Վերադասավորումներ Թուրքիայի զինված ուժերում․ որքանո՞վ են դրանք ուշագրավ Հայաստանի համար, ի՞նչ կապ կա 44-օրյա պատերազմի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի որոշմամբ երկրի զինված ուժերում կադրային վերադասավորումներ են տեղի ունեցել, ինչին ոչ մասնագետները կարող են առանձնապես նշանակություն չտալ, բայց մասնագիտական աչքի համար այստեղ կան հետաքրքիր դրվագներ:

Դրվագ առաջին

Գեներալ-լեյտենանտ Զորլու Թոփալօղլուն 2-րդ բանակի հրամանատարությունից տեղափոխվել է Էգեյան բանակի հրամանատարություն, իսկ գեներալ-լեյտենանտ Գյուլթեքին Յարալըն՝ Ցամաքային զորքերի ուսումնական և դոկտրինալ հրամանատարությունից՝ 2-րդ բանակի հրամանատարություն:

Կարդացեք նաև

Հատկանշական է, որ 2-րդ բանակի նոր հրամանատար Գյուլթեքին Յարալըն իր կարիերայի ընթացքում 2008–2010թթ. եղել է 4-րդ կոմանդո բրիգադի շտաբի պետը, իսկ 2016–2018 թվականներին էլ ղեկավարել է Դենիզլիում տեղակայված 11-րդ կոմանդո բրիգադը:

Այսինքն՝ Յարալըն ունի ոչ միայն բարձրագույն շտաբային, այլև կոմանդո ստորաբաժանումների անմիջական ղեկավարման փորձ։

2-րդ բանակի պատասխանատվության գոտին է հարավ-արևմտյան և արևելյան Անատոլիան, ինչպես նաև՝ Սիրիայի, Իրանի և Իրաքի հետ Թուրքիայի սահմանները:

Այս հանգամանքը որոշակի հետաքրքրություն է հաղորդում նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի համատեքստում։ Պատերազմի ընթացքում Թուրքիայի աջակցությամբ Սիրիայից Ադրբեջան տեղափոխված զինյալների վերաբերյալ առկա են բազմաթիվ հայտարարություններ և զեկույցներ։ Այս մասին պատերազմի օրերին խոսել էր Նիկոլ Փաշինյանը՝ «Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո»:

ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը ևս այս թեմայով պնդումներ էր արել՝ նշելով, որ «ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվել Մերձավոր Արևելքում կռվող «Ջեբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ ալ Համզա», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ»:

Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմի օրերին հայկական զինված ուժերի կողմից գերեվարվել էին սիրիացի վարձկաններ, որոնք հարցաքննությունների ժամանակ խոստովանել էին, որ Արցախում կռվելու համար իրենց Թուրքիան է վարձել և խոստացել վճարել 2000 դոլար: Սրանք անհերքելի փաստեր են, այլ հարց է, որ դրանցից ինքնին չի կարելի եզրակացնել, որ 2-րդ բանակը՝ որպես ռազմական միավորում, անմիջականորեն կազմակերպել կամ ղեկավարել է այդ գործընթացը։

Դրվագ երկրորդ

Գեներալ-լեյտենանտ Բուրհան Աքթաշը, ով մինչ այս զբաղեցնում էր Ազգային պաշտպանության համալսարանի (MSÜ) պրոռեկտորի պաշտոնը, նշանակվել է Թուրքիայի ցամաքային ուժերի 3-րդ բանակի հրամանատար, իսկ գեներալ-մայոր Օզքան Ուլութաշը՝ 3-րդ բանակի շտաբի պետ։

Այս բանակը ռազմավարական կարևոր նշանակություն ունի նրա պատասխանատվության գոտին ընդգրկում է Թուրքիայի՝ Հայաստանի և Վրաստանի հետ սահմանակից շրջաններն ու Նախիջևանի ուղղությունը։

Ինչ վերաբերում է 3-րդ բանակի շտաբի պետ նշանակված Օզքան Ուլութաշին, ապա մինչև նոր պաշտոնը նա տարբեր փուլերում զբաղեցրել է ՆԱՏՕ-ի արագ տեղակայման թուրքական կորպուսի շտաբի պետի, Կոսովոյում ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի, ինչպես նաև Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի Ռազմավարության դեպարտամենտի ղեկավարի պաշտոնները։

Ռազմական առումով սա կարևոր դետալ է․ 3-րդ բանակի նոր շտաբի պետն ունի ոչ միայն Թուրքիայի զինված ուժերի ներսում, այլև ՆԱՏՕ-ի բազմազգ ռազմական կառույցների և գործողությունների կառավարման փորձ։

Ու այստեղ 3-րդ բանակի հետ կապված կա նաև 44-օրյա պատերազմի կարևոր հետք։

2020 թվականի պատերազմի ժամանակ Թուրքիայի ցամաքային զորքերի 3-րդ բանակի հրամանատարն էր գեներալ-լեյտենանտ Շերեֆ Օնգայը։ Տարբեր տեղեկություններով՝ նա որոշակի դերակատարում է ունեցել Արցախի դեմ համատեղ թուրք-ադրբեջանական հարձակողական գործողությունների պլանավորման, մշակման և իրականացման գործում: Այս փաստը պատերազմի ավարտից անմիջապես հետո հաստատել էր այդ ժամանակ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը:

168.am գրել է, որ 44-օրյա պատերազմին լրջագույն դերակատարում է ունեցել նաև թուրք գեներալ Բախտիար Էրսայը, ով փաստացի ղեկավարել է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբը: Պատերազմից հետո նա նշանակվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական, որպեսզի օգնի ադրբեջանական բանակը վերափոխել ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող թուրքական մոդելով»։

2025 թվականի օգոստոսի 5-ին Ադրբեջանի ՊՆ խորհրդական Բախտիար Էրսայի զինվորական կոչումը Էրդողանը բարձրացրել է և նրան շնորհել Բանակի գեներալի կոչում: Շատ չանցած Ադրբեջանի ՊՆ խորհրդական եղած, գեներալ Բախտիար Էրսայը նշանակվել է Թուրքիայի բանակի Ցամաքային ուժերի 1-ին բանակի հրամանատար։

Մենք մանրամասն ներկայացրել ենք նաև 44-օրյա պատերազմում այդ ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի դերակատարումը:

Իսկ վերջին նշանակումների մեկ այլ ուշագրավ դրվագ է 10-րդ կոմանդո բրիգադի հրամանատար, բրիգադային գեներալ Թահիր Քըլըչի տեղափոխությունը Թուրքիայի ցամաքային զորքերի Հետախուզության վարչություն։ Քըլըչի դեպքում ևս ուշագրավ է նրա նախորդ ծառայությունը․ տարբեր աղբյուրների համաձայն՝ նա նախկինում զբաղեցրել է նաև 3-րդ բանակի օպերատիվ շտաբի պետի տեղակալի պաշտոնը։

Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերում վերջին նշանակումների մեջ Հայաստանի համար առանձնապես ուշագրավ են ոչ միայն գեներալների պաշտոնական տեղափոխությունները, այլև 2-րդ և 3-րդ բանակների շուրջ ձևավորվող նոր հրամանատարական կազմը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31