Ինդոնեզիայում հեղեղումների պատճառով երեխաներ են կորել
Արևադարձային հորդառատ անձրևների հետևանքով Ինդոնեզիայի արևելյան շրջաններից մեկում՝ Պապուայում, ջրհեղեղների և սողանքների պատճառով առնվազն 15 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են, անհետ կորած է համարվում։
Այս մասին հայտնել է Նդուգա շրջանի ոստիկանապետ Ալֆրեդո Ագուստինուս Ռումբիակը՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ անհետ կորածները զոհվել են։ Ռումբիակի խոսքով՝ 8-17 տարեկան 13 երեխաներ վոլեյբոլ խաղալուց տուն վերադառնալիս փորձել են անցնել գետը, երբ սկսվել է ջրհեղեղը։
Փրկարարական աշխատանքները դժվարանում են բարդ լեռնային ռելիեֆի պատճառով։ Տարածքին հասնելու համար անհրաժեշտ է ուղղաթիռ կամ մոտակա բնակավայրից քայլել մոտ ութ ժամ։
Աշխատանքները բարդացնում է նաև այն, որ նշված տարածքը համարվում է անվտանգության «կարմիր գոտի»՝ հաշվի առնելով այնտեղ ապստամբ անջատողականների գտնվելու փաստը։

