«Չինաստանից մինչև Միջերկրական ծով. Այս գաղափարի իրագործման համար Էրդողանին պետք է «Զանգեզուրի միջանցքը». Մհեր Աբրահամյան

Մայիսի 21-ին Բուդապեշտում տեղի է ունեցել Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողով, որտեղ Թուրքիայի նախագահ Էրդողանը խոսել է մի շարք հարցերի մասին, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, շեշտելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև մշտական խաղաղության ստորագրումը կնպաստի Կովկասում և թյուրքական աշխարհում կայունությանը։

«Ես վստահ եմ, որ իմ եղբայր Իլհամ Ալիևը խաղաղություն կբերի տարածաշրջան»,- ասել է նա։

Էրդողանը նաև խոսել է «Միջին միջանցքի» ստեղծման կարևորության մասին, ինչպես նաև հայտարարել, որ «ողբերգությունները Կիպրոսում, Ղարաբաղում, Բոսնիայում և այսօր Գազայում հիշեցնում են մեզ, որ մենք պետք է մտածենք մեր սահմաններից դուրս»:

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը խոսելով Էրդողանի այս ելույթի մեսիջների մասին՝ ասաց, որ թուրքախոս պետությունների ոչ ֆորմալ գագաթնաժողովն անցկացվեց մի երկրում, որը, թվում է, թե որևէ կապ չունի թուրքախոս պետությունների հետ։ Բայց ըստ թուրքական տարբեր հետազոտողների՝ Հունգարիան իբրև թե կապված է թուրքախոս պետությունների հետ։

Կարդացեք նաև

«Եվրոպայում տեղի ունեցավ թուրքախոս պետությունների գագաթնաժողով, որը մեսիջ էր նաև եվրոպական մայրցամաքին։ Այստեղ Էրդողանը հանդես եկավ պանթուրքիստական և ծավալապաշտական իր նկրտումներով, նրա ելույթն իրենից ենթադրում էր հենց այդ գաղափարը։

Նախ, Էրդողանն այստեղ իր ելույթով փորձել է մի քանի կետերի հարվածել, առաջինը, որը նրան այս պահին շատ է անհանգստացնում՝ Կիպրոսի խնդիրն է։ Նրա ելույթից հասկանում ենք, որ խնդրում էր թուրքախոս պետություններին, որպեսզի ճանաչեն Կիպրոսի անկախությունը՝ որպես այդպիսին։ Իբր թե այդ ողբերգության լուծումը կլինի Կիպրոսի ճանաչումը։

Էրդողանը խոսել է նաև Արցախի մասին՝ հստակ նշելով, որ այսօր Ալիևը կարողացել է տարածաշրջանում հասնել խաղաղության և, այսպես կոչված, «Ղարաբաղյան ողբերգությունը» հասել է իր նպատակին։ Նա ողբերգությունը կապեց Ադրբեջանի հետ, այլ ոչ թե այն հանգամանքի, որ Արցախի բնիկ հայերը բռնի տեղահանվել են Ադրբեջանի կողմից»,- 168.am հետ զրույցում նշեց Մհեր Աբրահամյանը։

Ըստ թուրքագետի, Էրդողանը մանրամասն խոսել է նաև տարատեսակ միջանցքների մասին, որտեղ կարևորն այն է, որ Արևելքն ու Արևմուտքը պետք է կապվեն իրար, և այստեղ զետեղել է նաև «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։

Մհեր Աբրահամյանի դիտարկմամբ՝ Էրդողանը խոսել է Կիպրոսի ու թուրքախոս պետությունների գաղափարների մասին, որով նպատակ է հետապնդում «Զանգեզուրի միջանցքի» միջոցով Միջերկրական ծովը կապել թուրքախոս պետությունների հետ, և հենց այստեղ հստակ երևում է պանթուրքիստական գաղափարախոսության իդեալը։

«Էրդողանը հստակ նշել է «տարածաշրջանից դուրս մտածելը», որը հստակ կապված է նեոօսմանական գաղափարախոսության հետ, որտեղ չլուծված կամ մասամբ լուծված խնդիրները հստակ երևում են։ Խոսքը վերաբերվում է Սիրիային, Պաղեստինին։ Էրդողանը փորձում է  այս գաղափարախոսությամբ թուրքական պետություններին համոզել, որ նրանք ևս ներգրավվեն խնդրիների լուծման մեջ։

«Թուրքախոս պետություններն այս կառույցն ավելի շատ տնտեսական առումով են դիտարկում, եթե նույնիսկ « Զանգեզուրի միջանցքն» իրականություն դառնա, նրանք այն դիտարկելու են տնտեսական ճանապարհ, որը բացվում է  իրենց համար։ Սակայն Էրդողանի համար ամեն փոքր քայլը կարևոր է, որը տանում է  դեպի պանթուրքական և նեոօսմանական գաղափարների լուծմանը։ Հետևաբար՝ Էրդողանի համար այս կազմակերպությունը մեծ նշանակություն ունի»,- շեշտեց թուրքագետը։

Հարցին՝ թվարկած բոլոր խնդիրների մեջ Էրդողանի համար «Զանգեզուրի միջանցք» բացելու հարցը որքանո՞վ է առաջնահերթ, Մհեր Աբրահամյանը պատասխանեց՝ «Զանգեզուրի միջանցքն» էրդողանի համար առաջնահերթություն է, նրա խոսույթը լիովին համընկնում է պանթուրքիստական գաղափարախոսության հիմնադիրներից մեկի այն մտքին, որ «Թուրքիան ոչ մեկի տարածքի վրա աչք չունի, և թուրքերն ապրել են խաղաղ»։

«Բայց այստեղ կա մեկ կետ՝ այն տարածքները, որոնք համարվել են թուրքական հայրենիք, դա Մանջուրիայից հասնում է Միջերկրական ծով, այսինքն՝ Չինաստանից մինչև Միջերկրական ծով։ Սրա իրագործման կարևորագույն կետերից մեկը «Զանգեզուրի միջանցքն» է, ուստի սա Էրդողանի համար առաջնահերթություններից մեկն է. հարցը նրա օրակարգի երկրորդ կամ երրորդ հորիզոնականում է»,- ընդգծեց Մհեր Աբրահամյանը։

Տեսանյութեր

Լրահոս