Ալժիրի և ԱՄԷ-ի հարաբերություններում լարվածությունն աճում է
Ալժիրը ԱՄԷ-ի հետ օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը չեղարկելու գործընթաց է սկսել, որը ստորագրվել էր 2013 թվականին և վավերացվել նախագահի հրամանագրով 2014 թվականի դեկտեմբերի 30-ին։ Այս մասին հայտնում է Algérie Presse Service-ը։
Business Insider Africa-ի տվյալներով, այս որոշումը կարող է ազդել տնտեսական մի շարք ոլորտների, այդ թվում՝ ավիափոխադրումների, զբոսաշրջության և երկու երկրների միջև բեռնափոխադրումների վրա։
Ալժիրի և ԱՄԷ-ի միջև դիվանագիտական հարաբերություններում առկա լարվածությունը կարող է լինել այս քայլին նպաստող գործոններից մեկը։
Հարաբերությունները սրվել են անցած տարվա հոկտեմբերին, երբ Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունը հայտարարեց, որ Ալժիրի հարաբերությունները Պարսից ծոցի բոլոր պետությունների հետ ջերմ են, բացառությամբ մեկի, ինչը թաքնված ակնարկ էր ԱՄԷ-ի մասին։
Նա հարաբերությունները Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Օմանի և Քաթարի հետ անվանել էր «եղբայրական»՝ մեղադրելով այդ չնշված երկիրը Ալժիրի ներքին գործերին միջամտելու և երկիրը ապակայունացնելու փորձի մեջ
