Սուրեն Պապիկյանը ճշտել է՝ 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին մասնակցել է. արդյո՞ք պատերազմը կանգնեցնելու Օնիկ Գասպարյանի առաջարկը լսել է
Հունվարի 31-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն հետևյալ հարցադրումներով՝
1. 168.am-ը հունվարի 15-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Սուրեն Պապիկյանին հիշեցրել էր, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում մասնակցել է 2020 թվականի սեպտեմբերի 30-ի ԱԽ հայտնի նիստին, որի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է 2-3 օրվա ընթացքում կանգնեցնել պատերազմը:
Մեր հարցին Սուրեն Պապիկյանն արձագանքել էր. «Ես կճշտեմ տվյալ նիստին իմ մասնակցությունը, և եթե անհրաժեշտություն լինի, որ ես հավելյալ պատասխանով հանդես գամ, ես դրանից չեմ խուսափում»: Այս ընթացքում ճշտե՞լ է իր մասնակցությունն ԱԽ այդ նիստին, կարո՞ղ է ասել՝ պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկ եղե՞լ է:
2. Հունվարի 15-ի ասուլիսի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ Գորիս-Կապան ճանապարհի հանձնման հետ կապված փաստաթուղթ է հրապարակվել, ի՞նչ փաստաթուղթ նկատի ուներ: Ի դեպ, 2020 թվականի դեկտեմբերին Սյունիքից զորքի հետքաշման վերաբերյալ կա՞ գրավոր հրաման կամ արձանագրություն, ինչի հիման վրա զորքը հետ է քաշվել Սյունիքից, քանի որ դե յուրե սահմանազատման գործընթաց այդ ժամանակ այդ հատվածում չի եղել:
3. Ի՞նչ գործառույթ է այսօր իրականացնում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագրով կարգավորվող զորախումբը, եթե գործնականում կարծես թե չեն գործում հայ-ռուսական պայմանագրերը: Ի դեպ, ինչպե՞ս կբացատրեք, որ հայ-ռուսական զորախմբի հրամանատար Արտակ Բուդաղյանը տարբեր մարզերում դիմավորում է Նիկոլ Փաշինյանին, ով տվյալ մարզ ոչ ռազմական միջոցառման է գնացել:
4. 2021-2022 թվականներին ՀՀ ինքնիշխան տարածքից քանի՞ քառակուսի կիլոմետր է օկուպացրել Ադրբեջանը, և յուրաքանչյուր ուղղությամբ որքա՞ն:
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատասխան գրությունն այս անգամ 10-օրյա ժամկետում է ուղարկել: Եվ այսպես:
Սուրեն Պապիկյանը հաստատել է իր մասնակցությունն ԱԽ հայտնի նիստին
Սուրեն Պապիկյանի՝ որպես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին մասնակցությանն առնչվող մեր հարցադրմանն ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է.
«2020թ. սեպտեմբերի 30-ին կայացած Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի մասին հաղորդագրությունը և նշված նիստի գաղտնազերծված արձանագրությունը հասանելի են Անվտանգության խորհրդի կայքում»:
Նշենք, որ ԱԽ համապատասխան հաղորդագրության մեջ նշվում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:
Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը և հայկական զինված ուժերի հետագա քայլերը»:
Հավելենք, որ պատերազմի օրերին սա ԱԽ միակ նիստը չէ, որին մասնակցել էՍուրեն Պապիկյանը: Իսկ 44-օրյա պատերազմում նրա դերակատարմանը մենք անդրադարձել ենք դեռ 2022 թվականին:
Իսկ եթե հաշվի առնենք, որ ԱԽ գաղտնազերծված արձանագրությունը, որն իր պատասխան գրությունում հիշատակել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, ըստ էության, չի հաստատում Անվանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն պնդումը, թե պատերազմի 4-րդ օրը Օնիկ Գասպարյանը նման առաջարկ չի արել, կամ՝ չի հերքում ԳՇ նախկին պետի պնդումը, որ նման առաջարկ արել է, կարող ենք ասել՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չեզոքություն է պահպանում, չենք ուզում ասել՝ չի հաստատում Փաշինյանի հերքումը:
Ի դեպ, սկզբում նա չէր հերքել Օնիկ Գասպարյանի կողմից պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկի՝ իրականությանը համապատասխանությունը, և միայն ԱԽ-Օնիկ Գասպարյան հեռահար բանավեճի արդյունքում էր հետ կանգնել իր նախնական դիրքորոշումից: Այն, որ Օնիկ Գասպարյանը նման առաջարկ է արել, հաստատել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, այլ հարց է՝ համաձա՞յն է եղել, թե՞ ոչ:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաստատում է
Հունվարին կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները Սուրեն Պապիկյանին հարցրել էին նաև 2020 թվականի դեկտեմբերին Գորիս-Կապան ճանապարհի հանձնման և Սյունիքից զորքի հետքաշման մասին, կամ՝ ինչպես հարցում նշվել էր՝ ռազմավարական բարձունքների հանձնման, ինչին ի պատասխան՝ Պապիկյանը նշել էր, որ չգիտի՝ ինչ բարձունքների մասին է. «Ես նմանատիպ հուշագրի չեմ տիրապետում, չգիտեմ՝ ինչ բարձունքների մասին է»:
168.am-ի հուշումից հետո, որ խոսքը Գորիս-Կապան ճանապարհի, Սյունիքից զորքի հետքաշման մասին է, պաշտպանության նախարարը հիշեցրել էր, որ դա իր պաշտոնավարման ժամանակաշրջանին չի վերաբերում, և, որ հրապարակված փաստաթուղթ կա: Սուրեն Պապիկյանի այս պատասխանը թյուրըմբռնում էր ստեղծել, թե նա ասում է՝ հրապարակված է մի փաստաթուղթ, որն իրականում գաղտնի է պահվում:
Իսկ 168.am-ը գրել էր, որ կարելի էր կռահել՝ ՀՀ պաշտպանության նախարարը նկատի ուներ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի օրոք մամուլում հայտնված ոչ պաշտոնական փաստաթուղթը, որը վերաբերում էր Գորիս-Կապան ճանապարհի հանձնմանը և զորքի հետքաշմանը:
Ամեն դեպքում գրավոր հարց էինք ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն նաև այս թեմայով, և Սուրեն Պապիկյանը փաստորեն հաստատել է իր հայտարարությանն առնչվող մեր ենթադրությունը:
«Փաստաթուղթ պաշտոնապես չի հրապարակվել, սակայն դրա բովանդակությունը հրապարակվել է 2021 թվականի փետրվարին և դրան հաջորդած ժամանակահատվածում մի շարք լրատվամիջոցներում և հասարակական-քաղաքական գործիչների սոցցանցերի էջերում»,- նշվում է ՊՆ պատասխանում:
Նշենք, որ հիշատակված ոչ պաշտոնական փաստաթղթում խոսվում է հայկական զորքի հետքաշման մասին: Իսկ թե արդյո՞ք գրավոր հրաման կամ արձանագրություն կա ՊՆ-ում կամ ԳՇ-ում, պաշտպանական գերատեսչությունն այդ հարցին չի անդրադարձել, թեև կարող ենք ենթադրություններ անել, հատկապես, երբ այս հարցը մեկ անգամ չէ, որ ուղղում ենք ՊՆ-ին, և ամեն անգամ արձագանքը տարբեր է եղել: Մի բան հստակ է՝ Սուրեն Պապիկյանը չի ցանկանում մտնել այս թեմայի մեջ, որը չի եղել իր պաշտոնավարման օրոք:
Այլ հարց է, որ նմանատիպ հարցադրումներ կան նաև իր պաշտոնավարման ժամանակահատվածի հետ կապված, քանի որ Տավուշում պիլոտային սահմանազատման գործընթացի արդյունքում դիրքերի հանձնում և դրանցից զորքի հետքաշում է տեղի ունեցել:
Ինչ վերաբերում է ռուս-հայկական միացյալ զորախմբի և նրա հրամանատարի գործունեությանը, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկնել է մեր հարցադրման մեջ առկա տեղեկությունը, և փաստորեն հարցին որևէ պատասխան չի տվել՝ «Միացյալ խմբավորման գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» համաձայնագրի դրույթներով»:
Հավելենք, որ այդ համաձայնագրով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը նախատեսված է տարածաշրջանում ռազմական անվտանգության ապահովման համար: Այլ կերպ՝ փոխհամաձայնության սկզբունքների հիման վրա ենթադրվում է փոխշահավետ համագործակցություն՝ նպատակ ունենալով դիմակայել կողմերի անվտանգության դեմ ուղղված մարտահրավերներին և սպառնալիքներին:
Իսկ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային վերաբերող հարցին, ավելի ճիշտ՝ այդ տարածքների «թվային» ցուցանիշին, ապա ՀՀ պաշտպանության նախարարությունը շեշտել է. «Բազմիցս տրվել են պաշտոնական պարզաբանումներ, որից զատ հավելյալ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կորուստների վերաբերյալ: Արդյունքում պարզել էր, որ 2022թ. դեկտեմբերի դրությամբ ՀՀ տարածքից օկուպացված է 139.24 քկմ տարածք:
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի անունից ընդդիմադիր պատգամավորին ուղարկված պատասխան գրության մեջ 168.am-ը մի ուշագրավ փաստ-արտահայտություն էր արձանագրել՝ «Թշնամու կողմից ՀՀ ինքնիշխան տարածքից օկուպացված է…»:
Իսկ հիմա ՀՀ իշխանությունները խոսում են ավելի քան 200 քկմ տարածքի օկուպացիայի մասին, ըստ էության, հաշվի առնելով նաև 1990-ականներին Ադրբեջանի վերահսկողության տակ անցածները: Չմոռանանք, որ մի առիթով ԱԺ-ում Փաշինյանը կասկածի տակ էր դրել 2021-2022 թվականներին ՀՀ օկուպացված տարածքների հայապատկան լինելը, իսկ վերջին հոդվածում դարձյալ նշել է, թե ավելի քան 200 քկմ օկուպացված տարածքը ՀՀ 29.743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մասն է հանդիսանում, բայց դրանք ռազմական ճանապարհով հետ բերել չեն պատրաստվում:
Եվ հիմա հարց է առաջանում՝ Սուրեն Պապիկյանը պաշտոնական ո՞ր պարզաբանումը նկատի ունի, և ավելի քան 200 քկմ-ի մեջ 2021-2022 թվականներին օկուպացված տարածքը 139.24 քառակուսի կիլոմե՞տր է, թե՞ ավելի շատ: