Ի՞նչ նպատակով է ԱՄՆ փոխնախագահ Վենսը այցելում Հայաստան և Ադրբեջան. հանրահայտ Փոլ Գոբլի մեկնաբանությունը
Ամերիկացի հայտնի վերլուծաբան, Լաչինի ու Մեղրիի փոխանակումն առաջարկող հայտնի «Գոբլի պլանի» հեղինակ Փոլ Գոբլը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի սպասվող տարածաշրջանային այցն առաջին հերթին կապում է Իրանի հարցի հետ։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջեյմս Բեյքերի հատուկ խորհրդականը (1990-ականների սկզբին) ամերիկացի լրագրող Զոան Լիսոսկիին հարցազրույց է տվել, որը տեղադրվել է ադրբեջանցի լրագրող Սևինջ Օսմանքըզըի OSMANQIZI TV յություբյան ալիքում կարծիք է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը փորձում է այնպես անել, որ Իրանն ամբողջությամբ նահանջի իր դիրքերից, կուզենար առաջին հերթին հասկանալ, թե Իրանի հարևան երկրներն ի՞նչ կարիքներ ունեն և ի՞նչ համագործակցություն կարող են առաջարկել։
«Ամեն անգամ, երբ Միացյալ Նահանգների նախագահը կամ փոխնախագահը ինչ-որ տեղ են գնում, դա ինքնին կարևոր իրադարձություն է, դա ազդանշան է, և, իհարկե, փոխնախագահի Հարավային Կովկաս գնալը և նույն ուղևորության ընթացքում Ադրբեջան և Հայաստան այցելելը, այլ ոչ թե Վրաստան և Ռուսաստան, ևս ինչ-որ կարևոր բանի մասին է խոսում։ Կարծում եմ, որ Միացյալ Նահանգներն ունի հետաքրքրությունների մեծ ցուցակ, որը պարոն Վենսը քննարկելու է Ադրբեջանի պաշտոնյաների հետ», – նշել է Գոբլը։
Փոլ Գոբլի խոսքով՝ երկրորդ հերթին նախագահ Թրամփն ուզում է համոզված լինել, որ իր «միջանցքի ծրագիրը»՝ TRIPP (ԹՐԻՓՓ) նախագիծը Ադրբեջանից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և Թուրքիա, առաջ է գնում։
Գոբլի խոսքում ակնհայտ էր կողմնակալությունն ու անթաքույց համակրանքը Ադրբեջանի հասցեին։ Նա նշել է, թե Վենսի այցը կարևոր ցուցիչ է առ այն, որ Միացյալ Նահանգներն այժմ Ադրբեջանը համարում է մի ուժ, որի հետ պետք է հաշվի նստել Հարավային Կովկասում, և որ Միացյալ Նահանգներն այլևս չի դիտում Ադրբեջանը որպես նախկին խորհրդային տարածքի մի մաս։
«Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները դեռևս մնում են ցածր մակարդակի վրա, և կարծում եմ՝ ամերիկացիները միայն ուրախ կլինեն, եթե դա շարունակվի, քանի որ նրանք ուզում են համոզված լինել, որ Միացյալ Նահանգներն է գերիշխող ուժը տարածաշրջանում», – նշել է Գոբլը։
Վերադառնալով Իրանի թեմային՝ Փոլ Գոբլը նշել է, որ Բաքուն պաշտոնապես է հայտարարել, որ չի տրամադրելու իր տարածքը Իրանին հարված հասցնելու համար։ Ըստ վերլուծաբանի՝ դա արտացոլում է Բաքվի այն իրատեսական մոտեցումը, որ բացահայտ հակաիրանական դիրք գրավելը չափազանց վտանգավոր կարող է լինել Ադրբեջանի համար, իսկ իրանցիները չափազանց զգայուն են նման հարցերում։ Հիշեցնենք, սակայն, որ Իրանից մինչ օրս տարբեր գործիչներ համոզված հայտարարում են, որ իրանա-իսրայելական 12-օրյա պատերազմում Ադրբեջանի տարածքն ու ռեսուրսներն օգտագործվել են Իրանի դեմ, իսկ վերջերս նաև խիստ զգուշացումներ են հնչեցվում` ուղղված Ադրբեջանին:
Փոլ Գոբլը հարցազրույցում նշում է.
«Բայց ենթադրենք, որ Ամերիկան հարվածում է Իրանին։ Կա շատ իրական վտանգ, որ դա կարող է հանգեցնել հարավային Ադրբեջանի անջատման, կա վտանգ, որ կարող է Իրանից Ադրբեջան փախստականների զանգվածային հոսքեր լինեն։ Այս ամենը այն բաներն են, որոնց վերաբերյալ ամերիկացիներն ունեն իրենց տեսակետները, և, անշուշտ, ցանկանում են իմանալ, թե ինչ է մտածում Բաքուն։ Ես չխոսեցի այս հարցի հայկական մասի վերաբերյալ, բայց կարծում եմ, որ հայկական մասը ածանցյալ է Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի միջև TRIPP միջանցքի վերաբերյալ մտահոգությունից, այլ ոչ թե ինքնուրույն գործոն է։ Դա նաև ազդանշան ուղարկելու միջոց է, որ Հարավային Կովկասում կան երեք երկրներ, որոնցից մեկն այժմ սիրախաղ է անում Ռուսաստանի հետ, իսկ մյուս երկուսը՝ ոչ։ Ուրեմն ո՞ւր կուղարկեք փոխնախագահին։ Բնականաբար, դուք պետք է փոխնախագահին ուղարկեք այն երկու երկրներ, որոնք դա չեն անում, և կարծում եմ, որ սա է կարևոր միտքը։ Բայց այցը Բաքու ակնհայտորեն ավելի կարևոր է, իսկ մյուսն ավելի ածանցյալ է»:
Առավել ուշագրավ է նույն հարցազրույցում Փոլ Գոբլի արտահայտած մեկ այլ միտք՝ կրկին Իրանի թեմայի համատեքստում.
«Ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը կրոնապետություններ չեն, երկուսն էլ աշխարհիկ երկրներ են, ուստի նրանք Միացյալ Նահանգների կողմից են լինելու Իրանում փոփոխության հարցում»։


