«Թավշյա հեղափոխականները» եկել էին իշխանության՝ քաղաքացու կյանքը բարելավելու համար։ Քաղաքացու կյանքը բարելավելու փոխարեն՝ տեսնում ենք, թե ինչպես են իրենց կյանքը բարելավել։ Իսկ զուգահեռաբար Նիկոլ Փաշինյանը ժամերով ճառեր է արտասանում սոցիալական արդարության, հասարակության համընդհանուր բարեկեցության մասին։
Վերջին շրջանում իշխանությունները փորձում են հնարավորինս քիչ խոսել իրենց տնտեսական ու ֆինանսական ձեռքբերումներից։ Վաղուց արդեն խոսք չկա համաշխարհային մակարդակի տնտեսական աճերի ու բյուջեի եկամուտների աննախադեպ ավելացումների մասին։ Բյուջեի եկամուտները չեն կատարվում, իսկ տնտեսական աճը գնալով նահանջում է։ Որքան արտաքին գործոնները թուլանում են, այնքան ավելի են բացահայտվում Հայաստանի տնտեսության ու բյուջեի խնդիրները։
Ֆինանսների նախարարն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «աչքալուսանք» տվեց կենսաթոշակառուներին. հայտնեց, որ հաջորդ տարվա բյուջեով կենսաթոշակների ավելացում չի նախատեսվում: Այնպես, ինչպես չեղավ 2024թ.։
Փաստացի, մեր երկրի ղեկավարությունը կրկին ցույց է տալիս, որ հույսը դրել է օդում կախված հրաշքների վրա։ Եվ, մինչ իշխանությունը թաքնվում է իր լավատեսության ետևում, ժողովուրդը շարունակում է զգալ իրական սոցիալական ծանրաբեռնվածությունը:
Հայաստանի տնտեսությունը, չնայած դեռ աճում է, հարկերը դրան համարժեք չեն հավաքվում։ Առաջին կիսամյակի արդյունքներով, ինչպես հայտնի է, նախատեսվածից անհամեմատ քիչ հարկեր են հավաքվել՝ լարվածություն ստեղծելով բյուջեում։
Փոխարենը տնտեսությունը զարգացնեն, արտադրության ծավալներն ավելացնեն, նոր արտադրություններ ստեղծեն ու բյուջեի եկամուտներն ավելացնեն, ամենուրեք միայն հարկերն են բարձրացնում։ Արտադրության ծավալները կրճատվում են, ներքին տնտեսությունից գանձվող հարկերը պակասում են, բացը հարկային բեռն ավելացնելով են ուզում լրացնեն։
Կար ժամանակ, երբ դեռևս ամիսը չբոլորած՝ Նիկոլ Փաշինյանը ցուցանիշներ էր հրապարակում հարկերի հավաքագրման վերաբերյալ։ Խոսում էր մուտքերի աննախադեպ աճերից ու բյուջեի եկամուտների գերակատարումներից, փորձում էր մարդկանց վրա տպավորություն գործել։
Այն, որ պետությունը մտադիր է սուբիդավորման միջոցով ստանձնել բեռի մի մասը, մեծ բան չի փոխում։ Ժամանակը ցույց կտա, որ կառավարության մասնակցությունը լինելու է սիմվոլիկ և էական խնդիր չի լուծելու քաղաքացիների մեծ մասի համար։
Լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը նաև ասեր, թե ինչպիսի ռեկորդային տեմպերով է ավելացրել պետական պարտքը. 4 տարում շուրջ 3,3 մլրդ դոլարով։ Նման կարճ ժամանակահատվածում նախկինում երբևէ պարտքի այսպիսի աճ չենք ունեցել։
Փաշինյանի իշխանության օրոք ՔՊ-ականներին տրվում են պարգևավճարներ աշխատավարձի չափ, մի բան էլ՝ ավելի (դա արվում է, որովհետև եթե աշխատավարձը բարձրացնեին, ապա ստիպված կլինեին ամբողջ տնտեսության մեջ աշխատավարձ բարձրացնել), իսկ թոշակառուների կենսաթոշակի բարձրացումը զգալիորեն ավելի ցածր է եղել, քան գների բարձրացումը, իսկ պետական սեկտորի աշխատողների աշխատավարձը համահունչ է գների բարձրացմանը (ոչ մի տոկոս էլ իրական աշխատավարձի բարձրացում չկա): Արդյունքում՝ ունենք աղքատության շեշտակի աճ: