ՁԱԽՈՂՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ճգնաժամային տարի, վտանգված բյուջե, տնտեսական անկում
Վերջին երեք տարիներին Հայաստանի տնտեսությունն «օգտվում» է ռուս-ուկրաինական հակամարտության և այլ պատճառներով առաջացած դրական արտածին գործոններից։ Մասնավորապես, 2022թ.-ին, ի հաշիվ ռելոկանտների և նրանց հետ կապված անձանց, կտրուկ ավելացավ Հայաստան ժամանող այցելուների թիվը։ Այս փաստի դրական տնտեսական ազդեցությունը բացատրվում է ոչ միայն նրանով, որ դրա շնորհիվ ավելացավ ֆիզիկական անձանց միջոցների ներհոսքը և, հետևաբար, նաև Հայաստանի ներքին պահանջարկը, այլև նրանով, որ ռելոկանտների զգալի մասը Հայաստանում բիզնես գործունեություն ծավալեց և դրանով ապահովեց ֆինանսական ներհոսքեր։ Եվ, իհարկե, դրական արտածին գործոններից հատկանշական է նաև ՀՀ տնտեսությունում վերաարտահանման ծավալների կտրուկ աճը։ Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով սահմանված արևմտյան պատժամիջոցների պատճառով ՌԴ-ն կանգնեց արևմտյան երկրներից ապրանքների ներմուծման սահմանափակման առջև: Ստեղծված իրավիճակում Հայաստանը «միջնորդի դեր» ստանձնեց՝ ապրանքները ներմուծելով Հայաստան և, այնուհետև, արտահանելով ՌԴ։
Վերոհիշյալ դրական արտածին գործոնների հաշվին գործող իշխանությանը հաջողվեց զգալիորեն համալրել «աննախադեպ»-ների ու «ռեկորդ»-ների ցանկը։ Այնուամենայնիվ, այդ գործոնների բարենպաստ ազդեցությունը ժամանակի ընթացքում գնալով թուլացավ և, նախկինում գրանցված «բարենպաստության պիկերի» համեմատ, ներկայումս գրեթե չեզոքացել է։ Պատահական չէ, որ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2024թ. մայիս ամսից դանդաղում է, իսկ նոյեմբերին արձանագրվել է ռեկորդային ցածր ցուցանիշ՝ ընդամենը 1.2%։ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները դեկտեմբեր ամսվա համար դեռևս պաշտոնապես չեն հրապարակվել, սակայն նախորդ ամիսների տեղեկատվության և ներկայիս միտումների հիման վրա կարելի է ակնկալել, որ դեկտեմբերին ևս ՏԱՑ-ը բավական ցածր կլինի։ Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսությունում առկա լուրջ խնդիրներն ընդգծված կերպով նկատվում էին դեռևս 2023-ի երկրորդ կեսից, և ակնկալվում էր, որ դրանք անխուսափելիորեն տխուր ավարտ են ունենալու։ Այնուամենայնիվ, գործող կառավարությանը 2023-ի նոյեմբերից հերթական անգամ «օգնության հասավ» պատահականությունը, և տարին «փակվեց» բավական լավ արդյունքներով։ Այս անգամ օգնեց ոսկին՝ 2023-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կտրուկ աճեցին ոսկու վերաարտահանման ծավալները։ Այս դեպքում ներմուծումն իրականացվում էր ՌԴ-ից և արտահանվում այլ երկրներ։ Ոսկու վերաարտահանման ծավալների նման կտրուկ աճը հիմնականում բացատրվում էր երկու հանգամանքով։ Առաջին, ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության հետևանքով սահմանված արևմտյան պատժամիջոցների պատճառով ՌԴ-ից ոսկու արտահանման խնդրահարույց լինելը, և երկրորդ, քանի որ ՌԴ-ում սահմանված էր ոսկու արտահանման տուրք, որը չէր գործում ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանման դեպքում. տուրքը շրջանցելու համար ձեռնտու էր այն նախ առանց տուրքի արտահանել ԵԱՏՄ անդամ Հայաստան, ապա Հայաստանից, դարձյալ առանց տուրքի, արտահանել արտերկիր (հիմնականում՝ ԱՄԷ)։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ոսկյա իրերի զգալի մասը Հայաստան էր ներմուծվում՝ որպես անավարտ արտադրանք, և, որոշակի վերամշակում անցնելուց հետո՝ արտահանվում՝ որպես հայաստանյան։ Արդյունքում, ինչպես զգալիորեն ավելացան արտահանումն ու ներմուծումը, այնպես էլ բարելավվեց ՏԱՑ-ը։ Նշված երևույթի բարենպաստ ազդեցությունը շարունակվեց նաև 2024թ. առաջին կեսին։
2024թ. երկրորդ կեսին ամսական ՏԱՑ-ի արձանագրված էական դանդաղումը, բնականաբար, հանգեցրեց նաև կուտակային ՏԱՑ-ի էական դանդաղման։ Այսպես, 2024թ. հունվար-նոյեմբեր ամիսների կուտակային ՏԱՑ-ը գրեթե կրկնակի պակաս է հունվար-մարտ ամիսների ցուցանիշից՝ 14.3%-ից նվազելով մինչև 7.4%։ Շարունակաբար նվազում է նաև տնտեսական աճը՝ 1-ին եռամսյակում՝ 6.6%, 2-րդում՝ 6.4%, իսկ 3-րդում՝ 5.2%։ Հաշվի առնելով, որ վերոհիշյալ բացասական միտումները հատկապես սկսել են զգացվել 2024թ. երկրորդ կեսին և ամսեամիս ավելի են խորանում, ակնկալվում է, որ 4-րդ եռամսյակի ցուցանիշն ավելի ցածր է լինելու։
Հիշեցնենք, որ համաձայն 2025թ. պետական բյուջեի ուղերձ-բացատրագրի՝ 2024թ. տնտեսական աճը կառավարության կողմից կանխատեսվում է 5.8%։
Քանի որ 2023-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ոսկու հաշվին շեշտակի աճել էին թե՛ արդյունաբերության, թե՛ արտահանման, և թե՛ ներմուծման ծավալները, և ձևավորվել էր «մեծ բազա», 2024-ի նոյեմբերի դանդաղումը, այսպես կոչված, «բազայի էֆեկտի» հաշվին, ավելի նկատելի է դարձել։ Մասնավորապես, նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ արձանագրվել է արդյունաբերության ոլորտի՝ 19.0%, արտահանման՝ 35.0%, և ներմուծման՝ 21.4% անկում։ Նկատի ունենալով, որ ոսկով պայմանավորված վերոհիշյալ «թռիչքային» աճերը շարունակվել են նաև 2024-ի առաջին կիսամյակում, կարելի է ակնկալել, որ ՏԱՑ-ի էական դանդաղում կարձանագրվի առնվազն մինչև 2025-ի երկրորդ կիսամյակի սկիզբը։
Ի դեպ, ՌԴ-ից ոսկու արտահանման տուրքը մի քանի ամիս առաջ չեղարկվել է, ինչն արդեն իսկ լրջագույն բացասական ազդեցություն է ունեցել ՀՀ տնտեսության համար։ Բացի այդ, վերջին շրջանում առավել ինտենսիվացել են ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ խոսակցությունները, և բանակցությունների դրական ընթացքի պարագայում, ամենայն հավանականությամբ, մասնակի կամ ամբողջապես կչեղարկվեն ՌԴ-ի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Դա կնշանակի, որ Հայաստանը կզրկվի հակամարտության հետևանքով առաջացած բարենպաստ գործոններից օգտվելու հնարավորությունից, և երկրի տնտեսությունը ստիպված կլինի «հույսը դնել» միայն սեփական ներուժի վրա։
2025 թվականին սպասվող տնտեսական աճի առումով պատկերն առավել մտահոգիչ է պետական բյուջեի կատարման իրատեսականության առումով։ Բանն այն է, որ կառավարությունը 2025թ. բյուջեն կազմելիս հիմք է ընդունել 5.1% տնտեսական աճի կանխատեսումը, մինչդեռ հաշվի առնելով ներկա իրավիճակը և վերջին ամիսների միտումները, կարելի է ակնկալել, որ փաստացի տնտեսական աճն էապես ցածր է լինելու կանխատեսվածից։ Այս մտավախության մասին արդեն բարձրաձայնում են նաև բարձրաստիճան պաշտոնյաները։ Մասնավորապես, ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, հունվարի 13-ին պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ 2024թ. իրական պատկերը եղել է մի փոքր այլ, քան այն, ինչ դրվել է 2025թ. բյուջեն պլանավորելիս, և այդ պատճառով հարկային եկամուտների հետ կապված կանխատեսումը փոխվելու է դեպի ներքև։
Սցենարային նման ընթացքի պարագայում մեծ է ռիսկը, որ կառավարությանը չի հաջողվի ապահովել պլանավորված բյուջետային մուտքերը, ինչը, բնականաբար, կվտանգի բյուջեի ծախսերի իրականացումը։ Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում, որպես կանոն, առավելապես կրճատվում են կապիտալ ծախսերը։ Իսկ նկատի ունենալով, որ դրանք ՀՀ-ում առանց այն էլ վերջին տարիներին շարունակաբար թերակատարվում են, 2025-ի պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի իրականացումը և, անուղղակիորեն, նաև այս և հետագա տարիների տնտեսական աճը լրջորեն վտանգված են։
Իհարկե, բյուջեի եկամուտների նվազման պարագայում կառավարությունն ունի ծախսերը չկրճատելու հնարավորություն՝ ի հաշիվ պետական պարտքի ավելացման, որն առանց այն էլ այս իշխանության կառավարման յոթ տարիների ընթացքում գրեթե կրկնապատկվել է, և հայաստանյան յուրաքանչյուր նորածին «ծննդյան նվեր է ստանում» ավելի քան 4 հազար ԱՄՆ դոլար պարտք։ Այնպես որ, չի բացառվում, որ այդ «նվերն» ավելի մեծանա։
Փաստացի, ՀՀ տնտեսությունը վտանգավոր կախվածության մեջ է արտաքին գործոններից, վերջին շրջանում արձանագրված բարձր ցուցանիշները պարզապես երջանիկ պատահականության արդյունք էին։ Հաշվի առնելով այս փաստը՝ գործող իշխանությունը տարեցտարի պետք է ցուցաբերեր առավել կշռադատված մոտեցում՝ ստեղծելով բյուջետային կայունության նախադրյալներ, որոնք չէին ենթադրի պարտքի ավելացում և կամրապնդեին երկրի տնտեսական աճի հիմքերը։
Այնինչ, հիմնավոր կասկածներ կան, որ 2025 թվականը Հայաստանի տնտեսության համար կարող է ճգնաժամային լինել։