Իր 3-ամյա երեխային սպանելու մեջ կասկածվող անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Իր 3-ամյա երեխային սպանելու մեջ կասկածվող անձին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանԳեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում իր 3-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտարարեց, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային խեղդամահ անելու միջոցով սպանել է նրա հայրը։ Ավելի ուշ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ փորձաքննության արդյունքներից պարզ է դարձել, որ 3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ։
Քննչական կոմիտեն նաև հայտնել էր, որ երեխային սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա հայրը։ 2025 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ որպես անհետ կորած որոնվում է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 3-ամյա Տիգրան Օվանեսովը։ Մի քանի օր տևած որոնողական աշխատանքներից հետո նոյեմբերի 2-ին ՆԳՆ ոստիկանությունը հայտնեց, որ փրկարարները հայտնաբերել են Տիգրան Օվանեսովի դին։

