ՊԵՏՔ ՉԷ ԿԱՑԻՆՆ ԱՌՆԵԼ ՈՒ ԸՆԿՆԵԼ ԱՃՈՂ ԼԻԴԵՐԻ ՀԵՏԵՎԻՑ, ԻՆՉ Է ԹԵ՝ ՆԱ ՁԵՐ ՃԱՄԲԱՐԻՑ ՉԷ.  2026Թ․ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԿԵՂԾՎԱԾ ԵՆ. ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտավորյա՞լ է մոռանում Փաշինյանի անունը, ծաղրո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին՝ նրան կոչելով «մյուս տղա», իսկ Հայաստանը քանիցս անվանում Ալբանիա:

Կարդացեք նաև

  • Այն օրակարգը, որ մեզ համար կենսական նշանակություն ունի, զրո կարևորություն ունի ԱՄՆ-ի համար։ Օգոստոսի 8-ին Թրամփին ո՛չ Ադրբեջանն էր հետաքրքիր, ո՛չ Հայաստանը։ Նրան պետք էր, որ այդ «երկու լավ տղաները», ինչպես ինքն էր ասում, իրեն ներկայացնեն Նոբելյան մրցանակի։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը փոքրիկ նվեր էր, որն ուղարկվել էր Թրամփին։ Թրամփը կարող է Փաշինյանին չհիշել, բայց Հայաստանը նա շատ լավ գիտի ուղղակի իր համար այն հիմա առաջնահերթություն չէ։
  • Հարցն այն չէ, որ Թրամփը չի հիշում Հայաստանի կամ Փաշինյանի անունը, հարցն այն է, որ մեր իշխանությունը խաբում է, երբ ասում է՝ Թրամփի հովանու ներքո խաղաղություն է հաստատվել։ Թրամփը սոսկ քարոզչական խնդիրներ է լուծում, ինչպես Ալիևը և Փաշինյանը։
  • Սրանք խոսում են խաղաղությունից, Ալիևը՝ Հայաստանի կապիտուլյացիայից, սրանք ասում են՝ Թրամփի ուղի, Ալիևը և Էրդողանը՝ «Զանգեզուրի միջանցք»։ Նաև Թրամփն էր օգոստոսի 8-ին Ալիևի և Փաշինյանի հետ նստած ասում «Միջանցք», և որևէ մեկը չէր առարկում: Երկրում իշխանությունը երկարաձգելու, վերընտրվելու համար Փաշինյանը խաբում է հայ ժողովրդին ու ուզում է նաև, որ Թրամփն ու Ալիևն էլ մասնակից դառնան․ բոլորով միասին խաբեն հայ ժողովրդին, որ ինքը վերընտրվի վարչապետի պաշտոնում, պահի իր իշխանությունը։

  • Հայաստանի համար անվտանգային ոչ մի երաշխիք չկա, և Արևմուտքն այդ առումով ազնիվ է։ ԱՄՆ-ը միլիոն խնդիր ունի, ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումն ԱՄՆ-ի խնդիրների մեջ չի մտնում։
  • Ալիևն էլ, Փաշինյանն էլ Թրամփին շնորհակալություն են հայտնում, բայց տակից աշխատում են, միայն թե բոլորը տարբեր նպատակներով՝ Փաշինյանն իր վերընտրվելու հարցն է ուզում լուծել, իսկ Ալիևն իր պետության համար «Զանգեզուրի միջանցքը» բացելու, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու հարցերն է առաջ մղում։ Բայց երկուսն էլ մահացու վտանգ են ներկայացնում Հայաստանի համար։
  • Մեր ընդդիմության ամենախոր խնդիրներից մեկն այն է, որ այլընտրանք չի առաջարկվում։ Այո՛, Նիկոլը խաղաղություն չի բերում, բայց մենք ինչպե՞ս ենք բերելու։ Դա պետք է ասենք, բայց դրա մասին չի խոսվում։ Նայում ես, ընդդիմությունը պայքարում է հետևանքների դեմ։ 

Հասկանալի է՝ երկրի ղեկավար է, հնարավոր չէ չլուսաբանել, բայց չպետք է նրա ամեն ասածը դարձնել գլխավոր օրակարգ։ Խաբելու հարցում, ստի մրցույթում ոչ ոք չի կարող Նիկոլի հետ մրցել։ Ընդդիմությունը պետք է իրականության հետ աղերս ունեցող օրակարգեր առաջ բերի։ Մենք Արցախի հարց ունե՞նք, թե՞ չէ։ Շատ զգույշ են խոսում Արցախի մասին։ Ինչպե՞ս ենք խաղաղությունը պատկերացնում: Ես նայում եմ ընդդիմադիր խոշոր քաղաքական ուժի ղեկավարի մեկ ժամանոց հարցազրույց, ու Արցախի մասին չի խոսվում։ Ալիևի պահանջով Փաշինյանն ասում է՝ բանակը սարքում եմ 1.5 տարի, ու բանակի տարիքի երեխա ունեցող ծնողներն ուրախանում են…  Իսկ ինչպե՞ս ենք լուծելու մեր անվտանգային խնդիրները, եթե բանակը քանդում են: Այս բոլոր հարցերին ընդդիմությունը պետք է պատասխանի և առաջարկ ներկայացնի: Այլապես, իրականությունից համազգային փախուստ է։ Բայց Թուրքիան ու Ադրբեջանն այդ կերպ չեն գործում։

  • ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների առաջարկը մեր ժողովրդին ո՞րն է։ Գիտեմ՝ իրենք պատկերացնում են խնդիրները, գիտեմ նաև, որ լուծումներն ունեն։ Հիմա ժամանակն է դրանց մասին բարձրաձայնել։

Ըստ միջազգային մամուլի, 2018-ին Նիկոլ Փաշինյանին գունավոր հեղափոխությամբ իշխանության բերող աշխարհաքաղաքական կենտրոնները մտադիր են Փաշինյանին ճանապարհել և նրա փոխարեն վարչապետի պաշտոնում բերել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Որքանո՞վ է դա հնարավոր:

  • Բնական է, որ իշխանության մեջ կլինեն անձինք կամ թիմեր, որոնք կցանկանան ավելի մեծ իշխանություն ունենալ, քան հիմա ունեն, բայց ես չեմ կարծում, որ աշխարհաքաղաքական կենտրոնները Նիկոլ Փաշինյանին իր թիմում ուրիշով փոխարինելու նպատակ ունեն։ Բացի դրանից, Փաշինյանը շատ ուշադիր է, թիմում ով գլուխ է բարձրացնում, միանգամից հարցերը լուծում է։ Ինչո՞ւ պիտի ուզենան Փաշինյանին փոխել, իրենց հանձնարարականներից ի՞նչն է վատ անում․ լավ էլ աշխատում է աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների համար, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի համար։ Ի դեմս Ալիևի և Էրդողանի՝ Փաշինյանն աշխարհաքաղաքական կենտրոններում լավ լոբբիստներ է ստացել։
  • ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մինչհեղափոխական Հայաստանում գործող ցանցի կարկառուն ներկայացուցիչ էր։ Նա և էլի մարդիկ դիտարկվում են՝ որպես Փաշինյանին հնարավոր փոխարինողներ, բայց ֆորս մաժորի դեպքում։ Հիմա Փաշինյանին փոխարինելու խնդիր չկա։ Եվ նրան իշխանության պահելու համար «մի փեշ նվերներ» կան, որ կմատուցվեն մեր ժողովրդին։ Դրսից եկած գումարների հաշվին թոշակներ կբարձրացվեն, կլինեն նաև Ալիևի պասերը… Նախաստորագրման տեսքով մի ստորագրում էլ կլինի, բայց ոչ մի խաղաղության պայմանագիր չի վավերացվի, գուցե բացվի Թուրքիայի հետ սահմանը…
  • Մեր հասարակությունը մարդու պես է․էլիտաներով հանդերձ՝ չի ուզում խնդիրների հետ դեմ հանդիման մնալ։
  • Լիդերը պետք է լինի այնպիսի մարդ, ով մեծ բացասական ասոցիացիաներ չառաջացնի ժողովրդի շրջանում, ընդունելի լինի ու կարողանա լինել կոնսոլիդացնող, աշխատի մեր հասարակության հետ։ Մեր ժողովուրդն էլ է ուզում պատասխանատու, ներկայանալի առաջնորդ ունենալ, ով որ գնա Թրամփի հետ հանդիպման, անկանոն շարժումներ չանի, որ չամաչենք նրա գործողությունների ու պահվածքի համար… Երբ որ հովվի գլխարկով գնում ես գագաթնաժողովի, ակնհայտորեն տարբերվում ես․ բոլորը նորմալ մարդիկ են, ու տեսնում են մի ծաղրածու… Մարդիկ ուզում են գրագետ լիդեր ունենալ, ում համար չեն ամաչի։ Երկրի ղեկավարը պատրաստված պետք է լինի, պատկերացնի՝ երկրի ղեկավարումն ինչ է, փորձառություն ունենա, գրագետ լինի, նորկայանալի լինի, որպեսզի ազգովի չամաչենք, որ նա է մեր երկիրը, մեզ ներկայացնում: 
  • Ընդդիմությունը պետք է զիջողական լինի։ Երբ տեսնում եք՝ մեկն աճում է, ու նա ձեր ճամբարից չէ, պետք չէ կացինն առնել ու ընկնել նրա հետևից։ Ե՛վ ՀՀԿ-ում, և՛ «Հայաստան» դաշինքում կան այդպիսի մարդիկ, բայց նրանք չեն էլ ուզում մտածել առաջնորդության մասին, որովհետև գիտեն՝ հաջորդ վայրկյանին բոլորը Նիկոլին կմոռանան ու կհոշոտեն իրենց։
  • Իմ համոզմամբ՝ «Հայաստան» խմբակցությունը միայն հիմա միացավ իմպիչմենտին, որովհետև 4 ամիս առաջ որոշում ուներ ընտրությունների մասնակցելու իր թեկնածուով։ Ու երբ առաջադրվեց վարչապետի թեկնածու, մտածեցին՝ ըհը, Սերժ Սարգսյանն ուզում է ընդդիմության առաջնորդ փոխել։ Իրենք սկսեցին կռվել այդ գաղափարի դեմ, որովհետև մտածեցին, որ ընդդիմության մեջ ուժերի վերադասավորման համար է արվում։

Մենք պետք է զբաղվենք փողոցային շարժում ձևավորելով իմպիչմենտն այդ հնարավորությունը տալիս է։ Պետք է միասնաբար աշխատել, քննարկել, գտնել փողոցային շարժումն ակտիվացնելու հնարավորությունը։ 

  • «Սրբազան պայքարն» էլ, մնացած շարժումներն էլ տապալվեցին հենց այն պատճառով, որ չկարողացան պայմանավորվել լիդերի անձի շուրջ։
  • Ընդդիմությունը 2 տարբերակ ունի՝ կա՛մ խոստովանել, որ վախենում է պայքարել իշխանության դեմ ու պետք է իշխանական օրակարգով 2026 թվականին գնա ընտրությունների, կա՛մ օգտագործի նախ իմպիչմենտի, ապա ընտրության գնալու տարբերակը։ Պետք է պայքարել, չվախենալ պայքարելուց։ Չպետք է չարախնդալ, պետք է միասնաբար աշխատել ի շահ պետության։

  • 2026թ․ ընտրություններն արդեն կեղծված են։ Եթե պետք է նստեն, ոչինչ չանեն, սպասեն 2026թ․ ընտրություններին, ելքը պարզ է։ Կկրկնվի 2021 թվականի ընտրությունները: Այդքան մարդու վերաբերյալ քրեական գործեր են հարուցված, շատերը կալանավորված են, ճնշումներն ահռելի են, որ ձայն չհանեն։ Հետևաբար՝ ընտրություններն արդեն իսկ կեղծված են։
  • Եվրոպան այստեղ խնդիր ունի լուծելու, դա անում է Փաշինյանի ձեռքով, իսկ իր ընտրողը չի իմանում, որ իր ղեկավարը սատարում է բռնապետին։
  • Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ հասել էիք այն կետին, որ տեսախցիկների առաջ միջազգային կառույցներն ամաչում էին որևէ ադրբեջանցու ձեռք մեկնել, որովհետև Ալիևի կերպարն այնպես էին հասանելի դարձրել եվրոպացիներին, որ մարդիկ գիտեին խավիարային դիվանագիտության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս