
«Այդ կոնֆլիկտը, պատմությունը «հանցագործության» կամ «դատական քննության» առարկա չի հանդիսանում. Արցախի նախկին նախագահների ցուցմունքների հետքերով

Բաքվի դատարանում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի` «Գյանջայի դեպքերին» առնչվող ցուցմունքների մասին ադրբեջանական հրապարակումներից հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց մտահոգվել, այսօր կարծես ՀՀ իշխանություններն ուշացումով սկսել են հասկանալ, որ Բաքվի դատավարությունը ոչ թե այնտեղ պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ է, այլ Հայաստանի Հանրապետության, և, որ կեղծ մեղադրանքներով «դատավարությունն» Ադրբեջանը նաև օգտագործելու է բանակցություններում Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու համար: Այլ հարց է, որ ՀՀ իշխանությունները պետք է գործուն քայլեր անեն, ինչի մասին խոսում են իրավապաշտպանները, նախկին պաշտոնյաները:
Մասնավորապես, 168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը նշել է.
«Խնդիրը շատ պարզ է, իշխանություններից ակնկալվում էր, հիմա էլ է ակնկալվում, որ դիմեն միանգամայն համարժեք քաղաքակիրթ քայլերի՝ ապահովեն նույն միջազգային ատյանների ներգրավվածությունը, հայ փաստաբանների մասնակցությունը, ռազմագերիների հարցը դիտարկեն որպես բանակցային գործընթացի պարտադիր բաղադրիչ, ինչն անհասկանալիորեն անտեսվեց, օրինակ՝ հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության համաձայնագրում և այլն, դրանց շրջանակը չափազանց մեծ է»:
Արդյոք ՀՀ իշխանություններին ձեռնտու է Բաքվից Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության վերադա՞րձը, թե՞ այնտեղ մնալը, կարող ենք ենթադրություններ անել, չնայած շարքային քաղաքացիների, քաղաքական ընդդիմադիր գործիչների որոշակի պնդումներից ելնելով՝ կարող ենք արձանագրել, որ երկու դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը կարող է իր համար ոչ ձեռնտու հիմքեր գտնել:
Բայց Բաքվում հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության՝ ադրբեջանական բանտում մնալը ոչ միայն վտանգում է նրանց կյանքը, այլև Հայաստանի շուրջ օղակն է սեղմվում:
Իսկ փետրվարի 27-ին կայացած «դատական» հերթական նիստի ժամանակ ցուցմունքներ են տվել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Արկադի Ղուկասյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է եկել՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, քանի որ ՊԲ-ն միայնակ չէր կարող ապահովել Արցախի անվտանգությունը՝ մինչև հակամարտության կարգավորումը: Որևէ նորություն կա՞ այստեղ, այս մասին ամրագրում կա անգամ Փաշինյանի կառավարության ծրագրում, այս մասին Փաշինյանը խոսել է 44-օրյա պատերազմի ժամանակ և հրապարակավ մարտակոչեր արել:
Այստեղ որևէ անօրինական բան չկա, հատկապես, երբ Հայաստանը հակամարտության կարգավորման բանակցություններում ներկայացնում էր Արցախը, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության տակ առկա է Հայաստանի ստորագրությունը, որն իրենից ներկայացնում էր Արցախում հրահրված պատերազմի դադարեցման կամ հրադադարի փաստաթուղթ: Այլ հարց է, որ, երբ խոսքը տարբեր օպերացիաներից է գնացել, Փաշինյանը 44-օրյայի ժամանակ նշել է՝ ՊԲ-ն և Արցախի գեներալներն են որոշողը: Բայց արդյոք այս դեպքում Փաշինյանն ինքն իր «դեմ» դուրս չի՞ գալիս, երբ ՀՀ օրենքներով դատում է Արցախի գեներալներին 44-օրյայի հանգամանքների համատեքստում:
Ի դեպ, այս հարցը բարձրացվում է բարձրաստիճան զինվորականության դատավարությունների ժամանակ:
Իսկ Արկադի Ղուկասյանը միաժամանակ հերքել է ադրբեջանական այն պնդումները, թե հայկական կողմից 2020 թվականի պատերազմի ժամանակ վարձկաններ են մասնակցել: Իսկ Ադրբեջանի կողմից մասնակցածների մասին կան հստակ ապացույցներ:
Արցախի նախկին նախագահը խոսել է նաև 44-օրյա պատերազմի օրերին պատերազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկի մասին ՀՀ իշխանություններին:
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նա ասել է, որ Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ պահանջել են հանդիպում Արայիկ Հարությունյանի հետ, և խնդրել, որ նա բոլոր հնարավորություններն օգտագործի և ՀՀ իշխանություններին խնդրի՝ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ: Այստեղ էլ նորություն չկա:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն էր արել.
«Հոկտեմբերի 19-ին ինձ զանգահարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և ասաց, որ պետք է կանգնեցնել պատերազմը: Ասաց նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, նաև Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից:
Ես զանգահարեցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, և նա ասաց, որ կարծում է՝ դա պետք է փորձել անել ռուսական առաջարկների տրամաբանությամբ: Այսինքն՝ կարգավիճակի հարցի հետաձգում, շրջանների հանձնում, ռուս խաղաղապահների տեղակայում: Ասացի՝ խաղաղապահները պետք է տեղակայվեն նախկին ԼՂԻՄ սահմանի երկայնքով և Լաչինի միջանցքով: Ինքը համաձայնեց, և պայմանավորվեցինք, որ քննարկումներից հետո կրկին կզանգեմ:
Զանգահարեցի Արցախի նախագահին և ասացի, որ հնարավոր տարբերակը վերը նկարագրվածն է: Ասաց, համաձայն է: Դրանից հետո հրավիրեցի արտախորհրդարանական ուժերին և տեղեկացրի, որ այսպիսի որոշում եմ կայացրել: Նրանցից շատերի արձագանքը դժկամ էր, ոմանք նիստից հետո սոցիալական ցանցերում գրում էին, որ նրանք, ովքեր ժողովրդին ետ կպահեն հետագա պայքարից, դավաճան են, և այլն:
Նույն օրը ԱԽ նիստ հրավիրեցի՝ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ներկա էր նաև Հանրապետության նախագահը և Վեհափառ հայրապետը: Ընդդիմադիրները դժկամությամբ ընդունեցին լուրը, բայց ես այնպես տարա խոսակցությունը, որ չեմ պատրաստվում իրենց վրա որևէ պատասխանատվություն դնել: Պարզապես տեղյակ եմ պահում, որ չստացվի, թե թաքուն, ժողովրդի թիկունքում ինչ-որ բան եմ անում:
Հրապարակային որևէ հայտարարություն անել չէի կարող, որովհետև եթե Ադրբեջանը առաջարկը մերժեր իմ հրապարակային հայտարարությունից հետո, դա կլիներ մեր դիմադրության ողջ համակարգի փլուզումը: Կրկին զանգահարեցի ՌԴ նախագահին, ասացի, որ համաձայն եմ: Ասաց, որ մինչև առավոտ կքննարկի Ալիևի հետ և ետ կզանգի:
Հաջորդ օրը Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը ինձ հետ հանդիպման ժամանակ ասացին, որ համաձայն չեն առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման կամ ճշգրտման մեխանիզմի որևէ համաձայնության գալուն: Ըստ էության՝ ասացին նաև Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի և Լ. Տեր-Պետրոսյանի անունից:
Բայց այս ամենը կարևոր չէր, որովհետև, ես էի կայացրել որոշումը և պատրաստվում էի այն տանել մինչև վերջ»:
Ինչ վերաբերում է Բակո Սահակյանին, ապա «դատավարության» ժամանակ նա շեշտել է, որ ղարաբաղյան այդ կոնֆլիկտը, այդ պատմությունը «հանցագործության» կամ «դատաքննության» առարկա չի հանդիսանում իրականում:
Իսկ Արայիկ Հարությունյանը, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ժամանակ է խնդրել պատրաստվելու համար ու ցուցմունք չի տվել փետրվարի 27-ի «դատական» նիստի ժամանակ:
Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունը չի ընդունում իրեն առաջադրված շինծու մեղադրանքը:
Հաջորդ «դատական» նիստը նշանակաված է մարտի 3-ին։
Հավելենք, որ 168.am-ը գրել է, որ Բաքվի դատարանում նիստերից մեկի ժամանակ ադրբեջանցի պետական մեղադրողը հիշել էր Ապրիլյան պատերազմն ու հուլիսյան մարտերը, ինչը ևս մեկ ապացույց է, որ Բաքվի «դատավարությունն» ընդդեմ Հայաստանի Հանրապետության է: