Ի՞նչ անել կարճատեսության դեպքում. Ակնո՞ց, լինզա՞, գիշերային ոսպնյա՞կ, թե՞ լազերային վիրահատություն
Կարճատեսությունը տեսողության տարածված խնդիր է, երբ մոտ գտնվող առարկաները երևում են պարզ, մինչդեռ ավելի հեռու գտնվող առարկաները՝ մշուշոտ: Կարճատեսության զարգացման պատճառների, առաջարկվող լուծումների մասին զրուցել ենք «Աչքի առողջության ինստիտուտի» աչքի բորբոքային հիվանդությունների ծառայության ղեկավար Արաքս Դավթյանի հետ։

– Ի՞նչ է կարճատեսությունը և որքա՞ն հեռավորության վրա գտնվող առարկաները չտեսնելու դեպքում են մարդուն համարում կարճատես։
– Կարճատեսությունը մի վիճակ է, երբ բուժառուները տեսնում են առարկաները որոշակի հեռավորության վրա։ Ընդ որում, համարվում է, որ նորմայում անվերջությունից եկող առարկաները մենք կարող ենք տեսնել, լույսը ընկնում է, այսպես կոչված, անվերջությունից, իսկ կարճատեսները տեսնում են սահմանափակ տարածության վրա։ Թե կոնկրետ ի՞նչ հեռավորության վրա կարող են տեսնել առարկաներ կամ իրեր, որը մենք համարենք կարճատեսություն, նման դասակարգում, որպես այդպիսին, չկա, և ինչքան էլ տարօրինակ հնչի, կարող է, օրինակ, -1 և -3 կարճատեսություն ունեցող բուժառուներն ունենան լրիվ նույն տեսողությունը։
– Բայց ինչո՞ւ։
– Դա պայմանավորված է նրանով, թե ինչպես է օրգանիզմը հաղթահարում այդ կարճատեսությունը՝ իր ֆունկցիաների, կարողությունների շնորհիվ։
– Կարճատեսությունը հիմնականում զարգանում է դեռահասների մո՞տ։
– Ո՛չ, կարող են մարդիկ այդպես ծնվել։ Հատկապես բարձր կարճատեսություն ունեցող մարդիկ ծնվում են արդեն կարճատես, բայց, այո, այն կարող է զարգանալ նաև դեռահասության տարիքում, մինչև դեռահաս տարիքը և այլն։ Կարճատեսության դեպքում աչքի չափերը սովորականից մի փոքր մեծ կարող են լինել, ուստի, երբ երեխաները մեծանում են, աչքի չափերը փոխվում են, կարճատեսությունը կարող է աճել։
– Ո՞ր տարիքում է տեսողության վատացումը կանգ առնում։
– Համարվում է, որ մինչև 18, 19 տարեկանը պետք է կանգ առնի կարճատեսությունը, սակայն հաճախ մենք տեսնում ենք նաև աճ դրանից հետո, ուստի, եթե բուժառուն որոշել է կատարել լազերային շտկման վիրահատություն, ապա պետք է հատկապես 18-21 տարեկանում հստակ հասկանան, որ կարճատեսությունը կանգ է առել։
– Կան երեխաներ, ովքեր ծնողներին չեն ասում, որ լավ չեն տեսնում։ Այս դեպքում ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն, որպեսզի հասկանան՝ երեխայի մոտ զարգացել է կարճատեսություն։
– Ցավոք, նման փորձ կա, բայց հիմա երեխաներին մինչև դպրոց տանելն առողջության առաջնային օղակում հիմնականում խնդիրը բացահայտվում է, սակայն, եթե ծնողները կնկատեն, որ երեխան նստում է հեռուստացույցին շատ մոտ, երբ հեռվից ինչ-որ առարկաներ չի տարբերում, ապա պետք է դիմել բժշկի։ Ընդ որում, փոքր տարիքի երեխաների մոտ ավելի արտահայտված կարող է լինել նաև հեռատեսությունը և ժամանակի հետ փոքրանալ, նույնիսկ որոշ դեպքերում՝ նաև անցնել։
– Եթե մեծահասակն ունի հեռատեսություն, իր մոտ տարիքի հետ կարո՞ղ է զարգանալ կարճատեսություն։
– Չէ, ուղղակի ընդունված նման ձևակերպում կա, և երևի հիմնականում կարճատեսներին է վերաբերում։ Աչքի զարգացումն այնպես է, որ բոլորի մոտ 40-ից հետո նորմալ տեսնող աչքը սկսում է վատանալ։ Դա աչքի ֆիզիոլոգիան է, և նրանք ստիպված են լինում կրել ակնոցներ կամ կոնտակտային լինզաներ։ Հիմա կա նաև լազերային շտկման տարբերակը։ Իսկ կարճատես աչքերը, քանի որ իրենց մոտիկ տեսնելու կետը շատ ավելի մոտ է, ակնոցի կարիք չեն ունենում, առանց ակնոց մոտիկը տեսնում են։
– Ընդհանրապես ակնոցը նպաստո՞ւմ է տեսողության լավացմանը, թե՞ զուտ կրում են, որպեսզի լավ տեսնեն։
– Նախ պետք է հասկանանք՝ ակնոցը որ տարիքից են կրում։ Երեխաների մոտ մինչև կարճատեսության կանգ առնելն ունենք ակնոցային ոսպնյակների հատուկ տեսակներ, որոնք նպաստում են կարճատեսության կանգին, այսինքն՝ ունեն հատուկ դիզայն, հատուկ բեկման տարբերություններ՝ ստանդարտ ապակիներից, որոնք կախում են կարճատեսության աճը։ Նման դեպքերում, այո՛, մենք ոչ թե խոսում ենք տեսողության լավացման, այլ կարճատեսությունը կանգնեցնելու մասին։ Իսկ ընդհանրապես ակնոցները չեն փոխում տեսողությունը, այսինքն՝ զուտ լույսը ճիշտ բեկում է, ճիշտ տեղով հասցնում է ակնահատակ, որ մարդը լավ տեսնի։
– Եթե ամբողջ օրը կրում են ակնոցը, հանելուց հետո շատ վատ են տեսնում․ դա ինչի՞ հետևանք է։
– Որովհետև եթե ակնոց չեն կրում՝ աչքն իր մկանային ապարատի շնորհիվ փորձում է հնարավորինս չեզոքացնել խնդիրը՝ լարվում է, իսկ ակնոցով աչքն ավելի հանգիստ է, դրա համար հանելուց հետո, թվում է՝ շատ ավելի վատ են տեսնում, բայց որոշ ժամանակ հետո այդ զգացողությունն անցնում է։
– Օպտիկական ոսպնյակներն ակնոցի նույն դե՞րն են կատարում․ ունե՞ն բացասական կողմեր։
– Օպտիկական ոսպնյակներն ունեն և՛ դրական, և՛ բացասական կողմեր։ Դիմում ենք հատկապես այդ կոնտակտային լինզաների նշանակմանն այն դեպքում, երբ 2 աչքերի տարբերությունը բավականին մեծ է, օրինակ՝ մի աչքում ունենք -7, մյուսում՝ -2, նման ակնոցային կորեկցիան բուժառուների համար անտանելի է, ուստի այդ դեպքում դիմում են կոնտակտային լինզաների օգնությանը, քանի որ դրանք անմիջապես հպվում են աչքի մակերեսին և գլխացավեր, ակնոցին չհարմարվելու երևույթներ չեն առաջացնում, ինչպես նաև ապահովում են բավականին լայն տեսադաշտ։ Բայց, այո՛, կոնտակտային լինզաներն ունեն իրենց խնդիրները․ օգտագործելիս պետք է պահպանել հիգիենայի կանոնները, քանի որ դրանց հետ կապված կարող ենք ունենալ բորբոքումներ, իսկ ծանր տեսակները նույնիսկ կարող են հանգեցնել աչքի կորստի։ Ծանր կերատիտներն ասոցացվում են կոնտակտային ոսպնյակների կրման հետ։

– Մարդիկ կան՝ դրանցով քնում, արթնանում են։
– Այո, շատ վատ են անում։ Իրականում գերշնչող լինզաներով թույլատրվում է քնել, բայց բոլոր բուժառուներին խորհուրդ եմ տալիս քնելուց առաջ, անկախ ամեն ինչից, հանել դրանք։ Իսկ եթե, օրինակ, չի ստացվել, որ հանեն՝ քնել են, գոնե առավոտյան հանեն լինզաները, թողնեն իրենց հեղուկի մեջ, որպեսզի ախտահանվեն։ Ամենալավագույն տարբերակը մեկօրյա լինզաներն են, երբ կրում են, երեկոյան հանում են և թափում։
– Արդեն գոյություն ունեն գիշերային ոսպնյակներ։ Ի՞նչ են դրանք։
– Դրանք հատուկ դիզայն ունեցող կոշտ ոսպնյակներ են։ Եղջերաթաղանթն աչքի գունավոր հատվածի դիմացի թափանցիկ թաղանթ է, որը մեզ համար կատարում է ապակու դեր, և նրա անատոմիական փոփոխությունից ելնելով էլ՝ կարող ենք ունենալ կարճատեսություն, հեռատեսություն և այլն։ Կոնտակտային լինզաները «նստում» են հենց եղջերաթաղանթի վրա, իսկ գիշերային ոսպնյակներն արդեն ավելի պինդ, կոշտ կոնտակտային լինզաներ են, որոնք հպվելով եղջերաթաղանթին՝ փոխում են նրա մակերեսը։ Եվ այդ փոփոխության շնորհիվ բուժառուներրն առավոտյան լինզաները հանելուց հետո կարող են ամբողջ օրը տեսնել լավ՝ առանց որևէ ակնոցի կամ այլ կորեկցիայի միջոցների։
Դրա էֆեկտը դարձելի է, այսինքն, եթե իրենք որոշ ժամանակ չեն կրում այդ լինզաները, եղջերաթաղանթը վերականգնում է իր ֆիզիոլոգիական տեսքը, և էլի տեսնում են վատ։
– Հակացուցումներ չունի՞, այսինքն՝ մինչև ո՞ր տարիքի մարդիկ կարող են դա օգտագործել։
– Տարիքային առումով, որպես այդպիսին, սահմանափակում չկա, բայց հիմնականում նախընտրում ենք նման ոսպնյակներ նշանակել ավելի ցածր տարիքային խմբին, հատկապես նրանց, ովքեր նեղվում են կամ ամաչում են ակնոց կրելուց, և այլն։ Նման մեթոդն ավելի թանկ է, քան սովորական կոնտակտային լինզաները, ակնոցները, և հաճախ, երբ կարճատեսությունը կանգ է առնում, մարդիկ դիմում են արդեն լազերային կորեկցիայի, որպեսզի ազատվեն խնդրից։
Օգտագործման ժամկետը 18 ամիս է։ Նշեմ, որ գիշերային ոսպնյակներն ընդգրկված են կարճատեսությունը կանգնեցնող մեթոդների շարքում, որովհետև հատկապես երեխաների շրջանում, որտեղ կա կարճատեսության աճի միտում, պարզապես սովորական ակնոց նշանակելը բավարար չէ՝ խոսելու կարճատեսության կանգի մասին։ Այսինքն՝ մենք կողքից պետք է ունենանք որոշակի բուժական կամ այլ կորեկցիայի մեթոդներ․ դրանք են՝ հատուկ կաթիլների, գիշերային ոսպնյակների, հատուկ ապակիների նշանակումը։
– Գոյություն ունեն նաև սկլերալ ոսպնյակներ։
– Դրանք արդեն մի փոքր այլ հիվանդությունների ժամանակ ենք նշանակում։ Կերատոկոնուս բառը, կարծում եմ, ծանոթ կլինի շատերին։ Դա արդեն, այսպես կոչված, անկանոն աստիգմատիզմ է առաջացնում, որն իրենից ներկայացնում է եղջերաթաղանթի բարակեցում և նրա ձևի փոփոխություն։ Նորմայում պետք է լինի օվալ, այս դեպքում դառնում է կոնաձև։ Այս լիզաները չափերով մի քիչ մեծ են, նստում են սկլերայի՝ աչքի սպիտակ հատվածի վրա, եղջերաթաղանթից մի փոքր առաջ, որպեսզի չհպվեն փոփոխված եղջերաթաղանթին, որևէ ձևով խնդիր չառաջացնեն։
Այն դրվում է հատուկ հեղուկով՝ ապահովելով բարձր տեսողություն։ Բացի կերատոկոնուսը՝ այն կարելի է նշանակել եղջերաթաղանթի տարբեր սպիներ ունեցող մարդկանց։ Դա հատկապես ծանոթ է նրանց, ովքեր երբևէ ունեցել են եղջերաթաղանթի հերպետիկ ախտահարում կամ ինֆեկցիոն ծագման այլ հիվանդություններ, որոնք ավարտվել են սպիի առաջացմամբ։ Երբեմն լազերային կորեկցիայից հետո կարող ենք ունենալ եղջերաթաղանթի բարակեցումներ, այդ դեպքում նույնպես կարելի է նշանակել սկլերալ լինզաներ, ու դրանց հաջորդ ցուցումն արդեն չոր աչքի համախտանիշն է։ Խիստ արտահայտված չորության պայմաններում նույնպես կարող ենք նշանակել սկլերալ ոսպնյակներ, որպեսզի աչքը պահենք հնարավորինս խոնավ։
– Լազերային վիրահատությունը որքանո՞վ է նպաստում տեսողության վերջնական վերականգնմանը․ հնարավո՞ր են կրկնակի վիրահատություններ։
– Հիմա տեխնոլոգիաները բավականին զարգացած են և մեկ անգամ ճիշտ ձևով վիրահատելուց հետո սովորաբար 2-րդ անգամի կարիքը չի լինում, սակայն կա, այսպես կոչված, ուղեղային հիշողություն, երբ համարվում է, որ ուղեղը հիշում է վատ տեսնելը, երբեմն 2-րդ անգամ աճելը հաճախ կապվում է դրա հետ, բայց լազերային կորեկցիայի դիմելուց առաջ հատկապես երիտասարդների մոտ պետք է հստակ տեսնել, որ կարճատեսության աճ չկա, որովհետև եթե կա կարճատեսության աճի միտում, ապա լազերային կորեկցիայից հետո, այո, կարող է աճել։
– Սովորաբար խորհուրդ են տալիս՝ ովքեր դեռ չեն ծննդաբերել՝ չդիմեն լազերային վիրահատությանը, որովհետև դրանից հետո կրկին տեսողությունը վատանում է։ Ճի՞շտ խորհուրդ է, թե՞ ոչ։
– Պարտադիր պայման չէ, և հենց ծննդաբերության հետ կապված չէ կարճատեսությունը, այլ հորմոնային ֆոնի փոփոխությունների, և այլն։ Եթե պլանավորվում է ծննդաբերություն մոտ շրջանում, ավելի լավ է լազերային կորեկցիա կատարել դրանից հետո, սակայն, եթե հղիություն պլանավորվում է 4-5 տարի հետո, պետք չէ սպասել այդքան։

– Քանի՞ րոպե է տևում լազերային վիրահատությունը։
– Բավականին կարճ։ Իրականում կախված է մեթոդի ընտրությունից, բայց սովորաբար պրոցեսը տևում է երևի 5-7 րոպե։
Կան լազերային վիրահատության տեսակներ, որ բուժառուն անմիջապես նկատում է տարբերություն։ Անկախ մեթոդից, եթե, օրինակ, շտկում ենք բարձր աստիճանի կարճատեսություն՝ միանգամից զգում են տարբերությունը, սակայն վերջնական տեսողությունը ձևավորվում է մոտավորապես 1 ամիս անց։
– Քանի՞ աստիճան պետք է լինի տեսողությունը, որ վիրահատեն։
– Ինչքան բարձր է կարճատեսությունը, այնքան ավելի խորությամբ պետք է եղջերաթաղանթի վրա աշխատենք, բայց եղջերաթաղանթն ի սկզբանե պետք է ունենա համապատասխան հաստություն, որ մեզ թույլ տա իր հետ աշխատել։ Օրինակ՝ կարող է լինել -3 կարճատեսությամբ բուժառու, ով ունենա բարակ եղջերաթաղանթ, որ թույլ չտա մեզ դա հեռացնել, և կարող ենք ունենալ – 7, -8, -9 կարճատեսությամբ բուժառու ու առանց ոչ մի խնդրի իր եղջերաթաղանթի շնորհիվ վերացնենք այդ խնդիրը։
– Մարդիկ, որոնց մոտ կարճատեսությունը գենետիկ է, եթե վիրահատվեն՝ վերջնական կազատվե՞ն կարճատեսությունից։
– Որպես այդպիսին, հստակ գենետիկա չկա, կա գենետիկ նախատրամադրվածություն, և, այո, հաճախ կարճատես բուժառուներն ունենում են կարճատես բալիկներ, բայց, այստեղ կարևոր է մինչև 18, 19-տարեկան դառնալը կարճատեսությունը հսկելը, որովհետև հաճախ, եթե ճիշտ ժամանակին ճիշտ միջոցառումներ են իրականացվում, ապա նույն կարճատես ծնողների բալիկների մոտ այդքան մեծ կարճատեսություն չի զարգանում։
– Լավ տեսողություն ունենալու համար ի՞նչ անել, շատ գազա՞ր ուտել։
– Շատ գազար կարելի է ուտել, իհարկե։ Գազար, հապալաս։ Ինչի մեջ կան վիտամին A, վիտամին E, այնպիսի նյութեր, որոնք սնում են մեր ակնահատակը։ Բայց կարևոր է նաև պահպանել աչքերի հիգիենան։ Կա երեք 20-ի կանոն, որն է՝ 20 րոպեն մեկ 20 վայրկյանով նայել 6 մետր հեռավորության վրա։ Դա թույլ է տալիս աչքերը հանգստացնել։ Աչքերը հանգստանում են հեռուն նայելիս։ Աշխատանքի ընթացքում 2-3 րոպեով ուղղակի պատուհանից դուրս կարող են նայել․ այդ ժամանակ աչքերը կհանգստանան։
– Երբ աչքերի առջև սև, սպիտակ փաթիլիկներ են երևում՝ դրանք խոսում են տեսողության վատացման մասի՞ն, թե՞ վիտամինների պակասի։
– Ո՛չ այն, ո՛չ այն։ Չգիտեմ որևէ մեկի, որ կյանքում մեկ անգամ չի տեսել նման պատկերներ իր աչքի առջև։ Դրանք աչքի խոռոչում, ակնագնդում լողացող պղտորումներ են, որոնք կարճատեսների մոտ ավելի շատ են լինում, քան սովորական դեպքերում, և հիմնականում կարող են կապված լինել նյութափոխանակության հետ։ Դրանց համար էլ հատուկ նախատեսված լազերային միջամտություններ կան, եթե կյանքի որակը գցում են։ Հաճախ այն կարող է լինել նաև խոլեստերինի հետ կապված՝ լինեն խոլեստերինի կուտակումներ։ Երբեմն կարող է խոսել բորբոքային խնդիրների մասին։
