Էդ լոլոները ուրիշ տեղ պատմեք… դա այն է, ինչ ուզում են թուրքերը. Ռուբեն Մելքոնյան
«Թուրքիայի արտաքին քաղաքական հայեցակարգի մեջ, որն ավելի հայտնի է՝ որպես Դավութօղլուի տեսություն, կա 2 թիրախ՝ աշխարհասփյուռ ցանցային կառույց Հայոց Եկեղեցին և հայկական Սփյուռքը: Ֆիքսված է նաև՝ ինչ անել հայկական Սփյուռքի դեմ՝ պառակտել ու ստեղծել թուրքական սփյուռքները: Նույնը գրված է նաև Հայ Եկեղեցու վերաբերյալ՝ պետք է քայքայել, որ Հայոց եկեղեցին չխոսի Ցեղասպանության մասին: Սա արվել է և արվում է, և ցավալի է, որ հիմա նույն այդ քայլերն իրականացնում են Հայաստանի ներսում»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։
Վերջինս նշեց՝ պատմականորեն նույնպես այդպես է եղել:

«Թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի ելույթները կան, որոնցում նա անուններով որպես թիրախներ է դիտարկում Հայ Առաքելական եկեղեցու նվիրապետական աթոռների գահակալներին: Հայոց հայրապետները միշտ ուղիղ կամ ենթագիտակցական թիրախներ են թուրքերի համար: Գարեգին Երկրորդն էլ եղել ու շարունակում է մնալ թուրքական թիրախում: Հստակ կարող ենք ասել, որ Ամենայն Հայոց կաթողիկոսներն ինստիտուցիոնալ թիրախ են՝ Թուրքիայի, և անձնապես թիրախ են՝ թուրք տարբեր ղեկավարների համար: Հետևաբար՝ այն, ինչ արվում է հիմա, եկեղեցու դեմ է և թուրքական պահանջ:
Գարեգին Երկրորդը, ՔՊ-ականնե՛ր, ձեզնից առաջ Թուրքիայի թշնամին էր: Ես չեմ վախեցնում մարդկանց, ես թուրքագետ եմ, 30 տարի դրանով եմ զբաղվում, իմ խոսքերի տակ փաստեր կան, որ տարիներով ուսումնասիրել եմ… Դա այն է, ինչ ուզում են թուրքերը: Ոչ ոք ինձ չի կարող հակառակում համոզել, որովհետև ես դրա մասնագետն եմ: Հետևաբար՝ էդ լոլոները՝ եկեղեցու բարենորոգում անունով, ուրիշ տեղ պատմեք: Նախ ինքներդ ձեզ բարենորոգեք, հետո անցեք մյուսներին»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
