
Կառավարությունը թաղում է բիզնեսը՝ իրեն սերտաճած կառույցների լռության ներքո

ՔՊ-ական վարչախումբը, հանուն սեփական շահերի, պատրաստվում է թաղել բիզնեսը։ Հարկերը բարձրացնելուց հետո վտանգի տակ է հայտնվել ամբողջ փոքր ու միջին բիզնեսը։ Ու մինչ այս դաշտում գործող որոշ տնտեսվարողներ անհույս պայքարում են իրենց իրավունքների համար, իշխանությունների կամայականությունները նոր երանգներ են ստանում։ Հարկերը, տույժերը, տուգանքներն անխնա բարձրացնելով այլևս չեն բավարարվում, հիմա էլ որոշել են բիզնեսին այլ միջոցներով կեղեքել ու կործանել։ Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի օրենսդրական նախաձեռնություն, որով հարկային սովորական տեսուչը, անհարկի միջամտությամբ ու չհմնավորված տուգանքներով, կարող է ցանկացած պահի, ցանկացած բիզնեսի կանգնեցնել սնանկության առաջ։
Եթե հիմա բիզնեսը հնարավորություն ունի ստուգումների արդյունքում հավելյալ հարկային պարտավորությունների վերաբերյալ ներկայացված վարչական ակտը վիճարկելու դեպքում չվճարել առաջադրված պարտավորությունները՝ մինչև դատարանի վճիռը, այս օրենսդրական նախաձեռնության ընդունումից հետո պարտադրված է լինելու դա անել։ Կապ չունի՝ հետագայում ինչպիսին կլինի դատարանի որոշումը, կպարզվի՝ հարկային տեսուչը սխալվել է իր որոշման մեջ, թե ոչ։ Վարչական ակտը վիճարկելուց առաջ պարտադիր պայման է դառնում առաջադրված հարկային պարտավորությունների կատարումը։ Միայն դրանից հետո բիզնեսը կարող է դիմել դատարան՝ պաշտպանելու իր շահելը։
Թե սա ինչ է նշանակում բիզնեսի համար, դժվար չէ պատկերացնել։ Հազվադեպ չի պատահում, երբ հարկային տեսուչի գրած ակտը դատական պրոցեսում «ջրվում է»։ Բայց դա երբեմն տարիներ է տևում։ Ստացվում է այնպես, որ հարկային տեսուչի թերացման կամ «անմեղ» սխալի պատճառով գործարարը ստիպված է լինելու երբեմն բավական խոշոր գումար հանել շրջանառությունից, վճարել պետական բյուջե և տարիներով սպասել դատարանի վճռին։
Դեռ հարց է՝ իր օգտին կայացված վճռից հետո կարողանալո՞ւ է հետ ստանալ վճարված գումարը, թե՞ ոչ։
Սա՝ այն դեպում, երբ բիզնեսը կկարողանա միջոցներ գտնել՝ վճարելու իրեն առաջադրված հարկային պարտավորությունները։ Բայց շատերը, որոնք հազիվ կարողանում են ծայրը ծայրին հասցնել, նման իրավիճակում հայտնվելու պարագայում՝ կկանգնեն գործունեությունը դադարեցնելու և դատարանի վճռին սպասելու փաստի առաջ։ Եթե անգամ դատարանի վճիռը բիզնեսի օգտին լինի՝ գնացքն արդեն վաղուց գնացած կլինի։ Տարիներ հետո, բնականաբար, անհնարին կլինի վերականգնել բիզնեսը։
Այս նախաձեռնության ընդունումից հետո, բացի այն, որ բիզնեսը բախվելու է հարկային տեսուչի կամայականություններին՝ երբեմն ստիպված լինելով գնալ հարկադիր սնանկացման, այլև դա դառնալու է գործիք իշխանությունների ձեռքին՝ անցանկալի գործարարներին հարկային մամլիչի տակ պահելու ու պատժելու համար։ Մի բան կմոգոնեն, ակտ կգրեն, հոգ չէ, եթե նույնիսկ տարիներ հետո դատարանը հիմնավորված չհամարի հարկային տեսուչի գործողություններն ու գրված ակտը։
Բիզնեսին տեռորի ենթարկելու իշխանությունների այս քայլը տանելու է նաև հարկային համակարգում կոռուպցիոն ռիսկերի խորացմանը։ Ակտ գրելուց առաջ, որքան էլ համաձայն չլինեն, գործարարները փորձելու են հնարավոր բոլոր միջոցներով լեզու գտնել հարկային տեսուչի հետ։
Այն, ինչ մտադիր են անել՝ ծանր հետևանք է ունենալու բիզնեսի համար։
Փոխարենը՝ իշխանությունները բյուջեում ավելի շատ միջոցներ կունենան, որպեսզի բավարարեն իրենց կարիքները։ Իշխանություններին թերևս միայն դա է հետաքրքրում՝ կապ չունի, թե ինչ կլինի բիզնեսի հետ։ Հատկապես որ, բիզնեսն էլ մի առանձնահատուկ հետաքրքրված ու շահագրգռված չէ իր շահերի պաշտպանությամբ։ Թեև Հայաստանում գործարարների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կառույցներ կան, դրանց մեծ մասի ձայնը վերջին տարիներին գրեթե դուրս չի գալիս։ Այդ կառույցները վաղուց կորցրել են իրենց նշանակությունը։ Սերտաճել են իշխանությունների հետ ու անտրտունջ կատարում են նրա կամքը։
Միայն «Մանթաշյանց գործարարների ակումբը» հարկ համարեց հայտարարել, թե ներկայացված նախաձեռնությունը մտահոգիչ է ու բացասաբար է անդրադառնալու բիզնեսի գործունեության վրա։ Մնացածը լուռ են։ Անհասկանալի է, թե մինչև երբ բիզնեսը, հատկապես՝ խոշոր բիզնեսը, պիտի շարունակի այսպիսի կրավորական կեցվածք դրսևորել, այդ թվում՝ երկրում տեղի ունեցող աղետալի իրադարձությունների նկատմամբ։
Մինչ բիզնեսը լուռ հետևում է, իշխանությունը պատրաստվում է առաջիկայում մեկ այլ ծանր բեռ էլ դնել տնտեսության վրա։ Բիզնեսի հաշվին՝ մտադիր են շահել աշխատողների համակրանքն ու սպասվող ընտրություններից առաջ՝ քաղաքական դիվիդենտներ ստանալ։
Արդեն տևական ժամանակ է, ինչ շրջանառության մեջ են դրել աշխատանքային օրվա ժամերը կրճատելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը, որքան էլ մեր տնտեսությունն ու տնտեսության տեխնիկական հագեցվածության մակարդակը բացարձակ պատրաստ չէ դրան։ Խոսքն 8-ժամյա աշխատանքային օրը 7-ժամյա դարձնելու մասին է։
Սա ևս կոտրվելու է բիզնեսի գլխին։ Ու բիզնեսն է վճարելու այն գինը, որն առաջանալու է աշխատանքային օրվա ժամերը կրճատելու հետևանքով։ Աշխատաժամանակը կրճատելու պարագայում, բիզնեսն էլ ավելի է կորցնելու մրցունակությունը, այդ թվում՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին շուկաներում։ Ավելանալու է արտադրության ինքնարժեքը՝ հանգեցնելով իրացման շրջանառությունների կրճատման, գուցե նաև գործունեության դադարեցման։
Նախաձեռնությունը, բնականաբար, ողջունելու են աշխատողները։ Բայց կառավարությունը նրա համար է, որպեսզի հավասարակշռի բիզնեսի ու աշխատողների շահերը, և ոչ թե սեփական պոպուլիզմից ելնելով՝ կոլապսի ենթարկի տնտեսությունը։
Այս բոլոր քայլերը լինելու են ի վնաս ոչ միայն գործող բիզնեսի, այլև ներդրումների, ու առավել ևս՝ օտարերկրյա ներդրումների, որոնց կարիքը տնտեսության մեջ չափազանց մեծ է։ Վերջին տարիների անվտանգային խնդիրների ու անկայունության հետևանքով, առանց այդ էլ օտարերկրյա կապիտալը պատրաստ չէ գալ Հայաստան, նույնիսկ եղածներն են հեռանում։ Իսկ նման քայլերով իշխանություններն ավելի են խորացնում այս իրավիճակը՝ ռիսկեր ստեղծելով՝ ինչպես տնտեսության կայունության, այնպես էլ՝ պետական բյուջեի համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ