
Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանի և Արայիկ Հարությունյանի ցուցմունքները տողատակ ունեին. ոչ մի ամսաթիվ հենց այնպես չի հիշեցվել

Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության՝ Բաքվում շինծու մեղադրանքներով «դատավարությանը» 168.am-ն ուշադրությամբ հետևում է, ներկայացնում Ադրբեջանի պետական մեղադրողների հայտարարությունները, թույլատրելի սահմաններում մեկնաբանում և վերլուծում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ցուցմունքները:
Մարտի 3-ին Բաքվի դատարանում ցուցմունքներ են տվել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:
Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, գեներալը հաստատել է իր մասնակցությունն Ադրբեջանի դեմ պատերազմին Հայաստանի կանոնավոր բանակի կազմում, այնուհետև նշել, թե 20.09.2020 թվագրված գաղտնի հրաման է եղել, որը չի գաղտնազերծել:
Լևոն Մնացականյանը վստահեցրել է, որ զորացրվելուց հետո, ընդհանուր առմամբ, տարբեր հանգամանքներից ելնելով, բանակի հետ կապ չի պահել, բացի այդ, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ արգելել էր բանակից որևէ մեկի հետ խոսել, կապ հաստատել:
Ինչ վերաբերում է 2016 թվականի Ապրիլյան պատերազմին, նա նշել է, որ իրեն 2016 թվականի օպերացիաներին ներգրավելու խնդիր չի եղել, հակառակ դեպքում ապահովելու էր իր ներգրավվածությունը: Արցախում գոյություն ունեցած սպառազինությանն ու ստեղծված ստորաբաժանումների հարցին ևս գեներալը շատ նուրբ և տողատակերով է անդրադարձել, ինչպես վերևում նշված մյուս հարցերին։ Ավելին, 20.09.2020-ը, թերևս, պատահական չի հիշատակել:
Հասկանալի է, չէ՞, որ Բաքվի բանտում են, ենթարկվում են առնվազն հոգեբանական ճնշումների, որոշ դեպքերում՝ նաև ֆիզիկական:
Բնականանար, նման դեպքերում արդեն իսկ հոգեբանական ճնշում է Բաքվի դատարանում մեղադրյալի աթոռին հրապարակավ ներկայանալը՝ իմանալով, որ այդ ամենը նաև քո հայրենիքում են նայում, քո զինվորը:
Ադրբեջանը, բնականաբար, օգտվում է այս ամենից և «դատավարության» ընթացքում փորձում է շոշափել այնպիսի հարցեր, որոնք կարող են նաև երկակի տպավորություն թողնել, «վնասել» այնտեղ գտնվող հայ գեներալների, Արցախի նախկին քաղաքական ղեկավարների հեղինակությանը, որոնք ժամանակին կարողացել են հաղթանակներ ապահովել:
Ինչ վերաբերում է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ապա ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա շատ ավելի ծավալուն ցուցմունք է տվել և ոչ առաջին անգամ: Նա նախ հիշեցրել է, որ 2020 թվականի հունիսին Երևանում կայացել է Անվտանգության խորհրդի համատեղ նիստ, որի շրջանակում ծանոթացել է բանակցային գործընթացին, և որտեղ արձանագրվել է, որ այն «փակուղում է»: Այնուհետև Արցախի նախկին նախագահն իր ցուցմունքում ասել է, որ այդ ժամանակ տեղեկացվել է նաև ՀՀ բանակի վիճակին, որ «չկան պատերազմելու բավարար ռեսուրսներ», և, որ Ադրբեջանի ռազմական կարողություններն ու միջոցները գերազանցում են:
Նշենք, որ խոսքը Մարզահամերգային համալիրում 2020 թվականի հունիսի 19-ին հրավիրված ԱԽ համատեղ նիստի մասին է, որտեղ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության և առավելապաշտական կեցվածքի մասին՝ վստահեցնելով, որ «Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածում»:
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանն այստեղ արել էր նաև արկածախնդիր և «սադրիչ» հայտարարություններ, թե Ալիևն իրեն դրել է փակուղում, թե հնարավոր պատերազմը ավերվածություններ է բերելու հենց Ադրբեջանում և հանգեցնելու Ալիևի իշխանության կազմաքանդմանը: Եվ ոչինչ, որ 44-օրյա պատերազմից օրեր անց խոսել էր Ադրբեջանի ներքին վիճակը քանդելու կոնֆիդենցիալ տեղեկություններ ունենալու մասին, որն այդպես էլ չօգտագործվեց, ոչ էլ եթեր գնաց պատերազմից ժամեր առաջ արված հայտնի հարցազրույցը: Իսկ ԱԽ համատեղ նշված նիստի ժամանակ Փաշինյանը չէր անտեսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին և դրա համատեքստում հեռահար նպատակների:
«Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, և «Արևմտյան Ադրբեջան»-ի անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու, այսպես կոչված, «հարավային, հյուսիսային, հյուսիս-արևմտյան Ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում»,- նշել էր Փաշինյանը, ով այսօր էլ ընդունում է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի տակ ադրբեջանական տարածքային նկրտումները Հայաստանի դեմ և դրանց հասնելու «լեգիտիմ հիմքեր» է փորձում գտնել:
Իսկ Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում հիշեցրել է 2020-ի հոկտեմբերի 18-19-ին իր և Արցախի նախկին նախագահների՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկը, ինչի մասին ավելի վաղ խոսել էր նաև Արկադի Ղուկասյանը:
Արայիկ Հարությունյանը հիշեցրել է 2020-ի հոկտեմբերի 2-ի մասին, այդ համատեքստում, ըստ էության, ակնարկելով ոչ միայն այդ օրերին տեղի ունեցած կոնկրետ օպերացիաների և հրամանների, այլ նաև «Գյանջայի դեպքերի» մասին, թեպետ Արայիկ Հարությունյանը մարտի 3-ի «դատական նիստի» ժամանակ մի քանի անգամ տվել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի անունը: Հիշեցնենք 7-րդ ՊՇ-ն «փրկելու» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը:
Նկատենք, որ Արցախի նախկին նախագահի միջոցով, ով իբր ասել է, որ ՊԲ-ն դե յուրե և դե ֆակտո ենթարկվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին, Ադրբեջանը փորձում է արդարացնել 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացրած «հակաահաբեկչական օպերացիան», երբ հղում էր կատարվում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետին, որտեղ հստակ նշված է ՝«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:
Այսինքն, Ադրբեջանը փորձելու է ցույց տալ, որ Հայաստանը խախտել է այս կետը և պատերազմից հետո շարունակել է ներկայություն ապահովել Արցախում:
Հենց այս վտանգների մասին էինք մի քանի տարի շարունակ զգուշացնում՝ ահազանգելով եռակողմ հայտարարության մեջ նման կետի անթույլատրելիության մասին, և եթե անգամ սլաքը չուղղվեր ՀՀ ԶՈՒ-ի ուղղությամբ, միևնույն է՝ նման կետ չէր կարող լինել նման ձևակերպմամբ: Պետք էր գոնե ճկուն սցենարներ մշակել, հատկապես, երբ չեն կարողացել իրացնել ՊԲ-ի տեսքով ինքնապաշտպանական ուժեր ունենալու Արցախի իրավունքը:
Իսկ Բաքվի այս «դատավարությունն» ամեն անգամ ապացուցում է, որ այն ՀՀ-ի դեմ է, որի շուրջ օղակը գնալով սեղմվում է…