«5 ավտոբուսով վեր էին կացել, եկել էին Գյումրի, գվարդիայի 3 ավտոբուս, ահռելի քանակությամբ իրավապահներ, ՔՊ-ի ողջ թիմը». Գագիկ Համբարյան

Երեկ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի էր մեկնել Գյումրի, որտեղ երեկոյան նաև համերգ ունեցավ և հանրահավաք անցկացրեց։ Հանրահավաքի ժամանակ էլ հայտարարեց, որ Գյումրիում պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ։

Ըստ Նիկոլ Փաշինյանի, հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո, Գյումրիում՝ գյումրեցիների հետ միասին, պետք է անցկացնեն արտահերթ ընտրություններ և «Գյումրիում հաստատվի ժողովրդական իշխանություն»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ վերջին տարվա ընթացքում Գյումրու անունն է միշտ նշվում, բայց չպետք է մոռանալ, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր մեթոդներով իշխանությունը խլել է տարբեր քաղաքներում ու բնակավայրերում։

«Շիրակի մարզում, օրինակ, լկտիաբար քայլիստներին իշխանության բերեցին Ախուրյան համայնքում՝ «գողանալով» ավագանու ընդդիմադիրներից որոշներին։ Նույն այլանդակությունն արեցին նաև Ալավերդիում, չմոռանանք նաև Վանաձորը, որտեղ իրենց կողմից վերահսկվող քաղաքական գործիք-գործիչների միջոցով կալանավորեցին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, և այսպես շարունակաբար։ Ինչ վերաբերում է Գյումրիին, ապա պետք է ասեմ, որ Նիկոլ անհողը չի հաշտվում այն իրավիճակի հետ, որը Գյումրիում կա 2021 թվականից ի վեր։

Կարդացեք նաև

Նիկոլի քաղաքական թիմը պարտվել է և՛ 2021 թվականին, և՛ 2025 թվականին։ 2021 թվականի պարտությունը նրանք փորձեցին լղոզել՝ կոալիցիա կազմելով «Բալասանյան» դաշինքի հետ։ Հիմա էլ լկտիաբար ասում են, թե կոալիցիա չեն կազմել, հետաքրքիր է, բա այդ երկու փոխքաղաքապետերը՝ մեկը՝ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը, մյուսը՝ Սուրեն Պապիկյանի հորեղբոր տղան, ի՞նչ էին անում Գյումրու քաղաքապետարանում, էլ չասեմ, որ քաղաքապետարանի 50 տոկոսը ՔՊ-ից էին»,- 168.am հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։

Ըստ քաղաքագետի, հիմա իշխանությունը փորձում է Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններից իր «ձեռքերը լվանալ» ու ասել, թե ոչնչի հետ կապ չունեն։

Ինչ վերաբերում է ավագանու վերջին ընտրություններին, ապա, ըստ Գագիկ Համբարյանի, ընտրությունների արդյունքը շոկ է առաջացրել Նիկոլ Փաշինյանի մոտ։

«Եթե նկատել եք, Նիկոլ Փաշինյանն անընդհատ փորձում է «Գյումրի-2»-ի կանխում ապահովել տարբեր մեթոդներով և բանակցություններ է վարում որոշ ընդդիմադիրների հետ, փորձելով նրանց գրավել դեպի իր կողմը։ Ի դեպ, Գյումրիում ապրելով՝ բազմաթիվ ապացույցներ ունեմ, թե ինչպես է Նիկոլ անհողի թիմը, օրինակ, փորձել բանակցել Մարտուն Գրիգորյանի հետ, փորձել այնպես անել, որ ինքը դառնա քաղաքապետ, և ի պատիվ Մարտուն Գրիգորյանի, նա սեպարատ բանակցություններ չի վարել քայլիստների հետ։ Ինչպես բոլոր նորմալ երկրներում է, ընդդիմադիրների մեջ ամենաշատ ձայներ հավաքած ուժին է տվել իր ձայները։ Հիմա Նիկոլը եկավ ու ասաց, որ արհամարհած ունի գյումրեցու ընտրությունը, այդ մարդն իրեն հռչակելով «ժողովրդական բաստիոնի» ղեկավար, ուղղակի արհամարհում է ժողովրդի ընտրությունը և դա անում է բացահայտ։ Ամեն ինչ անում է՝ ոտնահարելու գյումրեցու ձայնը։

Աստված ոչ անի, եթե նա վերարտադրվի, ապա ամեն ինչ պարզ է՝ նախ ընդդիմադիր հավանական թեկնածուներին, որոնք կարող են ընտրություններում հաղթել, կբանտարկի, որոշ թեկնածուների էլ ԿԸՀ-ի միջոցով թույլ չի տա մասնակցելու և կանի ամեն ինչ, որպեսզի քայլիստները գան իշխանության։ Նա իր այս վարքագիծը կներկայացնի՝ որպես նորմալ երևույթ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Այս համատեքստում Գագիկ Համբարյանը հիշեցրեց, որ Նյու Յորքի քաղաքապետ է ընտրվել մի մարդ, որին Թրամփը չի ընտրել, բայց նա հաշտ է ընտրությունների արդյունքների հետ, քանի որ Նյու Յորքի բնակիչներն են այդ մարդուն ընտրել իրենց քաղաքապետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հաշտվել այն իրավիճակի հետ, որը ձևավորվել է Գյումրիում՝գյումրեցու ընտրության արդյունքում։

«Այդ մարդը փոքրիկ դիկտատոր է, նա այլախոհություն չի ընդունում՝ թքած ունի հասարակության կարծիքի վրա»,- նշեց Գագիկ Համբարյանը։

Խոսելով Գյումրիում Նիկոլ Փաշինյանին ընդունելու մասին, Գագիկ Համբարյանն ասաց, որ Գյումրու հրապարակում տեղավորվում է 25-30 հազար մարդ, Դանիել Իոաննիսյանը գրել էր, որ 7700 մարդ կա։

«5 ավտոբուսով վեր էին կացել ու եկել էին Գյումրի, գվարդիայի 3 ավտոբուս, ահռելի քանակությամբ իրավապահներ, ՔՊ-ի ողջ թիմը։ Գյումրի գալուց մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանը գնացել էր Արթիկ, Ախուրյան, Աշոցք, Մարալիկ, տեսա՞ք, Գյումրու հանրահավաքին ակտիվորեն մասնակցում էին ախուրյանցիները, Մարալիկի, Արթիկի բնակիչները, այդ մարդն ահավոր տանել չի կարողանում, որ Վարդանանց հրապարակը չի կարողանում լցնել։ Իշխանությունների կազմակերպած համերգներին հրապարակը լեցուն է, բայց Նիկոլի հետ հանդիպումներին մարդիկ չեն գալիս, չեն ուզում նրա հետ հանդիպել։ Բայց նա «զոռբա» է, ունի իդեա ֆիքս, դրա համար ուզում են ամեն կերպ լցնել հրապարակը։

Գյումրու հրապարակի «աշխարհագրության» հետ ծանոթ մարդիկ հասկանում են, որ մարդիկ հավաքվել էին ընդամենը բեմի դիմաց, շատրվաններից այն կողմ մարդ տեսե՞լ եք, չեք տեսել»,- ընդգծեց Գագիկ Համբարյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի մարտին Գյումրիում տեղի ունեցավ ավագանու արտահերթ ընտրություններ, որի արդյունքում համայնքապետ ընտրվեց Վարդան Ղուկասյանը՝ հաղթելով ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031