Պայթյունավտանգ տնտեսություն՝ աճի խաբկանքի պայմաններում

Պոպուլիզմով տառապող ՔՊ-ական վարչախումբը, ժողովրդին սիրաշահելու ու իշխանական աթոռներն ամեն գնով պահելու համար, վերջին տարիներին անհարկի ու չհիմնավորված ծախսերով այնքան է ծանրաբեռնել պետական բյուջեն, որ բյուջետային խնդիրները գնալով ահագնանում են։ Բյուջեի անհարկի ծախսերը կրճատելու և օպտիմալացնելու փոխարեն, բիզնեսին են ճնշում։ Այս տարի էլ հույս չունեն, որ բյուջեով նախատեսված եկամուտները կկարողանան հավաքել։ Դրա համար էլ միացրել են հարկային մամլիչը, ինչի հետևանքով բիզնեսի շրջանում համատարած դժգոհությունների ալիք է հասունանում։ Ոչ միայն այն պատճառով, որ անհարկի հարկային ճնշման են ենթարկում, այլև հարկային ճնշման ճանապարհով խլում են մարդկանց բիզնեսն ու ունեցվածքը։

Քիչ է, բիզնեսին են ճնշում, մյուս կողմից՝ ինքնամոռաց պարտքերն են ավելացնում, որպեսզի կարողանան աշխատավարձ, թոշակ ու նպաստ վճարել, ասֆալտ անել ու դրանով գայթակղել այն քաղաքացիներին, ովքեր իրենց գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատումն ավելի վեր են դասում, քան անգամ հայրենիքի կորուստը։

Պարծենում են, որ իրենց իշխանության գալուց հետո բյուջեն կրկնապատկել են։ Թվում է, թե այդ պայմաններում գոնե ավելի քիչ պարտքեր պետք է վերցնեին՝ բյուջեի եկամուտներով չապահովված ծախսերը ֆինանսավորելու համար։ Բայց բյուջեի եկամուտների ավելացումը ոչնչով չի խանգարել՝ ավելի մեծ տեմպերով պարտքեր վերցնելու համար։

Դեռ չեն խոսում այն մասին, որ այս ընթացքում պարտքն է էապես թանկացել։ Պարտքի գինը գրեթե 30 տոկոսով բարձրացել է, ինչի հետևանքով մեծապես աճել է պարտքը սպասարկելու բյուջեի ֆինանսական բեռը։

Կարդացեք նաև

Այստեղից էլ առաջացել է այն խնդիրը, որը հիմա կա պարտքը սպասարկելու հետ կապված։ Պարտքերով են պարտքերը փակում, որովհետև պարտքերը շատ ավելի մեծ տեմպերով են ավելացրել, քան բյուջեի եկամուտները։

Ներքին միջոցները բավարար չեն մի կողմից՝ ստանձնած ծախսերը կատարելու, մյուս կողմից՝ պարտքերը սպասարկելու համար։ Հատկապես որ, այս ընթացքում իշխանությունը չհիմնավորված ֆինանսական մեծ բեռ է կուտակել բյուջեի վրա՝ ինչպես պարտքերի, այնպես էլ՝ ներքին ծախսերի անհարկի ավելացման միջոցով։ Եվ քանի որ բյուջեի միջոցները բավարար չեն եղել դրա համար, անընդհատ նոր պարտքեր են վերցրել՝ երկիրը կանգնեցնելով բյուջետային ու պարտքային ճգնաժամի հեռանկարի առաջ։

Ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու, իրենց ճոխություններ թույլ չտալու, պետական ապարատն օպտիմալացնելու, արտասահմանյան անօգուտ շրջագայություններից զերծ մնալու, ծառայողական մեքենաները կրճատելու, թանկարժեք ավտոպարկն ավելի թանկարժեք մեքենաներով չհամալրելու, աշխատասենյակները հպարտ հարկատուի վճարած հարկերով տարին մեկ չվերանորոգելու ու գույքն ամեն անգամ չթարմացնելու փոխարեն՝ պարտքեր են վերցրել ու շռայլորեն ծախսել։

Պարտքերն աստղաբաշխական տեմպերով ավելացրել են, բայց ոչ մի տեղ չի երևում, թե ինչի՞ վրա են ծախսել այդ գումարները, ի՞նչ ծրագրեր են իրականացրել, ի՞նչ տնտեսական արդյունք են ստացել։ Յոթ ու կես միլիարդը փոշիացրել են, մսխել են ու բեռը թողել պետության վրա։ Չկա ոչ մի հաշվետվություն, ոչ մի բացատրություն, թե ինչ են արել այդ հսկայական գումարները։ Միայն պետության վրա մնացած ահռելի պարտքն է երևում։

Դժվար է հիշել որևէ խոշոր ծրագիր, որն այս ընթացքում արել են, ու դա ավելացրել է երկրի տնտեսական, առավել ևս՝ արտադրական պոտենցիալը, որպեսզի վաղը հնարավոր լինի դրա արդյունքում վերադարձնել այդ պարտքերը։

Պարտքերի միջոցով ճանապարհ ասֆալտապատելուց այդպես էլ այն կողմ չանցան։ Ճանապարհներն էլ հաճախ այնպես են ասֆալտապատում, որ ամիսներ հետո քանդվում են ու վերակառուցման անհրաժեշտություն է առաջանում։

Այսպես վատնում են պետական միջոցները՝ պարտքերի նոր բեռ դնելով քաղաքացիների ու բյուջեի վրա։

Բյուջեի բեռը հասցրել են այնքան ծանրաբեռնել, որ ստանձնած ֆինանսական պարտավորությունները կատարելու համար մի կողմից՝ պարտքեր են վերցնում, մյուս կողմից՝ տնտեսությանն ու քաղաքացիների կաշին են քերթում։ Կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարը ձախողել են, հարկերը բարձրացնելով են փորձում լրացնել բյուջեի եկամուտների բացը։

Ժամանակին նախկիններին էին մեղադրում հովանավորչության, տնտեսության մեջ արտոնյալներ բուծելու համար, իրենք բոլորին գերազանցել են։ Ստվերի կրճատման տեմպերը խայտառակ ցածր են։ Առանձին տարիներին կրճատվելու փոխարեն՝ ստվերը նույնիսկ խորացել է։ Ու քանի որ չեն կարողանում արդարացված հարկային քաղաքականությամբ, արդյունավետ վարչարարությամբ, ստվերի դեմ պայքարելով ստվերի հաշվին բյուջեի եկամուտներն ավելացնել, հարկային բեռն են բարձրացնում։

Համատարած ավելացրել են հարկերը, որոնք թանկացումների միջոցով գնում ծանրանում են քաղաքացիների վրա։

Ոչ միայն տնտեսության միջոցով, այլև անուղղակի են ծանրացնում քաղաքացու հարկային բեռը։

Եկամուտների հայտարարագրումը լինելու է այդ ձևերից մեկը։ Առաջիկա տարիներին բյուջեն փրկելու հույսը կապում են եկամուտների հայտարարագրման հետ, որով փորձելու են ավելի շատ գումարներ հանել քաղաքացիների գրպանից։ Հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով գայթակղում, հորդորում ու համոզում են քաղաքացիներին՝ հայտարարագրել եկամուտները, որպեսզի հետո այդ եկամուտները դնեն հարկման տակ։ Ժամանակին ասում էին՝ եկամուտների հայտարարագրումը ֆիսկալ կամ հարկման նպատակ չի հետապնդում։

Բայց ինչպես տեսնում ենք, խաբում էին։ Այս տարի, անգամ մասնակի հայտարարագրված քաղաքացիներից հասցրել են գրեթե 9 մլրդ դրամի հարկ հավաքել։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչ է լինելու, եթե բոլոր քաղաքացիներին դնեն հայտարարագրման տակ։ Այս փուլում դեռ չեզոքություն են պահպանում, առջևում ընտրություններ են, չեն ուզում դժգոհություններն ավելացնեն։ Ընտրություններից հետո այլ է լինելու, հատիկ-հատիկ անցնելու են բոլորի հայտարարագրերի վրայով ու ստիպելու են վճարել հարկելը։

Տնտեսությանը շնչելու, կարողություններն ու արտադրական ծավալներն ընդլայնելու, նոր արտադրություններ հիմնելու հնարավորություններ տալու փոխարեն՝ կարճաժամկետ բյուջետային խնդիրներ են փորձում լուծել՝ ավելի խորացնելով տնտեսության ու բյուջեի ճգնաժամը։

Հաճախ են շահարկում այն, որ ՀՆԱ-ն այս ընթացքում 4 տրիլիոն դրամով ավելացել է, մոռանում են, որ դրա հիմնական մասը եղել է ոչ թե տնտեսության զարգացումների, այլ վերցրած պարտքերի հաշվին։ Պարտքերով ՀՆԱ-ն մեծացրել են, կարծում են՝ տնտեսություն են զարգացրել, տնտեսության զարգացման հաշվին են բյուջեն ավելացրել ու այդ գումարներով են փակում պարտքերը։ Պարտքերի մարումը էլի պարտքերի հույսին է։ Բյուջեում այդքան փող չկա, որ և՛ պարտքերը մարեն, և՛ մյուս, այդ թվում՝ սոցիալական ու այլ առաջնային ծախսերը կատարեն։ Ծախսերը չեն ուզում կրճատել՝ անընդհատ նոր պարտքեր են ավելացնում։

Վերջին տարիներին միջին տարեկան պետական պարտքը 1 մլրդ դոլարով աճում է, ու մինչ դրա տնտեսական արդյունքը չի երևում, ֆինանսական հետևանքը պարտքի սպասարկման վրա ակնհայտ է։ Այնտեղ են հասցրել, որ տնտեսությունից հավաքվող հարկերի 13-14 տոկոսը վճարում ենք՝ պարտքի միայն տոկոսները փակելու համար։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս