Բաժիններ՝

Տանզանիայի նախագահը երկրորդ անգամ ստանձնել է պաշտոնը՝ չնայած իր դեմ բողոքի ակցիաներին

Սամիա Սուլուհու Հասանը երկրորդ անգամ ստանձնել է Տանզանիայի նախագահի պաշտոնը ցույցերով ուղեկցվող նախագահական ընտրություններից հետո: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Սամիա Սուլուհուի երդմնակալությունը փակ է եղել հանրության համար և ուղեկցվել է անվտանգության խիստ միջոցառումներով: Նա ստացել է ձայների գրեթե 98 %-ը. նրա գլխավոր մրցակիցները կա՛մ բանտարկված են եղել, կա՛մ նրանց արգելվել է առաջադրել իրենց թեկնածությունը:

Ընդդիմությունը  հայտարարել է ընտրությունների արդյունքների կեղծման մասին:

Միջազգային դիտորդները մտահոգություն են հայտնել ընտրությունների գործընթացի թափանցիկության առնչությամբ: Ըստ ընդդիմության՝ վերջին օրերին ցուցարարների և իրավապահների միջև բախումների ընթացքում շուրջ 800 մարդ է զոհվել: Տանզանիայի դիվանագիտական աղբյուրներից մեկը BBC-ին հայտնել է առնվազն 500 զոհի մասին: 

Ցույցերից հետո սննդի և վառելիքի գները կրկնապատկվել են, ուսումնական հաստատությունները փակ են:ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը Տանզանիայի իշխանություններին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել: Ստեղծված իրադրության առնչությամբ մտահոգություն է հայտնել նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Հռոմի Լևոն 14-րդ Պապն էլ կոչ է արել աղոթել՝ նշելով ընտրություններին հաջորդող անկարգությունների հետևանքով «բազմաթիվ զոհերի» մասին: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս