«Արջի ծառայությո՞ւն», թե՞ համագործակցություն. ի՞նչ խնդիր է փորձում լուծել Անդրանիկ Քոչարյանը՝ Օնիկ Գասպարյանի միջոցով
Անգամ հունիսի 28-ին ԶՈՒ Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունից հետո 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շարունակում է պնդել, որ Նիկոլ Փաշինյանի և ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ նշյալ հանձնաժողովում ներկայացրած «ցուցմունքների» միջև հակասություններ մեծամասամբ չկան: Ընդ որում, եթե հունիսի 20-ին Փաշինյանի՝ Քննիչ հանձնաժողովում հրապարակային ելույթից հետո ՔՊ-ական պատգամավորը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր՝ «Օնիկ Գասպարյանի ասածները որևէ հակասության մեջ չէին պարոն վարչապետի այսօրվա ասածի հետ», ապա հունիսի 30-ին news.am-ի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանը նախորդ ասածի մեջ մի փոքր շտրիխ է ավելացրել:
«Ոչ թե ընդհանրապես, այլ մեծամասամբ, որ ավելի հստակ լինի: Մեծամասամբ, և դա ոչ միայն ես եմ ասում, դա ասում են նաև հանձնաժողովի մյուս անդամները: Կրկնում եմ՝ մեծամասամբ, նաև հունիսի 28-ի հայտարարությունից հետո էլ մենք մեծ հակասություններ չենք տեսել: Ես այդ հայտարարությունն ընթերցելուց հետո զանգահարել եմ գեներալ Գասպարյանին և ասել եմ, որ շատ կետեր, որտեղ չեմ տեսնում հակասություններ մեր ձեռք բերված ապացույցների և նաև վարչապետի հետ մեր երկանգամյա հանդիպումների ընթացքում, ասել եմ՝ քննարկումների դեռ բան ունենք՝ հասկանալու համար, թե հետպատերազմյան կամ պատերազմին առնչվող մեր իրողություններն ինչպիսին են եղել: Պարոն Գասպարյանն արել էր հայտարարություն՝ վարչապետի հրապարակային հարցուպատասխանից ելնելով, և այնտեղ մի տեսակետ կար՝ կապված 7-րդ պաշտպանական շրջանի հետ, և Օնիկ Գասպարյանը լրացուցիչ տեղեկատվություն է փոխանցել ինձ: Դրանք կճշտվեն մեր հանձնաժողով հրավիրյալների հետ զրույցների արդյունքում: Եվ Ջալալ Հարությունյանը, և Արայիկ Հարությունյանը կամբողջացնեն այն հատվածները, որտեղ թե՛ Օնիկ Գասպարյանն է նշում, թե՛ Նիկոլ Փաշինյանն է նշել, որ որևէ հարց չմնա հանձնաժողովի մոտ»,- մանրամասնել է Քոչարյանը:
168.am-ն անդրադարձել էր գեներալ Օնիկ Գասպարյանի հայտարարության ուժեղ և իշխանությունների համար արդարանալու համար դժվարություններ չստեղծող կետերին:
Մենք չենք անտեսել նաև Անդրանիկ Քոչարյանի կողմից Օնիկ Գասպարյանի ցուցմունքների գաղտնազերծումների փաստը, ինչը ևս դեռ շարունակվում է:
Ի դեպ, ԳՇ նախկին պետն էլ իր հայտարարության առաջին կետում նշել էր՝ «պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի հրապարակային քննարկումը համարում եմ անընդունելի»:
«Դա տեսակետ է, որը ես հարգում եմ, եթե պարոն Գասպարյանն ինքն էլ ցանկանար հրապարակայնացնել Քննիչ հանձնաժողովում իր ներկայացրած նյութերը, մենք կգնայինք դրան: Բայց քանի որ պարոն Գասպարյանն իրականում գաղտնիություն պարունակող մեծ հատվածներ ուներ հանձնաժողովում ներկայացրած իր լայնածավալ զեկույցում, ինքը և մենք որոշեցինք, որ պետք է լինի ամբողջությամբ փակ: Շատ լավ գիտեք, որ Փաշինյանի հետ հունիսի 27-ի հանդիպումը 2 մասից էր բաղկացած՝ փակ և բաց: Հարգում եմ գեներալ-գնդապետի տեսակետը, բայց ոնց որ թե մենք այդքան էլ չենք խախտել, որովհետև գաղտնիության այնպիսի բան կա, նաև իր ներկայացրած փաստարկների մեջ, ուստի այդ մասերը գնաց փակ մաս, որովհետև անթույլատրելի է, որ այդ մասին հրապարակային խոսվի»,- ին news.am-ի հետ զրույցում նշել է Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Օնիկ Գասպարյանի՝ հայտարարության առաջին կետի պահանջին:
Ի դեպ, ժամանակ առ ժամանակ պատերազմական դրվագների հետ կապված տեղեկություններ է գաղտնազերծում նաև Օնիկ Գասպարյանի խորհրդականը՝ Շուշիի պաշտպանության հետ կապված, և՛ ԳՇ նախկին պետի որոշակի այլ գործողությունների, և հենց 7-րդ պաշտպանական շրջանի հետ կապված: Այն, ինչի մասին Օնիկ Գասպարյանը հարկ չի համարել անդրադառնալ հունիսի 28-ի իր հայտարարության մեջ, թեպետ առիթը կար:
Հենց այս հանգամանքը հաշվի առնելով է, որ մեր հոդվածում գրել էինք, որ գեներալ Գասպարյանի այս տեսակետը, անշուշտ, վիճարկման ենթակա չէ, սակայն նա պետք է թույլատրելիության սահմանում արձագանքի հրապարակայնորեն իր անվանն առնչվող պատերազմական դրվագների մասին իշխանական գաղտնազերծումներին՝ կապված Շուշիի հետ գրավման հետ, հակահարվածի հայտնի օպերացիայի, տա պատերազմին առնչվող առանցքային հարցերի պատասխանը, մասնավորապես, թե ինչ կարգադրություն է տվել սեպտեմբերի 25-ին, երբ պատերազմի մասին հստակ տեղեկություն է ստացվել, արդյո՞ք քաղաքական հրահանգ է եղել պաշտպանության չանցնելու, քանի որ սրա պատասխանատվությունը ևս Նիկոլ Փաշինյանն ամբողջապես իր վրա է դնում, արդյո՞ք ինքը Շուշին պահելու համար զորքն ուշացումով է ուղարկել, ինչպես դեռևս 2021-ին պնդում էր Նիկոլ Փաշինյանը:
168.am-ը մի քանի հրապարակումներով ուսումնասիրություններ է իրականացրել այն մասին, թե 44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և դրանից հետո ինչպե՞ս է ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իշխանության ներկայացուցիչները գաղտնիության տարրեր պարունակող տեղեկություններ հրապարակել, այդ թվում՝ ընթացքի մեջ գտնվող ռազմական պլանների և գործողությունների վերաբերյալ:
Ի դեպ, հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հարցուպատասխանի ժամանակ Անդրանիկ Քոչարյանը, մասնավորապես, գաղտնիություն պարունակող մի տվյալ էր հրապարակել.
«ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը մեզ ասել է, որ ՀՀ ԶՈւ-երը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մաս-մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին Գյանջայում տեղակայված F-16-ի օդաչուների խոսակցությունից «որսված» տեղեկությունն առ այն, որ վաղն ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն: Եվ, ըստ Ա. Քոչարյանի, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այդ ժամանակ «ինտուիցիայով կատարել է նախապատրաստական բոլոր աշխատանքները»:
Ի՞նչ է ստացվում՝ ԳՇ նախկին պետը մի կողմից՝ պատերազմի նախապատրաստման և վարման հետ կապված հարցերի հրապարակային քննարկումը համարում է անընդունելի, մյուս կողմից՝ չի կանխում իր ցուցմունքների և գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունների գաղտնազերծումը: Այսինքն, Անդրանիկ Քոչարյանի և իր խորհրդականի հետ զրույցների ընթացքում կարող է ասել՝ մի արեք նման բան, եթե սա չի արվում, ուրեմն այդ գաղտնազերծումներն այլ ենթադրությունների տեղիք են տալիս՝ նրանց միջոցով փորձում է տեղեկություններ և մեսիջներ դաշտ նետել: Իսկ գուցե ասում է, և իր խոսքը չե՞ն հարգում: Երկու դեպքում գործ ունենք վտանգավոր երևույթի հետ:
Ի դեպ, հետաքրքիր է, որ Անդրանիկ Քոչարյանն ինքը միշտ անընդունելի է համարել սպառազինության, զենքի գնումների հետ կապված հրապարակային քննարկումներն ու տեղեկությունների գաղտնազերծումները, որոնք իրենց թույլ էին տվել իմքայլական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը:
Մայիսի 18-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մասնավորապես, անդրադարձել էր շրջանառվող տեղեկություններին, թե ՌԴ-ի կողմից խոչընդոտումներ կան՝ այլ աղբյուրներից Հայաստան զենք ձեռք բերելու հարցում:
«Մամուլում շատ բաներ կարող են գրել, բայց խոչընդոտումների մասին ես տեղեկատվություն չունեմ և չեմ էլ ուզում ունենալ: Եթե մտածենք՝ այդ ճանապարհով ինչ խոչընդոտներ կարող են լինել, կմտնենք դավադրությունների տեսության մեջ և երբեք չենք կարող այդտեղից դուրս գալ: Մենք ամեն տեղ փորձում ենք գտնել այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է այսօրվա մեր Զինված ուժերին՝ դա կլինի ՌԴ-ից… Ռուսաստանն ինքն էլ սպառազինության կարիք ունի, եկեք ճիշտ հասկանանք: Բայց նա ունի պարտավորություններ, որոնք ինքը կամ կկատարի, կամ մենք ձեռքներս ծալած չենք նստի: Մենք կփնտրենք, կգտնենք լոգիստիկ ճանապարհներ, բայց սա էլ քննարկման թեմա չի»,- նշել էր նա:
Իսկ ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի՝ Օնիկ Գասպարյանի հանդեպ վերաբերմունքի փոփոխությանը՝ «Իսկանդերի» կիրառման խայտառակ պլան հաստատելու և սխալ թիրախներ ընտրելու մեղադրանքից մինչև դիֆերամբներ, Անդրանիկ Քոչարյան-Օնիկ Գասպարյան երևացող և չերևացող, իրական հարաբերություններին, դրանց մոտիվիացիային և հեռահար նպատակներին, տարբեր ենթադրություններ, վարկածներ և պատճառներ կարող են լինել՝ միակողմանի կամ երկուստեք փոխշահավետ: Սակայն չենք կարող չնկատել նաև, որ մի կողմից՝ Անդրանիկ Քոչարյանը գովերգում է Օնիկ Գասպարյանին՝ որպես զինվորական, մյուս կողմից՝ նրա հեղինակությանը վնասող «վրիպումներ» է իրեն թույլ տալիս, թե՝ «…ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այդ ժամանակ ինտուիցիայով կատարել է նախապատրաստական բոլոր աշխատանքները»:
Առհասարակ, ի՞նչ ասել է՝ ինտուիցիայով նախապատրաստվել է պատերազմին, երբ Օնիկ Գասպարյանը 2020թ. հունիսի 8-ին նշանակվելով ԳՇ պետի պաշտոնում՝ պատերազմի հավանականության մասին հստակ առաջարկներ է արել, ինչի մասին խոսել է նաև իր 2023 թվականի հունիսի 28-ի հայտարարության մեջ: Երկրորդ՝ հունիսի 30-ին news.am-ի հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ակնարկել է, որ 2021թ. փետրվարի 25-ին Փաշինյանի հրաժարականի պահանջ-հայտարարության հեղինակը ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն է:
«Չասեմ՝ ոնց է այդ թուղթը ծնվել, բայց այդ թղթի մեջ վերջինը ստորագրել է գեներալ-գնդապետ Գասպարյանը: Իսկ նախաձեռնության հիմնական հեղինակին մենք բազմիցս Քննիչ հանձնաժողով կանչում ենք, բայց ինքը քաղաքական հարթակներում է ֆռֆռում, որովհետև նախկինում եղել է դաշնակցական»,- շեշտել է Անդրանիկ Քոչարյանը:
Եվ սա՝ այն բանից հետո, երբ Օնիկ Գասպարյանն իր հայտարարության մեջ հստակ շեշտել էր. «Ինչ վերաբերում է 2021թ. փետրվարի 25-ին Գլխավոր շտաբի հայտարարությանը, ապա ամենայն պատասխանատվությամբ փաստում եմ, որ որոշումը կայացրել եմ անձամբ` գնահատելով տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը: Իմ կայացրած որոշումները որևէ այլ պետության պաշտոնական կամ ոչ պաշտոնական շրջանակների, ինչպես նաև ներքաղաքական ուժերի հետ առնչություն չեն ունեցել»:
Նշենք, որ իր վերը նշված պնդումն Անդրանիկ Քոչարյանն արել էր դեռ 2023թ. մարտի 16-ին՝ Քննիչ հանձնաժողովում Օնիկ Գասպարյանի հարցաքննությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ «Օնիկ Գասպարյանին չպետք է տանեին քաղաքական դաշտ»:
Իսկ Նիկոլ Փաշինյանն էլ նախ հայտարարել էր, թե իբր 2021-ին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանը դրդմամբ, վերջերս էլ սկսել է նաև արտաքին հետք տեսնել:
Այսինքն, ուզում են ցույց տալ, որ Օնիկ Գասպարյանն անգամ համարձակություն չի ունեցել գրավոր կերպով նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի հրաժարակա՞նը. ի՞նչ է սա, եթե ոչ՝ գեներալի հեղինակազրկման հերթական փորձ, այլ հարց է՝ որքանով է դա տեսնում Օնիկ Գասպարյանը: Մեկ ուրիշ վտանգավոր բան էլ կա այս ամենում. Անդրանիկ Քոչարյանը փորձում է Օնիկ Գասպարյանին «պոկել» բանակից և նրա միջոցով «հարվածել» հրամանատարներին: Թե վերջինը որքանով կհաջողվի, ցույց կտա ժամանակը: