թափանցիկ» ու գաղտնի որոշումներով, միլիարդավոր դրամներ են դուրս գրում։ Ասենք՝ կարող են առանց մրցույթի, մի քանի հարյուր հազար դոլար տալ մեկի, նրա համար, որ գրքույկ է հրապարակել Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» մասին։ Ամբողջ զավեշտն այն, որ այս ամենը տեղի է ունենում մի երկրում, որտեղ պետական բյուջեն համարում են «բոլորի գրպանը, բայց «բոլորի գրպանի» հաշվին միայն պաշտոնյաներն ու նրանց շրջապատն են հարստանում, իսկ հասարակ քաղաքացու համար բյուջեն միշտ չի հերիքում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս