
Ի՞նչ է Թրամփը «խոստանում» Հարավային Կովկասին․ Ռուսաստանի դիրքերը կամրապնդվե՞ն

Հունվարի 20-ին տեղի ունեցավ Դոնալդ Թրամփի հանդիսավոր երդմնակալության արարողությունը ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնում։ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ երկրորդ անգամ. նման աննախադեպ երևույթ ամերիկյան քաղաքական պատմության ընթացքում գրանցվել էր ևս մեկ անգամ, սակայն շատ ավելի վաղ շրջանում։
Թրամփն իր երդմնակալության ելույթում բավականին համարձակ, հետևաբար՝ նաև շատ ուշագրավ հայտարարություններ արեց ներքին ու արտաքին լսարանի համար։ Այդ խոստումներից որոշների վերաբերյալ Թրամփն իր աշխատանքային 2-րդ օրվա դրությամբ արդեն որոշումներ էր կայացրել՝ ցույց տալով ընտրողին իր վճռականությունը։ Երկրի ներքին կյանքի վերաբերյալ բոլոր որոշումները նա ներկայացնում էր, որ նախատեսված են ամերիկացու բարեկեցիկ կյանքի համար հենց ԱՄՆ-ում։
«ԱՄՆ տարածք ապօրինի բոլոր մուտքերն անհապաղ կդադարեցվեն, միլիոնավոր ներգաղթյալների վերադարձի գործընթաց․ նրանք կվերադառնան այնտեղ, որտեղից եկել են»,- ասել է նա։
Թրամփը խոստացավ երկրում արտակարգ դրություն հայտարարել՝ կապված ԱՄՆ հարավային սահմանին ստեղծված իրավիճակի հետ, հայտարարեց, որ երկրի հարավային սահմանի պաշտպանության նպատակով մտադիր է օգտագործել անգամ Զինված ուժերը, հայտարարեց առևտրի համակարգի վերակառուցման մեկնարկի մասին՝ ամերիկացի աշխատողներին պաշտպանելու համար։ «Այլ երկրները հարստացնելու համար մեր քաղաքացիներին հարկելու փոխարեն, մենք կհարկենք օտարերկրյա պետությունները, որպեսզի հարստացնենք մեր քաղաքացիներին։ Այդ նպատակով մենք ստեղծում ենք Արտաքին եկամուտների ծառայություն՝ հավաքագրելու բոլոր սակագները, տուրքերը և եկամուտները: Դրանք կլինեն հսկայական գումարներ, որոնք մուտք են գործում մեր գանձարան օտարերկրյա աղբյուրներից»,- ասաց Թրամփը։
ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը նա մի շարք հրամանագրեր է ստորագրել, որոնցից մեկով 90 օրով դադարեցվում են արտաքին օգնության բոլոր ծրագրերը: Իսկ մինչ այդ նոր վարչակազմը պետք է պարզի՝ արդյոք այդ ծրագրերը համապատասխանո՞ւմ են Թրամփի որդեգրած քաղաքականության նպատակներին: Պարզ չէ, թե որ ոլորտների վրա կանդրադառնա հրամանագիրը, հատկապես որ, շատ ծրագրերի ֆինանսավորումը Կոնգրեսն արդեն հատկացրել է կամ պարտավոր է հատկացնել: Բացի այդ՝ հասկանալի չէ՝ արդյո՞ք հրամանագիրը վերաբերում է նաև Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը, որն առայսօր կազմում է մոտ 66 միլիարդ դոլար: Թրամփը հայտարարել էր, որ մտադիր է կարճ ժամանակում վերջ դնել ռուս-ուկրաինական պատերազմին:
Օրերս էլ ասել էր, որ մտադիր է առաջիկա օրերին Ուկրաինայի հարցով խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, թեև չի հստակեցրել, թե կոնկրետ երբ կարող է տեղի ունենալ հեռախոսազրույցը:
«Նա պետք է գործարք կնքի: Կարծում եմ՝ նա կործանում է Ռուսաստանը՝ գործարքի չգնալով: Ըստ իս՝ ՌԴ-ն մեծ դժվարության մեջ է հայտնվելու: Կարծում եմ՝ շատ լավ կլիներ, որ նա վերջ դներ այդ պատերազմին: Հուսով եմ՝ նա կցանկանա գործարք կնքել»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը, ում ՌԴ նախագահը շնորհավորել է պաշտոնը վերստին ստանձնելու կապակցությամբ և երկխոսելու պատրաստակամություն հայտնել։
Նա նաև ասել է, թե ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի ՌԴ-ի դեմ, եթե Վլադիմիր Պուտինը հրաժարվի Ուկրաինայի հարցով բանակցություններից։ Թրամփը միևնույն ժամանակ ասել է, որ դիտարկում են Ուկրաինային զենք վաճառելու հնարավորությունը՝ ընդգծելով՝ իր կարծիքով՝ ԵՄ-ն պետք է ավելի շատ օգնություն ցուցաբերի Ուկրաինային։
«Մենք խոսում ենք Վլադիմիր Զելենսկու հետ և շատ շուտով կխոսենք նախագահ Պուտինի հետ»,- ասել է Թրամփը։
Կապիտոլիումի ռոտոնդայում Թրամփի աղմկահարույց հայտարարություններից մեկն էլ վերաբերում էր Պանամայի ջրանցքին, նա նշեց դրա նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը վերականգնելու որոշման մասին: Հայտնի է նաև Թրամփի հակաիրանյան դիրքավորումը։ Սակայն, թե ինչպիսին կլինի քաղաքականությունը մեր ռեգիոնում՝ դեռևս լիովին հասկանալի չէ։ Ուշագրավ է նաև, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնի է իր ազգային պահպանողական գաղափարներով՝ դեմ է նույնասեռական ամուսնություններին, Ուկրաինային տրամադրվող շարունակական ռազմական օգնությանը՝ նախընտրելով կենտրոնանալ ԱՄՆ հարավային սահմանի ամրապնդման և Չինաստանի դեմ պայքարի վրա։ Կան նաև տեղեկություններ, որ նա արմատներով հայ է։ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն էլ ստանձնեց Մարկո Ռուբիոն, ով հայտնի է իր հակաթուրքական հայտարարություններով ու դիրքորոշումներով, դեմ է Ուկրաինային տրվող մեծ ֆինանսական աջակցություններին։
Ավելի քան 10 տարի լինելով Կոնգրեսում՝ Ռուբիոն հսկայական փորձառություն է կուտակել՝ աշխատելով միաժամանակ Սենատի Հետախուզության և Արտաքին քաղաքականության հանձնաժողովներում։ Մարկո Ռուբիոն իր օրենսդրական գործունեության ընթացքում բազմիցս անդրադարձել է Հարավային Կովկասին ու Հայաստանին։ Այսինքն՝ քաջատեղյակ է ռեգիոնի և ՀՀ-ի խնդիրներին։
Նշենք, որ այս ամենի ֆոնին ՀՀ իշխանությունները փորձում են վերականգնել որոշակիորեն ՌԴ-ի հետ ճգնաժամային հարաբերությունները՝ ապահովելով որոշակի կայունություն, որի նպատակով տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց, ապա ԱԳ նախարար Միրզոյանի այցը ՌԴ։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում Դոնալդ Թրամփի առանձնահատկություններին, որոնք շատ են, նրա գալուստը և վերջին ելույթները ենթադրում են միջազգային հարաբերությունների նոր շրջանի սկիզբ։ Ըստ Լուկիանովի, խոսքը միայն անձամբ Թրամփի մասին չէ, քանի որ նրա վերընտրությունը հետևանք էր, Բայդենի մոդելը սպառվել էր, և այդ իշխանությունը շատ անշուք արդյունքներով ավարտվեց։
«Եվ այստեղ կարիք կա մինչև վերջ ու լավ հասկանալ, թե կոնկրետ ինչ կարելի է ակնկալել։ Կարծում եմ՝ Թրամփը կձգտի խաղաղության հաստատման, քանի որ պատերազմն ավելորդ ծախս է համարում, սակայն որքանո՞վ կձգտի կարգավորման և անհրաժեշտ ջանքեր կներդնի, մեծ հարց է։ Այստեղից է, որ պետք է բխեն իրական ակնկալիքները։ Թրամփի թիմը կարող է բերել քաղաքականության որոշակի ռացիոնալացում, սակայն նաև հակասությունների սրում և նույնիսկ միջազգային հարաբերություններում լիակատար շփոթություն:
Բայց սա ներկայիս զարգացման տրամաբանությունն է։ Թրամփը և նրա ընտրությունը, ընդհանուր առմամբ, այդ ֆենոմենը փակում է «լիբերալ աշխարհակարգի» էջը, որի շրջանակներում Սառը պատերազմից հետո այս կամ այն կերպ գործել են ամերիկյան մյուս բոլոր նախագահները։ Լա՞վ է սա, թե՞ վատ, ցույց կտա ժամանակը»,- ասաց Լուկիանովը՝ շարունակելով, թե սա առաջընթաց ակնկալելու հիմք է տալիս, քանի որ լիբերալ կարգը գործնականում չէր ենթադրում ազգային հիմնարար շահերի առկայություն ԱՄՆ-ից բացի այլ պետություններում, ավելին՝ ինչ-որ առումով ԱՄՆ-ը նույնիսկ հրաժարվեց իր ազգային շահերից՝ դրանք փոխարինելով համաշխարհային գերիշխանության շահերով, որոնք միշտ չէ, որ համընկնում էին հենց ամերիկյան ազգի կարիքների հետ։
Վերլուծաբանի խոսքով, Թրամփը ցույց տվեց, որ այլևս այդպես չի լինելու։
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, ըստ փորձագետի, միջազգային խաղի որոշակի կանոններ կփոխվեն, սակայն Հարավային Կովկասում էական փոփոխություններ ակնկալել պետք չէ։ «Այս նոր վարչակարգը բայդենյան ակտիվությունն այս ռեգիոնում չի ունենա, կշարունակի աջակցել, օրինակ, Ուկրաինային, բայց ոչ այն ձևով, ինչպես Բայդենի վարչակարգը։ Կարծում եմ՝ սա ուղենիշային է մյուս բոլոր ռեգիոնների և գործընկեր երկրների դեպքում։ Կպահպանվեն հարաբերությունները, սերտ համագործակցությունները, սակայն այդ ամենն անելու ձևը և ինտենսիվությունը, ներգրավվածությունը կփոխվի։ Բնականաբար, դա իր հետ կբերի հետևանքներ և այլ խաղացողների կողմից վարքագծային փոփոխություններ։ Սակայն այս ամենը կանխատեսելի է, հատկապես Հարավային Կովկասն ամենաբարդ ռեգիոններից է, և այս ռեգիոնում թե ներքին խնդիրները, թե աշխարհաքաղաքական ազդեցության հաստատման հարցերը պահպանվելու են, դրանք են որոշելու ռեգիոնալ իրադարձությունների ընթացքը»,- ասաց Լուկիանովը։
Մեզ հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշեց, որ ԱՄՆ նոր վարչակազմն ավելի զուսպ քաղաքականություն է վարելու ԵՄ-ի և արևմտյան ազդեցության գոտու նկատմամբ, այն պահպանելու համար սահմանափակ ռեսուրս տրամադրելով։ Սակայն, ըստ նրա, դա կախված է ոչ միայն ԱՄՆ-ից, այլև գործընկերներից։
«Հարավային Կովկասում գլխավոր խնդիրը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, բանակցությունները։ Սակայն աշխարհաքաղաքական գործընթացների ֆոնին գուցե ՌԴ-ն իր նախաձեռնողականությամբ կարողանա վերականգնել իր բանակցային դիրքերը։ Կողմերը դեռ չեն սկսել բանակցել, սակայն ՌԴ-ն արդեն աշխատում է, փորձում օգտվել Արևմուտքում փոփոխությունների հավանականությունից՝ ամրապնդելով իր դիրքերը։
Սրանք անխուսափելի տեղաշարժեր են, և այստեղ, իհարկե, կողմերից շատ բան է կախված։ Կարելի է ասել, որ սա անցումային փուլ է Արևմուտքի համար, որից ՌԴ-ն փորձելու է օգտվել որոշակի ռեգիոններում իր թուլացած դիրքերն ամրապնդելու համար»,- նկատեց նա։