Բաժիններ՝

«Վերադարձել ենք աշխատանքի, մի քանի տաղավարներ արդեն փակվել են. օրենքը չփոխեցին՝ ապրանքը թանկանալու է». Կարինե Գևորգյան

Արդեն երկու շաբաթից ավելի է՝ փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով վերանայել շրջանառության հարկի վերաբերյալ օրենքը և նվազեցնել հարկային շեմը, քանի որ տվյալ օրենքը, նրանց կարծիքով՝ «հարկային տեռոր» է փոքր ու միջին բիզնեսի դեմ։ Շրջանառության հարկը կրկնակի բարձրացել է՝ 5 տոկոսից դառնալով 10 տոկոս։ Թեպետ տնտեսվարողներից որոշների հետ հանդիպել է ՊԵԿ նախագահը և Ֆինանսների նախարարը, սակայն, տնտեսվարողների խոսքով՝ հանդիպումն իրենց ոչինչ չի տվել։

Երեկ Կառավարության շենքի մոտ նույն պահանջով կրկին բողոքի ակցիա էին իրականացնում տնտեսվարողները, սակայն Կառավարությունից նրանց որևէ մեկը չընդունեց, ուստի նրանք հայտարարեցին, որ նույն պահանջով կրկին բողոքի ակցիա կիրականացնեն փետրվարի 10-ին։

Վաղը ՓՄՁ-ներին առնչվող հարկային փոփոխությունների վերաբերյալ ԱԺ-ում տեղի կունենա աշխատանքային քննարկում։

168.am հետ զրույցում տնտեսվարող Կարինե Գևորգյանն ասաց, որ ԱԺ աշխատանքային քննարկմանը մասնակցելու են 6-7 հոգով, սակայն ակնկալիքները մեծ չեն։

Կարդացեք նաև

«Ես հույս ունեմ, որ այս հարցին իշխանությունները ճիշտ մոտեցում կցուցաբերեն, պարզ հարկ կդնեն։ Այնպես չէ, որ տնտեսվարողները խուսափում են հարկեր վճարելուց, բայց ոչ այս տեսակ։

Իրենք օրենքով են խոսում, ժողովուրդն էլ դրա տողատակերը չի հասկանում»,- նշեց մեր զրուցակիցը։

Երեկ «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կենտրոնների աշխատակիցները փակել էին վաճառակետերը և մասնակցում էին բողոքի ակցիային, սակայն այսօր նրանք վերադարձել են աշխատանքի։

«Վերադարձել ենք աշխատանքի, սակայն մի քանի տաղավարներ արդեն փակվել են։ Բացի այս ամենը, օնլայն հարթակը մեզ շատ է վնասել։ Իմ շրջապատում այնքան մարդուց եմ լսում, որ ասում է՝ գնում եմ «Զառա» խանութում փորձում եմ, նույն ապրանքը էժան գնով Հունաստանից պատվիրում եմ։ Բնականաբար, ես էլ գնորդ լինեմ, այդպես կանեմ, էժան տարբերակը կփնտրեմ։ Բայց  ղեկավարությունը գումարը պետք է հավասարեցնի, որ այդ գումարը իր երկրում պտտվի, իր քաղաքացին աշխատացնի, որ քաղաքացին ապրանքը գնի, մենք էլ հարկերը նորմալ տանք։

Հիմա, եթե այս օրենքում որևէ բան չփոխեն, բնականաբար, մենք քաղաքացիների համար ապրանքը թանկացնելու ենք։ Հիմա ինչո՞ւ շատերը չեն ուզում գրել-ջնջելով աշխատեն, որովհետև այստեղ տողատակեր կան։ Կգան ստուգման, եթե հանկարծ մի սխալ գտնեն, խոշոր գումարի տուգանք կգրեն, կասեն՝ տնտեսվարողը վախենում է  ապրանքը ներկայացնի։

Վտանգներ կան, որից ժողովուրդը վախենում է, էլ չեմ ասում, որ մաքսազերծման գներն էլ են բարձրացրել։

Մենք ասում ենք՝ այնպիսի քաղաքականություն վարեք, որ ամեն ինչ մեր քաղաքացուն հասանելի լինի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս