
Նստեցրել են վառոդի տակառի վրա

Նիկոլ Փաշինյանն ու քաղաքական իշխանությունը Հայաստանի տնտեսությունը նստեցրել են վառոդի տակառի վրա։ Օրական մի տեղից «պայթյունի» ձայներ են լսվում։ Ոչ մի գործընկներ երկրի հետ չեն կարողանում նորմալ հարաբերություններ կառուցել, խնդիրների պակաս չկա։ Դրանց արանքում տուժում են տնտեսվարողներն ու տնտեսությունը։
Արդեն տևական ժամանակ է, ինչ բազմաթիվ տնտեսվարողներ բախվել են բեռնափոխադրումների անհասկանալի դժվարությունների հետ։
Վրաստանի հետ «աննախադեպ» հարաբերություններ հաստատած իշխանությունը ոչ մի կերպ չի կարողանում լուծել այդ երկրի տարածքով հայկական բեռների անխափան տեղափոխման ու տարանցման խնդիրը։ Անհարկի ստուգումներով՝ դժվարություններ, քաշքշուկներ են ստեղծում արտահանողների, նաև ներմուծողների համար։ Օրերս հայտնի դարձավ, որ Վրաստանի մաքսային մարմինները Վերին Լարսում հիմա էլ խստացումներ են կիրառում Ռուսաստանից Հայաստան գազ փոխադրող ավտոմեքենաների նկատմամբ։
Հայկական ապրանքների տեղաշարժի հետ կապված Վրաստանում ստեղծված անհարմարություններն ու արհեստական խոչընդոտները չհաղթահարած, խնդիրներ են առաջացել ռուսական շուկա ծաղիկների մատակարարման առումով։ Բայց այնպես չէր, որ դա անակնկալ էր իշխանությունների համար։
Ամիսներ շարունակ ռուսական կողմից հնչում էին նախազգուշացումներ, որ նման իրավիճակ կարող է առաջանալ, եթե միջոցներ չձեռնարկվեն՝ ռուսական շուկա Հայաստանից ծաղիկների մատակարարման հետ կապված բուսասանիտարական անհամապատասխանությունները վերացնելու ուղղությամբ։ Ահազանգում էին, որ վերջին շրջանում նման դեպքերն ավելացել են ու շարունակում են ավելանալ, առաջարկում էին միջոցներ ձեռնարկել՝ վարակված ու ստանդարտներին չհամապատասխանող ծաղիկների մուտքը կանխելու ուղղությամբ։ Բայց այդպես էլ ոչինչ չարեցին այդ խնդիրները վերացնելու համար, մինչև ծաղիկ աճեցնողներին կանգնեցրին փաստի առաջ։
Մարդիկ վարկեր են վերցրել, ջերմոցներ են դրել, ծաղիկներ են աճեցրել, որոնք ակնկալում էին մատակարարել ռուսական շուկա, բայց իշխանությունների անպատասխանատու վարքագծի ու անգործության պատճառով հայտնվել են անելանելի դրության մեջ։
Բազմիցս արված զգուշացումներից ու հորդորներից հետո, հունիսի 27-ից խստացումներ մտցվեցին Հայաստանից ռուսական շուկա ծաղիկների ու բողբոջների արտահանումների նկատմամբ։ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ այսուհետ Հայաստանից ուղարկվող ծաղիկային արտադրանքի մուտքը երկիր կթույլատրվի միայն հետագծելիությունն ապահովող արտադրական վայրերից։
Մինչև Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ սահմանափակումներ մտցնելը՝ «Ռոսսելխոզնադզորը» բանակցություններ էր վարել Հայաստանի համապատասխան մարմինների հետ՝ Ռուսաստան բուսական արտադրանքի մատակարարման ոլորտում խախտումների աճի հարցերի վերաբերյալ։ Ստացել էր հավաստիացում, որ աշխատանքներ կիրականացվեն վերահսկողության ուժեղացման արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությամբ։ Բայց դրա փոխարեն՝ բանակցություններից ու պայմանավորվածություններից օրեր անց Հայաստանի իրավասու գերատեսչությունից տեղեկացրել են, որ Ռուսաստան մատակարարվող ծաղիկների ու ծաղկային արտադրանքի հայկական ծագումը հնարավոր չէ հետագծել, քանի որ դրանց արտադրությունն ու բուսասանիտարական վիճակը պետական մարմինները չեն կարգավորում ու չեն վերահսկում։
Սրանով իրենց գործն ավարտված են համարել ու մի կողմ քաշվել։ Տարօրինակ ոչինչ չկա նրանում, որ դրանից հետո հետևանքները չուշացան։
Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման նկատմամբ սահմանափակումների կիրառումը «Ռոսսելխոզնադզորը» պայմանավորեց նրանով, որ չնայած հսկողության խստացման վերաբերյալ հայկական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, Ռուսաստան վարակված ծաղիկների արտահանման քանակներն ու դեպքերն ավելանում են։ Աճել են ծաղկեփնջերի մատակարարման մասին ծանուցումների չկատարման դեպքերը։
«Դա հաստատում է հայկական կողմի անկարողությունը՝ ներկայումս ապահովել Ռուսաստան ուղարկվող ծաղկային արտադրանքի ֆիտոսանիտարական անվտանգությունն ու հետագծելիությունը, նպաստում է երկիր անհայտ ծագման, վտանգավոր ֆոտոսանիտարական կարգավիճակ ունեցող ծաղիկների մատակարարմանը և չի բացառում Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխան չսերտիֆիկացված կարանտինային արտադրանքի, ինչպես նաև Միության օրենսդրությանը չհամապատասխանող խմբաքանակների մուտքը ռուսական շուկա»,- եզրակացրել էր «Ռոսսելխոզնադզորը»։
Այս որոշումից շատ չանցած, ինչպես և սպասվում էր, Հայաստանից ծաղիկների արտահանումը ռուսական շուկա բախվեց խնդիրների հետ։ Այսօր էլ բազմաթիվ արտադրողներ հայտնվել են անելանելի վիճակում։ Չեն կարողանում արտահանել իրենց արտադրանքը։ Իշխանության մարմինների անպատասխանատու վարքագծի պատճառով՝ ծաղկի բիզնեսը կանգնել է կոլապսի առաջ։
Ուրախացել են, որ 7 կազմակերպության թույլատրվել է վերստին արտահանում անել։ Իսկ որ հազարավորներ զրկված են այդ հնարավորությունից՝ ոչինչ։
«Այս պահին ունենք արդեն 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել է արտահանումը, մյուս տնտեսություններում միջոցառումները շարունակվում են: Առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի «Ռոսսելխոզնադզորի» մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով»,- հայտարարեցին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։
Մինչև դանակը ոսկորին չհասավ՝ տեղից չշարժվեցին։ Չնայած այդ ամենի մասին ժամանակին լավ էլ գիտեին։ Գիտեին, որ կարող են նման իրավիճակների բախվել, բայց ոչինչ չարեցին՝ դրանից խուսափելու համար։ Արդյունքում բազմաթիվ արտադրողներ այսօր էլ անորոշության առաջ են ու չգիտեն, թե որքանով հնարավորություն կստանան վերսկսել ծաղկի մատակարարումները։ Համոզված են, որ եթե կարճ ժամանակում իրավիճակը չփոխվի, ստիպված են լինելու իրենց աշխատանքի արդյունքը ջուրը լցնել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ