Անդրանիկ Քոչարյանի «մարտահրավերը»՝ Ալեն Սիմոնյանին, կամ՝ ինչո՞ւ հիմա հիշեց «ԱԺ-կանոնակարգ» օրենքի 22-րդ հոդվածի մասին

Օրեր առաջ armlur.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության  նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել էր, որ դիմել է ԱԺ նախագահին, որպեսզի, ըստ օրենքի, ծանոթանա Քննիչ հանձնաժողովում իր հարցաքննությունների արձանագրություններին, ինչպես նաև՝ զեկույցին, քանի որ դա օրինական պահանջ է:

Եվ մինչև ԱԺ անձնակազմից կարձագանքեն ՀՀ պաշտպանության նախկին նախարար Տոնոյանի հայտարարությանը, պարզվում է, այս հարցում շատ օպերատիվ է գտնվել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ նա հայտնել է, որ Դավիթ Տոնոյանի զրույցին  ծանոթանալուց հետո զանգել է նրան, և ճեպազրույցին  լրագրողների հնչեցրած հարցը համարել է ուշացած:

«Դուք էլի ուշացած հարց եք տալիս, «Ժողովուրդ» թերթի լրագրողի տված այդ հարցից հետո, երբ ես նկատեցի, որ նման բան է հնչեցվել, անձամբ կապնվել եմ պարոն Տոնոյանի հետ։ Պարոն Տոնոյանին ասել եմ՝ ես տեղյակ եմ, որ Դուք նամակ եք հղել աշխատակազմի ղեկավարին, որևէ խոչընդոտ չկա, երբ ուզեք, ձեր ֆլեշկան կբերեք գաղտնիացնենք, միայն գաղտնի մասը կտանք։ Փակ մասի ձայնագրությունը դա իր իրավունքն է, որն ԱԺ կանոնակարգ-օրենքն է ընձեռել, մենք կփոխանցենք իրեն։ Ինքը շնորհակալություն է հայտնել: Մենք արձակուրդի մեջ ենք եղել, որ այդ նամակն ուղարկվել է, և հետո պետք է պարզապես գաղտնիության կրիչը պատրաստվեր, որ գրվեր, ամեն մի կրիչի վրա չենք կարող  հույժ գաղտնի տեղեկատվություն փոխանցել»,- մանրամասնել է Քոչարյանը՝ հավելելով, թե «լրագրողն ասում է՝ պարոն Տոնոյան, Ձեզ ձերբակալելո՞ւ են, ինչի՞ եք էդ հարցը տալիս պարոն Տոնոյանին»:

Կարդացեք նաև

Այս համատեքստում Քննիչ հանձնաժողովի նախագահը  շեշտել է, որ «ԱԺ-կանոնակարգ» օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ զեկույցը սեպտեմբերի 3-ին հանձնել է ԱԺ նախագահին: Ասել կուզի՝ Անդրանիկ Քոչարյանը գնդակը նետել է Ալեն Սիմոնյանի դաշտ, և զեկույցին ծանոթանալ-չծանոթանալու  շուրջ Դավիթ Տոնոյանն արդեն Ալեն Սիմոնյանի հետ պիտի «պայմանավորվի»:

Այստեղ հարկ ենք համարում Անդրանիկ Քոչարյանին մի քանի դրվագ հիշեցնել:

Առնվազն 2024 թվականից սկսած մի քանի հարցում ենք ուղարկել  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին այս թեմայով, հիշեցրել՝ ԱԺ կանոնակարգ-օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ «Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնատար և հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ ներկայացրած այլ անձինք իրավունք ունեն ծանոթանալու իրենց մասնակցությամբ հանձնաժողովի նիստերի արձանագրություններին, ինչպես նաև ներկայացնելու դրանցում փոփոխություններ կատարելու պահանջ, պարզաբանումներ տալու հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորելու իր դիրքորոշումն ամբողջությամբ»:

Բայց Անդրանիկ Քոչարյանի մտքով չի անցել այդ արձանագրությունները փոխանցել Քննիչ հանձնաժողով եկած ռազմական նախկին ղեկավարությունից որևէ մեկին, տվյալ դեպքում՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարին, եթե անգամ նա նման գրավոր պահանջ չի ներկայացրել, քանի որ եղել է անազատության մեջ:  Ավելին, մեր հարցումներից  մեկին Քոչարյանը նույնիսկ պատասխանել էր. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով հրավիրված բոլոր անձանց հարցաքննությունները տեսագրված են, և փոփոխության ենթակա չեն»:

Այսինքն, հիմա Անդրանիկ Քոչարյանը մտադիր  է ուշացած կատարել համապատասխան օրենքի հոդված 22-ի պահանջը՝ տրամադրել արձանագրությունները Դավիթ Տոնոյանին, բայց նա արդեն զրկված է որևէ փոփոխություն անելու պահանջի իրավունքից, եթե նման անհրաժեշտություն տեսնի, քանի որ զեկույցն արդեն պատրաստ է և հանձնված ԱԺ նախագահին:

Իհարկե, շատ լավ հասկանում ենք, որ հիմա է հարմար պահ՝ «բարի ոստիկան» խաղալու, հատկապես, երբ չգիտենք՝ արդյո՞ք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կտրամադրի զեկույցը նախկին նախարարին: Չմոռանանք, որ նախքան ԱԺ նախագահին զեկույցը հանձնելը, Անդրանիկ Քոչարյանը, կարգի խախտմամբ, այն իր մոտ է պահել և թույլ չի տվել որևէ մեկին ծանոթանալ դրան, այդ թվում՝ նման իրավունք ունեցող պատգամավորներին: 

Ինչ վերաբերում  է նրան, որ Անդրանիկ Քոչարյանը հանկարծ «հուզվել է» Տոնոյանին նորից կալանավորելու մասին հարցից, ապա հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ նա 44-օրյա պարտության պատճառ էր համարել «անորակ հրթիռները», որին առնչվող գործով անցնում են ՀՀ ՊՆ և ԳՇ նախկին ղեկավարությունը, այդ թվում՝ Տոնոյանը: Այսինքն,  Անդրանիկ Քոչարյանը խախտել էր  ՀՀ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որով հստակ ձևակերպված է, որ՝ «Քննիչ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով»:

Թե հիմա ինչո՞ւ է որոշել «պաշտպանել» նույն Դավիթ Տոնոյանին, կարելի է ենթադրություններ անել՝ քաղաքական պահն ու մրցակցությունն է դա պահանջում: Եվ հետո չմոռանանք, որ կար ժամանակ, երբ նույն Անդրանիկ Քոչարյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին մեղադրում էր 44-օրյայի ժամանակ «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու համար: Բայց գեներալի՝ Քննիչ հանձնաժողով գնալուց հետո ամեն ինչ փոխվեց. Անդրանիկ Քոչարյանը փորձեց «արջի ծառայությո՞ւն» մատուցել Գասպարյանին, գուցե գործա՞րք էր: Ավելին, նա ավելի ուշ նույնիսկ ԳՇ նախկին պետի միջոցով անգամ Նիկոլ Փաշինյանին «փրկելու» փորձ արեց: Պահը դա էր թելադրում:

Ինչ վերաբերում է 44-օրյա պատերազմի զեկույցի ներկայացման օրվան, ապա Ա. Քոչարյանը լրագրողներին ակնարկել է, որ այդ  հարցը  ևս ԱԺ նախագահի լուծելիքն է, և ինքը կանխատեսել էր, որ այն կարող է լինել սեպտեմբերի 27-ին հաջորդելիք նիստին:

«Գլխավորը՝ ունենք զեկույց, և շատ կարևոր է այդ զեկույցը ներկայացնել ԱԺ լիագումար նիստում։ Եվ Քննիչ զեկույցը պետք է ունենա հետևանք, այսինքն՝ դասեր քաղենք այն իրողությունից, որին 44-օրյա պատերազմի ընթացքում առնչվել ենք։ Դուք հիմա անընդհատ կալանավորում եք ման գալիս, Քննիչ հանձնաժողովը քննչական մարմին չի, մենք տալիս ենք եզրակացություն։ Իսկ եզրակացությունը բավականին ծավալուն է, միայն դա ավելի քան քսան էջ է, եզրակացության կետերն են։ Զեկույցն էլ ավելի ծավալուն է, դրա տակ դրված փաստացի նյութը հսկայական է։ Դրանք բոլորը գաղտնի, խիստ կամ հույժ գաղտնի պահանջներով օժտված փաստաթղթեր են, ձայնագրություններ են, որոնք կդրվեն համապատասխան գաղտնի բաժնում, և ովքեր կունենան դրա հնարավորությունը՝ կծանոթանան։

Իսկ հետևանքներ հիմա էլ կան. քննչական մարմինները հազարավոր գործեր են քննում՝ սկսած ՊԲ հրամանատարից, վերջացրած տարբեր զորքերի պատասխանատուներով։ Եթե   հետևանքները դուք պատկերացնում եք կալանավորումը, պաշտոնազրկումը, ամեն ինչ՝ իր հերթին։  Գլխավորը, որ զեկույցը տալիս է շատ հարցերի պատասխան։ Նա ամբողջացրել է այն ամենը, ինչ հնարավոր էր ամբողջացնել պառլամենտական այս գործիքն ունենալով։ Ես կարծում եմ, որ ԱԺ նախագահը կորոշի զեկույցը ներկայացնելու օրը, ես ընթադրում էի՝ սեպտեմբերի 27-ից հետո եկող առաջիկա նիստում կլինի, բայց երբ էլ նշանակվի օրը, մի բանում վստահ եղեք` զեկույցը պատրաստ է, և դա պետք է ողջունել»,- հայտարարել է Անդրանիկ Քոչարյանը:

Օրերս 168.am-ը վերլուծություն էր ներկայացրել «Քննիչ հանձնաժողովի զեկույցի սուբյեկտիվ կողմը. Փաստերի հետքերով» վերտառությամբ:

Իսկ թե ինչ «կոնտրքայլ» կանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, կտրամադրի՞ զեկույցը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին օրենքի սահմաններում, սպասենք զարգացումներին:

Տեսանյութեր

Լրահոս