Բաժիններ՝

Դեպի ԵՄ հայտարարությունների հետևում խորացել է ՌԴ-ից տնտեսական կախվածությունը․ տնտեսագետ

«Մենք գնում ենք բարեփոխումների ճանապարհով, և դա նորություն չի։ Մենք ոչ մի աթոռից վեր չենք կենում։ Մենք բնականոն ձևով պիտի շարունակենք։ Մնացած զարգացումները ցույց կտա ժամանակը». սա Նիկոլ Փաշինյանի պատկերացումն է ԵՄ ինտեգրման ու ԵԱՏՄ շրջանակում համագործակցության վերաբերյալ։

2025 թվականի մարտի 26-ին ՀՀ ԱԺ-ն հաստատեց երկրի՝ Եվրոպական Միությանը անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը։ Ապրիլի 4-ին օրենքը ստորագրեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Ինչպես նշել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավար Արման Եղոյանը, այս օրինագիծը պարզապես արտահայտում է հայ ժողովրդի կամքը։ Այս պահին չի նախատեսվում ներկայացնել ԵՄ-ին անդամակցելու դիմում։

Պաշտոնական Մոսկվան տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի միաժամանակյա մասնակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անհնար է։ Մասնավորապես, վերջերս Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ նախատեսում է ստորագրել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ուղղված նամակ, որում նշվում է, որ ՀՀ-ի կողմից ԵՄ-ին անդամակցելու ուղղությամբ ձեռնարկված գործողությունները հակասում են Եվրասիական տնտեսական միության նորմերին։ Նա նշել է, որ Ռուսաստանը հետևում է ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման շրջանակում տեղի ունեցող գործընթացներին։

Կարդացեք նաև

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Նիկոլ Փաշինյանի հերթական հայտարարություններին արձագանքելով՝ նշեց, որ տնտեսությունը դժվար է խոստումներով ու սպասումներով զարգացնել։

«Տնտեսությունն իրական գետնի վրա է, և ցանկացած տնտեսական գործունեություն իր մեջ ունի առանցքային նշանակություն ունեցող ռիսկային գործոնը։ Այսօր ներդրողները բազմաչափ ռիսկեր են տեսնում, օրինակ, արտահանման հիմնական ուղղությունը՝ ՌԴ-ն, վտանգված է, և իրենք փաստացի կրում են կոնկրետ կորուստներ,- այս պահի քաղաքական ու տնտեսական իրողություններն արձանագրելով՝ 168.am-ի հետ զրույցում նշեց Թադևոս Ավետիսյանը՝ նկատելով, որ հակառակ իշխանությունների հայտարարությունների՝ օրվա քաղաքականության հետևանքով օրը մի տնտեսական ոլորտ հայտնվում է խնդրի առաջ,- Հանրությունն ամեն օր այդ մասին տեղեկանում է՝ մի օր կոնյակագործներն են, մեկ ուրիշ օր՝ ծաղկագործներն են բողոքում, վերամշակող արդյունաբերության տնտեսվարողներներ են բողոքում, և այլն»։

Տնտեսագետը հավելեց՝ սա արտահայտվում է նաև վիճակագրական պատկերով, ու հակառակ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի՝ դեպի Եվրոպա գնալու, դիվերսիֆիկացիայի մասին հայտարարությունների՝ վերջին տարիներին ականատես ենք լինում իրավիճակի, երբ 1 երկրից տնտեսական կախվածությունը խորանում է։

«Ընդհանուր արտահանման մեջ ՌԴ տնեսակարար կշիռն աճել է 40 տոկոսից ավելի։ Նման ցուցանիշ երբեք չենք ունեցել։ Իսկ դեպի ԱՄՆ, ԵՄ մեր արտահանումը փոխանակ աճի՝ նվազում է, և ոչ միայն՝ ծավալներով, այլև՝ տեսակարար կշռով,- արձանագրեց նա՝ հավելելով, որ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետևում մարդիկ են, որոնք ԵԱՏՄ հեռանկարը նկատի առնելով՝ երկարաժամկետ ներդրումներ են արել,- Սրա հետևում հետևանքը կրող, կորուստներ ունեցող բիզնեսն է՝ տարբեր ճյուղերում՝ գյուղատնտեսությունից մինչև արդյունաբերություն»։

Թադևոս Ավետիսյանն այս համատեքստում չցանկացավ խոսել Նիկոլ Փաշինյանի՝ «ապագա կա» կարգախոսի՝ «ապագան այսօր է» տրանսֆորմացիայի մասին՝ պարզաբանմամբ, որ այս իշխանությունը մի բան ասում է, բայց հակառակն է անում։

Տեսանյութեր

Լրահոս