Եթե ԱՄՆ-ից ասեն՝ կգնաք, Հայաստանում անցանկալի անձ համարվող կոնկրետ ադրբեջանցու սահմանին լիմուզինով կդիմավորեք, կբերեք Սյունիքով կանցկացնեք, հենց այդպես էլ կանեն. Բենիամին Պողոսյան
Կրկնում եմ՝ Ադրբեջանը զրո (0) ցանկություն ունի ստորագրել Խաղաղության պայմանագիրը, և այս համատեքստում Ադրբեջանի պահանջները սոսկ պատրվակներ են։ Նա այդ պայմանագիրը կստորագրի մի դեպքում՝ եթե նրան լրջորեն ստիպեն, ու ստիպողը պետք է լինի լուրջ պետություն, որն այս պահին չկա։ Այս մասին «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բենիամին Պողոսյանը։
Ինչ վերաբերում է TRIPP-ի նախագծից ադրբեջանական սպասումներին, փորձագետը նկատեց՝ ադրբեջանցիների գլխավոր պայմանը կատարված է, բայց դա ամենը չէ:
«Ադրբեջանցի փորձագետներն ասում են, որ TRIPP-ի փաստաթուղթն իրենց բավարարել է մասամբ։ Նրանք ասում են՝ մեր այն պայմանը, որ ադրբեջանցիները հայի երես չեն տեսնելու, այո, բավարարված է ՀՀ իշխանությունների կողմից։ Սակայն Ադրբեջանի երկրորդ, ամենահիմնական պահանջը վերաբերել է նրան, որ Հայաստանը պետք է սոսկ տեղեկացվի՝ ովքեր ու ինչ բեռներ են անցնելու այդ տարածքով, բայց վերահսկելու ու որոշումներ կայացնելու հնարավորություն չի ունենալու։ Բայց TRIPP-ի փաստաթղթի մեջ գրված է, որ բեք օֆիսը, այսինքն՝ Հայաստանի իշխանությունը, որոշումներ կայացնելու լիարժեք իրավասություն ունի։ Ադրբեջանին սա չի բավարարում, դժգոհ են։
Բայց իրենց հույսն այն է, որ փաստաթուղթը չունի իրավական ուժ։ Ենթադրում եմ, որ հարցը լուծելու համար պետք է ստորագրվեն իրավաբանական ուժ ունեցող պայմանագրեր։ Իրենց պատկերացմամբ՝ իրենք հիմա 100 տոկոս անխոչընդոտ անցում չեն ստացել, և ասում են՝ ամեն ինչ անելու են, որ իրավական փաստաթղթերում ամրագրվի դա»,- ասաց Բենիամին Պողոսյանը:

Նրա խոսքով՝ քանի դեռ մենք ապրում ենք ջունգլիների աշխարհում, պետք է ամեն ինչ անել գլխավոր առյուծին չբարկացնելու համար:
«Եթե Ամերիկան ասի, որ Հայաստանում անցանկալի անձ համարվող որևէ ադրբեջանցի պիտի Սյունիքով անցնի Նախիջևան, Հայաստանի ներկայացուցիչները լիմուզինով կգնան, կդիմավորեն նրան, կտանեն, հանգիստ կանցկացնեն։ Այս իրավիճակը կարող է փոխվել մի դեպքում, եթե ռուսներն ու ամերիկացիները պայմանավորվեն, որ TRIPP-ում ռուսներն էլ են դեր ունենալու, և այս հարցում ասողը Ռուսաստանն է լինելու։ Այս դեպքում էլ նույն ազդակը կարող է գալ Ռուսաստանից։ Ցավոք, մենք փոքր և թուլացած պետություն ենք, և մեր պարագայում գործում է ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի իրավունքը»,- ասաց Բենիամին Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
