Բաքվի «դատավարության» ժամանակ տրվող ցուցմունքների արժեքն ու Ադրբեջանի «մարդասիրության գինը»

Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության՝ Բաքվում շինծու մեղադրանքներով «դատավարությանը» 168.am-ն ուշադրությամբ հետևում է, ներկայացնում Ադրբեջանի պետական մեղադրողների հայտարարությունները, թույլատրելի սահմաններում մեկնաբանում և վերլուծում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ցուցմունքները և դրանց տողատակերը։ 

Մարտի 6-ին Բաքվի դատարանում Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանն է արդեն ցուցմունք տվել։

Ադրբեջանական կայքերի հաղորդմամբ, նա հաստատել է, որ մասնակցել է Առաջին և Երկրորդ Արցախյան պատերազմներին:

Կարդացեք նաև

Մասնավորապես, Արցախյան առաջին պատերազմին իր մասնակցության վերաբերյալ գեներալ Մանուկյանը նշել է.

«Եղել եմ շարքային, մասնակցել եմ մարտական օպերացիաներին: 1993 թվականի փետրվարի 28-ին վիրավորվել եմ Մարտակերտի ուղղությամբ: Ծառայությունս շարունակել եմ պատերազմից հետո և ստացել սպայական կոչում»:

Անդրադառնալով 2020 թվականի պատերազմին, Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալն ասել է՝ եթե Առաջին պատերազմի ժամանակ ծառայողական կարգավիճակ չի ունեցել, ապա 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցել է, և, որ իր ծառայողական պարտականությունների մասին հստակ գրված է՝ «զբաղվել մարտական պատրաստությամբ, այնտեղ պատերազմի պլանավորման մասին խոսք չկա»:

Միաժամանակ, ՀՀ ԶՈՒ և ՊԲ նախկին բարձրաստիճան զինվորականը շինծու մեղադրանքներով «դատավարության» ժամանակ ընդգծել է, որ ԱԽ նիստերին չի մասնակցել: Այնուհետև գեներալ Մանուկյանը հայտնել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ թուրքական «Բայրաքթարը» թիրախավորել է իր մեքենան, վիրավորվել է իր վարորդը, իսկ ինքը մեքենայից 20 մետր հեռավորության վրա է գտնվել, դրա համար չի վնասվել:

Մեր տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել գեներալի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 15-ին, և միայն երջանիկ պատահականությամբ է նա կենդանի մնացել:

Մի օր, թերևս, պարզ կդառնա՝ հրամանատարի թիրախավորումը պատերազմի թեժ օրերին պատահականությո՞ւն էր, թե՞ դիտավորություն:

Իսկ Դավիթ Մանուկյանը Բաքվի դատարանում իր ցուցմունքի ժամանակ շարունակել է, որ 2021 թվականի դեկտեմբերին արձակուրդ է վերցրել, իսկ 2022 թվականի հունվարին վայր դրել զինվորական պարտականությունները:

Գեներալն այս համատեքստում շեշտել է, որ՝ «2020 թվականից հետո բանակում մեծ կրճատումներ են կատարվել՝ դիվիզիան հասցվել է բրիգադի մակարդակի», և այլն:

Այս և նախորդ «դատական նիստերը» հաշվի առնելով՝ կարող ենք ասել, որ Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունից ոչ ոք իր ցուցմունքներում «մեղք չի գործել», նույնիսկ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ցուցմունքներում նման բան չկա:

Այլ հարց է, որ նա շատ ավելի վաղուց պետք է խոսեր և սլաքն ուղղեր դեպի գլխավոր որոշում կայացնողը:

Եվ գուցե այս մտավախությամբ է, որ Նիկոլ Փաշինյանը միշտ փորձում է ցույց տալ, որ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ հոգեներգործուն արգելված միջոցներ են կիրառում, որ նրանց ցուցմունքները շատ հեռու են իրականությունից, հատկապես՝ Արայիկ Հարությունյանի:

Այն, որ Բաքվում հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության նկատմամբ հոգեբանական և ֆիզիկական ճնշումներ են գործադրվում, դա ապացուցված և  բացահայտված է։

Այն, որ «դատավարության» ժամանակ բազմաթիվ դետալներ ևս հուշում են դրա բեմականացված լինելը, դա ևս անվիճելի է:

Այն, որ իրականում այդ «դատավարությունը» բաց անվանել չի կարելի, երբ չի լսվում ցուցմունք տվողների ձայնը, երբ անգամ ադրբեջանական լրագրողների ներկայություն չի ապահովվում, և երկրի բոլոր լրատվամիջոցները նույն բովանդակությամբ տեքստերն են տարածում՝ չկա անգամ մեկ ստորակետի տարբերություն, դա ևս ապացուցված փաստ է:

Եվ վերջապես այն, որ Բաքուն երբեք ոչինչ չի անում որպես «բարի կամքի դրսևորում», և ամեն ինչ իր գինն ունի, դա ևս չի քննարկվում:

Անգամ այսօր Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտից աուդիոձայնագրության փոխանցման հնարավորությունը, որի բովանդակությունը շատ ծանր էր, ևս իր գինն ունի, ինչն արտահայտված էր մի քանի տողանոց ձևակերպման մեջ, որտեղ Խոջալուի մասին հիշատակում կար:

Այսինքն, նույնիսկ Ռուբեն Վարդանյանի ֆիզիկական և առողջական վատ վիճակում Բաքուն փորձում է իր խնդիրը լուծել, և դա, ինչպես նշեցինք, միայն ցույց տալը չէ, որ իբր հարգում են միջազգային իրավունքը, մարդասեր են, և ՀՀ-ում այս առումով բողոքները հիմքեր չունեն: Բնականաբար, Բաքուն հեռահար խնդիրներ է փորձում լուծել, Հայաստանի շուրջ որքան հնարավոր է օղակը սեղմել, և հայի կյանքը նրանց համար որևէ արժեք չունի: Գիտակցո՞ւմ է սա Նիկոլ Փաշինյանը, գիտակցո՞ւմ են սա ՀՀ իշխանությունները:

Մի բան պարզ է, որ նման իրողության պայմաններում իշխանությունները չարեցին և չեն անում այն, ինչ պետք է անեին ի սկզբանե՝ միջազգային ատյանների ներգրավվածության ապահովում, հայ փաստաբանների մասնակցություն, ռազմագերիների հարցի դիտարկում՝ որպես բանակցային գործընթացի պարտադիր բաղադրիչ, և այլն:

Օրերս Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը ևս հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները չեն արել տարրական գործողություններ:

«Օրինակ, երբ ես ներկայացնում էի Իրանում երկու ամերիկացի պատանդի՝ Սիա Նամազի և նրա հոր շահերը, ԱՄՆ-ը պետական բանագնաց էր նշանակել պատանդների հարցով, որն աշխատում էր այդ գործով, Սպիտակ տունը և Պետքարտուղարությունը, այդ թվում՝ պետքարտուղարը, պարբերաբար հանդիպում էին իմ հաճախորդների ընտանիքների հետ։ Իրանում Շվեյցարիայի դեսպանությունում Միացյալ Նահանգներն ուներ «ԱՄՆ շահերի բաժին», որը հանդես էր գալիս բանտերում պահման պայմանների բարելավման համար և փորձում էր վերահսկել դատական գործընթացները։

ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը հանդես էին գալիս հրապարակավ, ամերիկացի դիվանագետները՝ իրենց դաշնակիցների հետ, հանդես էին գալիս ՄԱԿ-ում՝ օգնության խնդրանքով, ԱՄՆ աջակցություն էր խնդրում համաշխարհային կրոնական առաջնորդներից։ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել իրանցի այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու էին պատանդառման համար։ Այս ամենը շատ ողջամիտ և համաչափ էր ԱՄՆ կողմից։

Այնուհանդերձ, ի զարմանս ինձ, որքանով որ կարող եմ ասել, Հայաստանը չի արել այս տարրական գործողություններից և ոչ մեկը Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար։

Հետևաբար, ես հարցնում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Դուք համաձա՞յն եք, որ նմանօրինակ գործողությունները ողջամիտ են և համաչափ, կամ Դուք, իրոք, պնդո՞ւմ եք, որ այն ջանքերը, որոնք ձեռնարկվել են նախագահ Թրամփի կողմից՝ Բելառուսից՝ ամերիկացի Մարկ Ֆոգելին, և Վենեսուելայից՝ վեց ամերիկացի պատանդներին ազատ արձակելու հարցում, ոչ խելամիտ և անհամաչափ էին»,- X սոցիալական ցանցում իր գրառման մեջ մանրամասնել էր նա:

Միգուցե եթե ՀՀ-ում լիներ համապատասխան քաղաքական կամք ունեցող և ուժեղ իշխանություն ու դիվանագիտություն, Բաքվից հայ գերիներին, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը հանելու այլ տարբերակներ էլ գտնվեին:

Իսկ ՀՀ իշխանության ներկայուցիչներից, մասնավորապես, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, մի քանի անգամ լրագրողների հետ զրույցում նշել է, թե Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը պետք է աշխատեր  գերի չընկնել, չհանձնվել, քանի որ արժեքավոր և գաղտնի տեղեկությունների կրող են:

Գուցե նրանք հնարավորություն ունեցել են Արցախից շատ շուտ դուրս գալու, բայց չեն օգտվել այդ հնարավորությունից, քանի որ չե՞ն ցանկացել արցախցիներին միայնակ թողնել։

Այսինքն, նժարին երկու հարց է եղել, և նրանք ընտրել են երկրորդը՝ մնալ ժողովրդի հետ:

Սակայն որքան էլ ՀՀ իշխանությունները փորձեն ցույց տալ, որ այստեղ միակ մեղավորը ՌԴ-ն է, որ «քցել» է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը, միևնույն է՝ իրենց պատասխանատվության չափաբաժինն ունեն։ Իսկ արդյո՞ք արցախահայերի անվտանգության համար բավարար ամեն ինչ արվել է:

Դեռ մի կողմ ենք դնում այն, որ պարզաբանելու հարցեր կան՝ նրանցից յուրաքանչյուրի պատանդառման հանգամանքների և, ինչո՞ւ չէ՝ որոշ անձանց, այսպես ասած՝ «փրկվելու» առնչությամբ:

Ի դեպ, սոցիալական ցանցերում երբեմն քննարկումներ են լինում, թե ինչպե՞ս կարող է հայ գեներալը հանձնվել թշնամուն, գրելով, թե «դրան չպիտի հասնի»:

Առհասարակ, մարտից առաջ հայ զինվորին, սպային, հրամանատարին ներարկել են, որ ավելի լավ է ինքն իրեն ոչնչացնի, քան գերի ընկնի թշնամուն, որովհետև դա շատ ավելի դաժան է, կա նաև պատվի հարց: Նման դեպքեր շատ են եղել, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ժամանակ:

Բայց կոնկրետ դեպքում գործ ունենք այլ իրավիճակի հետ, հատկապես, երբ շատ մանրամասներ հայտնի չեն:

Ի դեպ, ժամանակին նմանօրինակ մարդիկ ինքնասպանություն գործելու խորհուրդներ էին տալիս ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, գեներալներին, որովհետև պարտվել են պատերազմում կամ բանակին տարել պարտության:

Հետաքրքիր է, որ նման խորհուրդներ գրեթե չի հասցեագրվել քաղաքական գործիչներին, օրվա ղեկավարությանը, փոխարենը՝ կրկին թիրախավորում են զինվորականությանը: Իսկ պարտված ղեկավարին ընտրող ժողովուրդն ամաչելու բան չունի՞…

Իսկ, առհասարակ, 2018 թվականից հետո շատ հասկացություններ աղավաղվեցին:

Օրինակ, այն գեներալները, որոնք այնքան էլ լավ համբավ չունեին, բայց կարողացան ժամանակին զորացրվել և Հայաստանից հեռանալ նույնիսկ, ընկալվում են որպես հերոսներ, իսկ ովքեր շարունակեցին մնալ բանակում, այդ թվում՝ պատերազմի օրերին, համարվում են դավաճաններ: Իհարկե, կան գեներալներ, որոնք ունեն պատասխանատվության բաժին այսօրվա իրավիճակի համար։

Կար ժամանակ, երբ իշխանությունները հատուկ հերոսացնում էին գերիներին, նրանց հրապարակային քննարկման նյութի հերոս դարձնում, մի բան, որ մինչ այդ չէր եղել, բայց հետո ինչ-որ բան փոխվեց, հետո հերոս դարձավ հարկ վճարողը:

Իհարկե, չպետք է դատապարտել թե գերի ընկածներին, և թե գերությունից վերադարձածներին, հատկապես, երբ դրանցում մեծ է գործող իշխանությունների պատասխանատվության չափաբաժինը՝ անվտանգության ապահովման միջոցներ չձեռնարկելուց՝ մինչև ժամանակին զինծառայողներին համապատասխան հրամաններ չիջեցնելն ու չտեղափոխելը, և այլն:

Իսկ քանի՞ հերոսի անուն-ազգանուն հայտնի չէ մինչ օրս, քանի՞ հերոսի գերեզման չունենք…

Իսկ իշխանություններն ասում են, թե շարունակում են «համապատասխան գործողություններ անել», սակայն դրանք չեն երևում, որովհետև արդյունք չկա. Ի դեպ, այս մասին վերջերս ակնարկել էր նաև Փաշինյանը…

Տեսանյութեր

Լրահոս