Շատ ավելի ծանր կլինի, եթե… ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը չի բացառել Հայաստանի քաղաքացիների համար միգրացիոն արտոնությունների չեղարկումը
Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը կարծում է, որ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանում առանց գրանցման երկարատև գտնվելու և պարզեցված կարգով աշխատանքի տեղավորման թույլտվությունները կարող են չեղարկվել, եթե երկիրը կորցնի Ռուսաստանի ռազմավարական դաշնակցի կարգավիճակը։
Այս մասին տեղեկանում ենք Interfax.ru-ից:
«Ցանկանում եմ զգուշացնել բոլոր այն գործիչներին, ովքեր այսօր փորձում են հեռանալ Ռուսաստանից, որ Հայաստանի համար շատ ավելի վատ կլինի, եթե Ռուսաստանը սկսի հեռանալ։ Հետևանքները շատ ավելի ծանր կլինեն։ Հայաստանի քաղաքացիների համար գործող ներկայիս արտոնությունները, օրինակ՝ առանց գրանցման երկարատև մնալը և Ռուսաստանի Դաշնությունում պարզեցված աշխատանքի տեղավորումը, հիմնված են ռազմավարական դաշնակցի կարգավիճակի վրա»,- ասել է Տոլստոյը Պետդումայում կայացած կլոր սեղանի ժամանակ։
«Եթե այդ կարգավիճակը չլինի, կամ ինչ-ինչ պատճառներով այն վերանայվի հայկական քաղաքական ղեկավարության նախաձեռնությամբ, ապա, իհարկե, նման արտոնությունները կչեղարկվեն, և Հայաստանի քաղաքացիները կանցնեն ընդհանուր ռեժիմի, որը մեզ մոտ գոյություն ունի՝ միգրացիոն ռեժիմ, որը գործում է բոլոր օտարերկրացիների համար»,- հավելել է նա։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանում մեծ հայկական համայնք կա։ Նրա խոսքով՝ այդ համայնքի ներկայացուցիչների գտնվելը Ռուսաստանում, նրանց աշխատանքը Ռուսաստանում, ընդհանրապես Հայաստանի բիզնեսի գործունեությունը Ռուսաստանի Դաշնությունում նման հակառուսական հայտարարություններով և նմանատիպ ոչ բարեկամական գործողություններով դրվում է հարցականի տակ։
«Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության հետ կապված այն առավելությունները, որոնցից օգտվում էր Հայաստանը, և որոնք, այդ թվում՝ նաև ներքին քաղաքականության մեջ, օգտագործում էր Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, կարող են շատ հեշտությամբ անհետանալ այն պատճառով, որ արվում են հակառուսական բնույթի հայտարարություններ, իրականացվում է ռուսաց լեզվի հալածանք և, այսպես ասած, կտրուկ հակառուսական արտահայտությունների փորձեր, ինչպես նաև՝ ջերմ գրկախառնություններ Զելենսկու հետ։ Իհարկե, այս ամենը չի կարող առանց պատասխանի մնալ Ռուսաստանի Դաշնության կողմից»,- ասել է խորհրդարանականը։
Տոլստոյը կարծում է, որ «Հայաստանի ժողովուրդն այս դեպքում պետք է որոշում կայացնի իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ»։
Նա նշել է, որ որպես Պետական Դումայի փոխնախագահ՝ համակարգում է Հայաստանի հետ հարաբերությունները։
Հրապարակման պատրաստեց 168.am-ը



