
Անտիկրիզ՝ ընդդեմ փաստերի․ քաղաքագետը՝ Նիկոլ Փաշինյանի քարոզչական տեխնոլոգիայի մասին

«Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսով նախ ամփոփում էր Ստամբուլ-Աբու Դաբի-Բրյուսել հանդիպումները, ապաև՝ ամերիկյան բանակցությունները,- 168․am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ շեշտելով,- ԱՄՆ-ի հետ որոշակի բանակցություններ, ակնհայտորեն, եղել են։ Մենք տեսել ենք, թե ամերիկյան կողմն ինչ հայտարարություններ էր անում՝ բացահայտելով ոչ թափանցիկ գործընթացների մասին։ Ու այդ բոլոր գործընթացները չունեն ժողովրդի աջակցությունը։ Ու այստեղ հարց է՝ ո՞վ է այս քաղաքականության շահառուն և ի՞նչն է վերջնանպատակը»։
Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի քարոզչական տեխնոլոգիաներն էլ, ըստ Հրանտ Միքայելյանի, գործի են դրվում ցպահանջ։
«Նիկոլ Փաշինյանը տեղեկությունը տալիս է դրվագներով, հետո՝ հերքում, ապա հաստատում՝ բայց այլ երանգներով։ Օրինակ, ասվում է՝ միջանցք չկա, և դրա մասին չխոսեք, հետո՝ կա ճանապարհ, բայց արտատարածքային չէ, արտատարածքային չէ, բայց արտապատվիրակվում է։ Այսինքն՝ փորձ է արվում մոլորեցնել ժողովրդին։ Քաղաքական բառարանում դա կոչվում է անտիկրիզ (հակաճգնաժամ․ քարոզչություն է, որն ուղղված է որոշակի իրադարձությունների բացասական հետևանքները զսպելուն։ Խնդիր լուծելուց այն տարբերվում է նրանով, որ խնդիրները չեն լուծվում՝ փոխարենը շատանում է ագրեսիվ խոսույթը, ինչպես նաև՝ խոստումները, որոնք հետո չեն կատարվում)»։
Առհասարակ, Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունների հանդեպ է քաղաքագետը սկեպտիկ՝ նկատի ունենալով հանգամանքը, որ հաճախ հանրությունն ականատես է լինում ուղղակի ստերի։
«Հենց այդ ասուլիսի ժամանակ նա նշեց, թե Սոնա Մնացականյանի վրաերթի մեղավորը ոչ թե Նիկոլ Փաշինյանի կորտեժն է, այլ վարչապետի։ Կամ՝ երբ իշխանամուտի սկզբում ասում էր, թե ոչինչ չի կնքվելու առանց ժողովրդի հետ խորհրդակցելու, ինչին հաջորդեցին թաքուն պայմանավորվածություններ»,- պարզաբանեց նա՝ նկատելով, որ այսօր էլ այս քաղաքականությունը փաստացի շարունակվում է։
Ամփոփելով՝ Հրանտ Միքայելյանը հավանական համարեց, որ Փաշինյանն այս ասուլիսով հասարակությանը նախապատրաստում էր ապագա զիջումներին։
Հիշեցնենք՝ ասուլիսում անդրադառնալով Սյունիքով ճանապարհի «արտապատվիրակման» մասին վերջերս ակտիվացած խոսույթին՝ Նիկոլ Փաշինյանը փորձել էր պարզաբանել․ «Ե՛վ երկաթուղին, և՛ օդանավակայանը, և՛ ջրային համակարգը շարունակում են մնալ Հայաստանի սեփականությունը: Օրինակ, քննարկվում է որևէ ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ, որովհետև կարող եք պատկերացնել, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ինչ ահռելի ներդրումային պոտենցիալ ունի»։