
Հայ-թուրքական սահմանի բացումը բավականին նվազեցնելու է Ադրբեջանի ռեգիոնալ տրանսպորտային հանգույցի դերը. Շիրազ Խաչատրյան

Մարտի 4-ին Նիկոլ Փաշինյանն «Արմենպրեսում» հերթական հոդվածն է հրապարակել՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների մասին» վերտառությամբ, որտեղ կրկնել էր ապաշրջափակման մասին Ադրբեջանին ուղղված իր առաջարկը՝ «Հայաստանի բոլոր ճանապարհները բաց են Ադրբեջանի համար, դեռ 2022 թվականին Կառավարությունը շրջանառության մեջ է դրել Հայաստան-Ադրբեջան սահմանին սահմանային երեք կետ բացելու մասին որոշման նախագիծը, որն Ադրբեջանի բեռնատար և մարդատար ավտոմեքենաներին ՀՀ տարածք մուտք գործելու և, ասենք՝ դեպի Նախիջևան և Թուրքիա երթևեկելու հնարավորություն տալու մասին է»:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել էր Փաշինյանի հոդվածին և շեշտել՝ Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող հաղորդակցությունների բացման հարցում իր գրավոր և ստորագրված պարտավորությունները Հայաստանը չի կատարում, պետք է գործնական քայլեր ձեռնարկի:
Հիշեցնենք, որ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկում» շեշտվում է փոխադարձության սկզբունքը, որը հատկապես ռիսկեր է պարունակում Հայաստանի համար:
Աշխարհաքաղաքական ակտիվ զարգացումները, բնականաբար, իրենց ազդեցությունն ունեն նաև մեր տարածաշրջանի վրա, ուստի ապաշրջափակման և դրան առնչվող հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ: Ի դեպ, հավելենք, որ Ալիևը մեկնում է Թուրքիա, տեղի է ունենալու Իգդիր-Նախիջևան գազամուղի բացման արարողությունը:
– Տեսեք, աշխարհում, տարբեր ռեգիոններում, նաև մեր տարածաշրջանում ակտիվ վերադասավորումներ են տեղի ունենում: Այսինքն, մեր հարևան բոլոր պետությունների ռազմաքաղաքական ղեկավարություններն ակտիվ շարժերի, պայմանավորվածությունների մեջ են միմյանց հետ, և նախագահների, արտաքին գործերի, պաշտպանության նախարարների մակարդակով ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում, որոնց ժամանակ ներկայացվում, շատ հաճախ գծվում են կողմերի «կարմիր գծերը»: Եվ այս շարժերի մեջ բացակայում է Հայաստանի ներկայությունը։
Փաշինյանը, աշխարհից կտրված, կարծես իր ինքնազրույցների, տարբեր հոդվածների միջոցով է փորձում իր ասելիքը լսելի դարձնել մեծ դերակատարներին, ինչը, իհարկե, միջազգային շփման պրակտիկային համապատասխան ձևաչափ չէ։
Իսկ նման արհամարհված, չնկատվող վիճակից էլ մշտապես օգտվում է ադրբեջանական կողմը, որը մեզ հետ մշտապես խոսում է պարտադրանքի, նախապայմանների ու շանտաժի լեզվով։ Եվ դա ոչ միայն վերաբերում է հաղորդակցությունների բացման, այլ, ընդհանրապես, հարաբերությունների «կարգավորման» ցանկացած խնդրի:
Տարածաշրջանում ակտիվ վերադիրքավորումների այս փուլում Ադրբեջանը հետ չի կանգնում իր ագրեսիվ վարքագծից, ճնշումների միջոցով փորձում է առավելագույնը ստանալ Փաշինյանից, իսկ ռեգիոնալ, գլոբալ խորքային փոփոխությունների դեպքում դեռևս սպասումներ ունի նպաստավոր իրավիճակի դեպքում Հայաստանի հետ խնդիրները լուծել ուժի գործադրման եղանակով։
Եթե շատ հեռու չգնանք և իրողությունները դիտարկենք միայն 2025թ. հունվարից սկսած մինչև ներկա ժամանակահատված, ապա սցենարային առումով տարածաշրջանում մեծ բան չի փոխվել: Կրկնում եմ, բոլոր կողմերը դեռևս անորոշությունների այս փուլում վերադիրքավորումների մեջ են, և Ալիևն իր ագրեսիվ հռետորաբանությամբ անընդհատ ճնշում է հայկական կողմին, մեծ տերությունների հետ մշտական լարվածություն ապահովելու մարտավարություն է ընտրել իր ուզածին հասնելու համար, իսկ այդ ամենին զուգահեռ՝ մեր պետության ղեկավարը տարված է ինքնազրույցներով, փոդքասթներով։ Այդ իսկ պատճառով բազմաթիվ որոշումներ կայացվում են առանց մեր կարծիքը հաշվի առնելու։
– Քանի որ Փաշինյանի ինքնազրույցների մասին խոսեցիք, նշենք, որ մարտի 4-ին հրապարակվել է նաև նրա հարցազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստատեսությանը (IRIB), որի ժամանակ, մասնավորապես, Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանն Իրանի շահերի նկատմամբ զգայուն է, ինչը փոխադարձ է: Այսինքն, Հայաստանը փորձում է Իրանի զգայուն շահերը հաշվի առնել և համապատասխան գործընթացներում հակադրություններ չստեղծել, ինչը նաև մեր բնական շահերից է բխում:
– Հայաստանի և Իրանի հարաբերություններն ավանդաբար բարեկամական են, բայց հատկապես Հայաստանի կողմից Իրանի հետ կապերի խորացման համար կան բազմաթիվ խոչընդոտներ, քանի որ Հայաստանի վրա ռազմական, քաղաքական և տնտեսական ճնշումներ են բանեցվում բոլոր կողմերից՝ և՛ Թուրքիա-Ադրբեջանի, և՛ Արևմուտքի, և՛ Մոսկվայի: Փաշինյանի երեկվա հարցազրույցը նաև դրա մասին էր, որ հակազդեցությունների պատճառով մշտապես ճնշման տակ է Հայաստանը, և Իրանը պետք է համոզի խոշոր դերակատարներին՝ Հայաստանի հետ համագործակցության խորությունն ավելացնելու և տարածաշրջանը ռիսկերի տակ չդնելու քաղաքականություն վարել: Հայաստանը խոշոր խաղացողներին չի կարողանում համոզել, և Իրանի միջոցով է փորձում այդ ամենն անել, կհաջողվի՞ արդյոք տարածաշրջանային հնարավոր ռիսկերից խուսանավելով՝ համագործակցությունը խորացնել, ցույց կտա ժամանակը
– Աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում, որի մասին նշեցինք, թուրք-իրանական ներկա, ինչպես նաև՝ ԱՄՆ-ՌԴ վերանայվող հարաբերությունների ֆոնին, ի՞նչ զարգացումների սպասել ենթակառուցվածքների ապաշրջափակման տրամաբանության մեջ, կամ՝ սպասե՞լ ՌԴ և Արևմուտք հետաքրքրությունների փոփոխություն տարածաշրջանում: Այսինքն, վերաձևումների ի՞նչ պատկեր սպասել:
– Դեռևս դժվար է ասել, թե ինչ վերաձևումներ կարող են տեղի ունենալ, բոլորը խոսում են նոր աշխարհակարգի ձևավավորման, ազդեցության գոտիների բաժանման և նոր դերակատարների ի հայտ գալու մասին, բայց ամեն պրոցես չէ, որ տեսանելի է կամ հասկանալի:
Պարզ է, որ, օրինակ, Ռուսաստանը վերանայելու է իր տարածաշրջանային ռազմավարությունը, եթե ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավվեն: Մոսկվան ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերելու Հարավային Կովկասի հարցում, գուցե ավելացնի կամ հակառակը՝ նվազեցնի Հայաստանի և Ադրբեջանի վրա ճնշումները՝ իր դաշտ բերելու համար, ժամանակը ցույց կտա: Սա՝ առաջին:
Երկրորդ, եթե Արևմուտք-ՌԴ հարաբերություններն աստիճանաբար կարգավորվեն, ապա Թուրքիան առանց ԱՄՆ վերահսկողության կարող է տարածաշրջանում ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել, ինչն էլ իր հերթին կարող է բարդացնել Հայաստանի ու նաև Ադրբեջանի գործերը, որոնք ստիպված են լինելու ավելի նրբորեն մանևրել Արևմուտքի և ՌԴ-ի միջև: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանային լարվածությունների ֆոնին այսօր ինչ-որ լծակներով փորձում են Թուրքիային ճնշել, բայց եթե ՌԴ-ԱՄՆ պայմանավորվածությունների արդյունքում տարածաշրջանը թողնվի մնացած խաղացողների հայեցողությանը, ապա Թուրքիայի ձեռքերն ավելի բացվելու են, իր ագրեսիվ ռազմաքաղաքականությունը շարունակելու է վարել, հատկապես եթե որոշվի, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ն միայն տնտեսական կապերով են փորձելու Հարավային Կովկասում ներգրավվածություն ունենալ: Այսինքն, տարածաշրջանի երկրների համար և՛ հնարավորություններ, և՛ ռիսկեր կան, հարց է՝ ով և ինչպես դրանից կօգտվի:
Այս դեպքում կարող է Իրան-Թուրքիա մրցակցությունը խորանալ, եթե Թուրքիան պնդի և գնա իր պլանավորած նախագծերի («Զանգեզուրի միջանցք» և այլն) հետևից:
Ռուսաստանն էլ «վերադառնալով» տարածաշրջան, փորձելու է օգտագործել Թուրքիայի հետ ունեցած տնտեսական լծակները, էներգետիկ կախվածությունը, Մերձավոր Արևելքում դեռևս պահպանվող իր ազդեցությունը, որպեսզի Անկարան ռեգիոնում ավելի զգուշորեն գործի: ՌԴ-ն աշխատանքներ է տանում նաև Իրանի հետ՝ թուրք-ադրբեջանական ազդեցությունը սահմանափակելու համար, եթե պատշաճ կերպով հակազդեցության լծակներ չգործադրի, ապա բոլոր զարգացումները կընթանան թուրքական սցենարով:
Եթե կարճ ամփոփեմ՝ տեսանելի ժամանակափուլում՝ պայմանավորված ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորմամբ, տարածաշրջանում հավասարակշռությունը փոխվելու է, Անկարան շարունակելու է փորձերը Հարավային Կովկասում իր ազդեցությունն ուժեղացնելու համար՝ և՛ իր ռազմական ներկայությամբ (օրինակ՝ Նախիջևանում և Ադրբեջանում), և՛ տնտեսական միջոցներով: Որքան միջազգային ուժային կենտրոնները ռեգիոնում ստեղծեն վակուում, այնքան Թուրքիայի ռիսկային քայլերի դիմելու հավանականությունը բարձր կլինի:
– Իշխանության կամ իշխող ուժի ներկայացուցիչներն ասում են՝ Ադրբեջանն ակնհայտորեն հակված չէ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացվի: Ինչո՞ւ պետք է հակված չլինի, հայ-թուրքական սահմանի բացումն ինչո՞վ ձեռնտու չէ Ադրբեջանին:
– ՔՊ-ականները լսելու և մեկնաբանելու փոխարեն՝ գոնե թող այնպես անեն, որ Հայաստանը վերջնականապես չմեկուսացվի արտաքին աշխարհից։ Իհարկե, ակնհայտ է, որ Ադրբեջանը ձգտելու է Հայաստանին պահել տնտեսական և քաղաքական մեկուսացման մեջ: Թուրքիայի, ինչպես նաև՝ Ադրբեջանի հետ սահմանային հարցերի կարգավորումն ինչ-որ առումով կարող է նպաստել Հայաստանի տնտեսական վերականգնմանը, ինչը ձեռնտու չէ ադրբեջանական կողմին։
Ալիևին անհրաժեշտ է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնա, քանի որ իրեն այս հակամարտությունը պետք է ներքին լսարանին զբաղեցնելու, իր իշխանությունը պահելու համար, անընդհատ խաղալով «հայկական ֆաշիզմի դեմ պայքարելու», նորանոր «հաղթանակներ» գրանցելու բազմաբնույթ սցենարներ։
Սակայն հայ-թուրքական սահմանի բացումն այս փուլում այնքան էլ ռեալ չէ նաև այլ առումով, այն է՝ Թուրքիան Հայաստանի հետ սահմանների բացման, հարաբերությունների կարգավորման դիմաց կոնկրետ նախապայմաններ ունի. դա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է՝ Սյունիքով անցնող անխոչընդոտ ճանապարհի բացման ու ադրբեջանական մնացած պայմանները կատարելու դիմաց։
Հայ-թուրքական սահմանի բացումը բազմաշերտ է և իր ազդեցությունն է ունենալու տարածաշրջանի մյուս դերակատարների վրա նույնպես։ Եթե Թուրքիան սահմանը բացի, դա կարող է ոչ միայն լարվածություն առաջացնել Անկարայի ու Բաքվի, այլև Անկարայի և Մոսկվայի հարաբերությունների միջև։
Իհարկե, Թուրքիան կարող է խաղալ տարածաշրջանի բոլոր դերակատարների նյարդերի հետ, տեսականորեն սահմանը բացելով, և, օրինակ, փաստացի անիմաստ դարձնելով ռուսական ներկայությունը Հայաստանի սահմաններին: Բայց այս փուլում նույնիսկ այդ սցենարն է անիրատեսական, քանի որ իրենց քաղաքական և ռազմավարական նպատակներն այլ են, և դրանք Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում մխրճվելու մասին են:
Սահմանի բացումը, անկախ Ադրբեջանի կամ մեկ այլ դերակատարի ցանկությունից, բավականին նվազեցնելու է Ադրբեջանի ռեգիոնալ տրանսպորտային հանգույցի դերը, ձեռնտու լինելով Իրանին, տնտեսական առումով՝ Հայաստանին, դա, իհարկե, Թուրքիան լավ հասկանում է և ներկա փուլում նման կտրուկ շրջադարձային որոշման դժվար գնա: