Փաշինյանը «սպառնացել» է բանակին և զինվորականությանը՝ չպետք է ամեն տեսակի սպառազինություն ունենալ

«Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անվտանգությանը և բանակին սպառնացող հերթական ելույթն է ունեցել:

«Մենք անընդհատ ասել ենք, որ մեզ պետք է ուժեղ բանակ, բայց սա էլ է այն թեմաներից, որ պետք է հարց տանք մեզ՝ իսկ ի՞նչ է նշանակում ուժեղ բանակ: Իսկ ուժեղ ումի՞ց՝ մեկ պայմանական հակառակորդի՞ց, երկու պայմանական հակառակորդի՞ց, երե՞ք, թե՞ չորս պայմանական հակառակորդից:

Եթե մեր ռազմավարությունն այն է, որ մենք ուժեղ բանակ պետք է ունենանք համեմատաբար մեկ պայմանական հակառակորդից, իսկ ո՞րն է լինելու մեր արձագանքը, եթե պարզվի, որ մեկ պայմանական հակառակորդն ունի իր հետ ևս 3 կամ 4 գերուժեղ ներգրավված կողմ: Ստացվելու է, որ մեր ռազմավարությունը զրո է, ոչ մի բան չարժի: Կամ՝ երբ ասում ենք՝ ուժեղ բանակ, դաշնակիցների հետ միասի՞ն, թե՞ առանց նրանց:

Ո՞րն է եղել մեր կոնցեպտը: Մենք երբ որ ասել ենք՝ ուժեղ բանակ, նկատի ենք ունեցել դաշնակիցների հետ միասի՞ն, թե՞ առանց նրանց: Եթե նրանց հետ միասին, այստեղ տասնյակ հարցեր են ծագում: Եթե առանց նրանց, այստեղ էլ են հարցեր ծագում: Իսկ ո՞րն է բանակի խնդիրը, ի՞նչ խնդիր է պետությունը դնում բանակի առջև: Հայաստանի բանակը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք ու խնդիր չունի, բանակի խնդիրը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է: Սա է լեգիտիմության ռազմավարությունը բանակի դեպքում, որը տվել է կոնկրետ աներևակայելի արդյունք»,- մասնավորապես հայտարարել է նա:

Կարդացեք նաև

Նկատենք, որ Փաշինյանն Ադրբեջանին և Թուրքիային համարում է ոչ թե սպառնալիք, ոչ թե հակառակորդ, այլ՝ պայմանական հակառակորդ: Ի վերջո, նա զորավարժությունների սցենար չի փոխանցում, որ նման ձևակերպում օգտագործի: Սա հուշում է, որ առաջիկայում ՀՀ զինված ուժերին առնչվող մարտական պատրաստության, կիրառման կամ համապատասխան բոլոր ռազմական պլանները փոխվելու են և դրանք հիշեցնելու են համակարգչային խաղերի սցենար, որտեղ կա պայմանական կամ վերացական հակառակորդ:

Փաշինյանը նաև հարց է բարձրացնում՝ ուժեղ բանակ դաշնակիցների՞ հետ, թե՞ առանց դաշնակիցների: Իսկ արդյոք ինքն իրեն հարց տվե՞լ է՝ Ադրբեջանի բանակն առանց Թուրքիայի ռազմական աջակցության կարո՞ղ էր հաղթել 44-օրյա պատերազմում, թե՞ կպարտվեր, եթե միայն սեփական բանակով կռվեր, որը մի քանի անգամ գերազանցում էր հայկական բանակին իր հզորությամբ: Եվ արդյո՞ք ադրբեջանական բանակն իր ուժերը և կարողությունները կարող էր վերականգնել առանց Թուրքիայի աջակցության: Իհարկե՝ ոչ:

Ի դեպ, սեպտեմբերի 14-ին Ալիևն այցելել է օկուպացված Մարտունու շրջան՝ Կարմիր շուկա, Սոս գյուղեր, ինչպես նաև՝ Հադրութ, որտեղ բնակեցվածների հետ հանդիպմանը հայտնել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմի և «հակաահաբեկչական» օպերացիայի ժամանակ իրենք ունեցել են էլ ավելի քան 3000 շեհիդ (իհարկե, սա կարող է իրական թիվը չլինել), և, որ սա տեղի չէր ունենա, եթե Հայաստանի ղեկավարությունը ժամանակին լսեր իր խոսքերն ու իր կամքով լքեր «ադրբեջանական հողերը»:

Այսինքն, 44-օրյա պատերազմում, երբ միայն ադրբեջանական բանակը չէր կռվում, և 2023 թվականին, երբ հայկական կողմից ՊԲ-ն միայնակ և հյուծված էր, հայկական կողմը թշնամուն կամ հակառակորդին պատճառել է այնքան մարդկային կորուստ, որ Ալիևը ստիպված է արդարանալ իր ժողովրդի առաջ, թե դա իր մեղքով չէ:

Ավելորդ է նշել թուրք զինծառայողների, վարձկանների կորուստների կամ այն մասին, որ 44-օրյայի  բուն ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմը շատ ավելի քիչ տարածք է կորցրել, քան դրանից դուրս, և անգամ այս դեպքում Ալիևը, ինչպես 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի օրերին խոստովանել էր Փաշինյանը, բավարարված չէր 44-օրյա պատերազմի արդյունքից, քանի որ կար Արցախ, նա ուներ շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում էր ՌԴ-ն և ոչ միայն, և Լաչինի միջանցք կար՝ Արցախ-Հայաստան կապ ապահովելու համար: 44-օրյա պատերազմը կարող էր այլ ելք ունենալ կամ առնվազն այս արդյունքով չլիներ պարտությունը, լիներ Արցախը,  որից Ադրբեջանը գոհ չէր լինի:

Բայց այդ, եթե հայկական բանակը չէր կարող հաղթել առանց դաշնակիցների, երբ հակառակորդի կողմից 44-օրյայում ներգրավված էր մի քանի կողմ՝ Թուրքիա, Իսրայել, Պակիստան, ապա ինչո՞ւ Փաշինյանը ի գիտություն չի ընդունել ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի սառը հաշվարկը։ 

Իսկ գեներալը պատերազմից առաջ և պատերազմի օրերին հենց այս մասին էր զգուշացնում՝ այլևս միայն Ադրբեջանը չէ Հայաստանի հակառակորդը, և եթե ՀԱՊԿ անդամ երկրների և հատկապես Ռուսաստանի, ինչպես նաև՝ տարածաշրջանի պետությունների հետ՝ Իրան և Վրաստան, հարաբերությունները կտրուկ չբարելավվեն և բարեկամաբար տրամադրվեն, որը թույլ կտա կանխել պատերազմը կամ պատերազմի դեպքում ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծել, ապա պետք էր 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը, «հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Այսօր Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանի բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք ու խնդիր չունի, բանակի խնդիրը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է: Այս թեմային ոչ մեկ անգամ անդրադարձել ենք, որ ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ, և, որ փաստացի Փաշինյանն արգելում է բանակին մտնել միջազգայնորեն ճանաչված 200 քկմ ՀՀ ինքնիշխան տարածք, քանի որ դա 29.743 քկմ-ի մեջ է մտնում, ինչի մասին հենց ինքն է խոստովանել:

Իսկ Փաշինյանն անդրադարձել է նաև զենքի ձեռքբերումներին նախկինում և վերջին 2-3 տարիներին:

«Նախկինում Հայաստանի համար զենքի ձեռքբերման շուկաները խիստ սահմանափակ էին, հիմա՝ անսահմանափակ են: Նախկինում զենքի ձեռքբերման շուկաները խիստ սահմանափակ էին՝ և՛ աշխարհագրությամբ, և՛ հասանելիությամբ, հիմա մեր շուկաները, ըստ էության, անսահմանափակ են: Բայց այնպես չի, որ մենք ձգտումներ ունենք բոլոր տեսակի սպառազինություն ունենալ: Մենք հիմա բանակը բարեփոխում ենք այդ տրամաբանությամբ:

Եթե քո անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն՝ դու չունես անվտանգություն։ Այդ նախադասությունը չպետք է օգտագործել ընդհանրապես: Ավելին ասեմ՝ բանակը նույնիսկ անվտանգության երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը պետք է չլինի, բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջինը, ընդ որում՝ եթե վերջինը վեցերորդն է, արդեն վատ է, քանի որ դա նշանակում է, որ բանակից առաջ ունես 5 անվտանգության այլ գործիք, պիտի այնպես անես, որ բանակը լինի 15-րդը, 20-րդ գործիքը, 50-րդը, 100-րդը:

Եթե մենք ուզում ենք բանակը մեզ պաշտպանի, մենք պետք է պաշտպանենք բանակին, եթե մենք ուզում ենք՝ զինվորը մեզ պաշտպանի, մենք պետք է առաջինը պաշտպանենք զինվորին: Մենք հիմա խոսում ենք պաշտպանունակ բանակի մասին, ոչ թե պարզապես մարտունակ, որովհետև մարտունակ բառը չի արտահայտում խնդիրը, մարտունակ՝ ի՞նչ խնդիր լուծելու համար։ Ո՞րն է այն հայեցակարգը, որն ինքը հետապնդում է, ո՞րն է այն տեսլականը, որին ինքը հավատում է»,- շեշտել է Փաշինյանը:

Թե որքան է Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը պաշտպանել զինվորին պատերազմի ժամանակ և դրանից հետո, ավելորդ է ասել: Իսկ եթե ընդունենք, որ բանակը պետք է անվտանգության ապահովման վերջին գործիքը լինի, ապա ինչո՞ւ ժամանակին սրա մասին չէր մտածում, որպեսզի կանխվեր պատերազմը, ինչո՞ւ չեն իրականացվել քաղաքական, դիվանագիտական համապատասխան միջոցառումներ, որն առաջարկել է նախկին ռազմական ղեկավարությունը, ինչո՞ւ նրանց չի տեղեկացվել բանակցային գործընթացի մանրամասներին, պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Ինչո՞ւ է բանակը հայտնվել պատերազմական իրավիճակում, և շատ դեպքերում այս կամ այլ հարցերի լուծումները թողել են հենց ռազմական ղեկավարության և բանակի վրա: Ինչո՞ւ ճիշտ դերաբաժանում չի կատարվել: Այս հարցերի պատասխանները պետք է հնչեցնի Նիկոլ Փաշինյանը:

Իսկ այսօր աշխարհում բանակի դերը ոչ թե նսեմացվում, այլ բարձրացվում է, այսինքն՝ ուժի գործոնը թելադրող է, և հենց դա է թույլ տալիս բանակցություններում ամուր դիրքեր ունենալ: Այս մասին մշտապես խոսում է թե՛ Ալիևը, թե՛ Էրդողանը: Մասնավորապես, Ալիևն օկուպացված Մարտունու շրջանում շեշտել է՝ «որպեսզի ապրենք խաղաղ պայմաններում, իհարկե, անհրաժեշտ էր ուժը»: Եվ այսօր էլ Ալիևն այս տրամաբանությամբ է շարժվում:

Ինչ վերաբերում է զենքի ձեռքբերումներին, ապա Փաշինյանը խոստովանել է, որ սահմանափակումներ են մտցված՝ չեն կարող ամեն տեսակ զենք ունենալ, գուցեև՝ պայմանավորվածություններ են չեղարկվել, քանի որ չեն կարող ունենալ մարտունակ բանակ, այլ՝ պաշտպանունակ բանակ: Այսինքն, ոչ թե մարտ վարելու ունակ, այլ՝ պաշտպանվող, թեպետ հարց է՝ կարո՞ղ է պաշտպանվել:

Ի դեպ, այս միտքը եկավ հաստատելու, որ «հրթիռների գործը», թերևս, հեռահար նպատակ ուներ, և պետք էր «ազատվել» բանակին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի «ծառայություններից»:

Իսկ Փաշինյանն այնուհետև շարունակել է, թե բանակում պիտի ընդունեն իր առաջադրած գաղափարախոսությունը և քաղաքական հայեցակարգը, ռազմավարությունը: Ավելին՝ նա մեկ օրինակով ակնարկել է, որ անգամ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունը հնարավոր չէ, եթե լինի հայեցակարգային բախում:

«Այնտեղ, որտեղ կա հայեցակարգային բախում, այդտեղ ոչ միայն հնարավոր չի, այլև վտանգավոր է, և ես ինքս արգելել եմ նման ֆորմատների համագործակցությունը՝ հանձնարարական տալով մյուս ֆորմատների համագործակցությունն ընդլայնել հնարավորինս»,- ընդգծել է նա:

Մինչդեռ նախկին իշխանությունների օրոք նման սահմանափակում երբեք չի դրվել: Սա բավականին վտանգավոր միտք է: Արդյո՞ք նման պահանջ չի դրվի նաև բանակի ներսում, հատկապես, երբ մոտ 2 տարի առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր.

«Մեզ մոտ կասկածներ կան, որ Հայաստանում շատ ուժեր կան, որոնք չեն ցանկանում խաղաղություն, հատկապես՝ բանակում: Ըստ երևույթին, նրանք նախկին իշխանությունների դրածոներն են»:

Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ըստ էության, տվել էր զինված ուժերից մի շարք պաշտոնանկությունների պատճառները: Մյուս կողմից, բանակում շարունակում են պաշտոններ զբաղեցնել բարձրաստիճան զինվորականներ, որոնք 2021 թվականի փետրվարին համարում էին, որ Փաշինյանի իշխանության անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին:

Արդյո՞ք նրանք հիմա այլ կարծիքի են և պատրաստ են ընդունել Փաշինյանի պարտադրած ռազմավարությունը՝ գուցե դեմ գնալով իրենք իրենց…

Տեսանյութեր

Լրահոս