Սա կշարունակվի այնքան, քանի դեռ մենք չենք բավարարել նրանց պահանջները, իսկ եթե բավարարենք, արդեն ՀՀ-ից էլ բան մնացած չի լինի․ թուրքագետ
Հայաստանն ու Թուրքիան 44-օրյա պատերազմից հետո մեկնարկեցին հարաբերությունների կարգավորման գործընթացը, սակայն դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու հայտարարությունները շարունակում են մնալ միայն հայտարարություններ։ Այս գործընթացը տարբեր կուլիսային դրվագներով շարունակվեց նաև 2024 թվականին։
Ստամբուլում տարածաշրջանային «3+3» ձևաչափով հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտնեց՝ Հայաստանն ու Թուրքիան արդեն պայմանավորվել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։
Նախորդ ամիս էլ սահմանին տեղի էր ունեցել երկու երկրների մի քանի գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումը, այս մասին էլ Հայաստանի բանագնաց, խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էր հայտնել մեկ ամիս անց՝ առանց մանրամասների։
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը դեռ ամռանը կայացած իրենց վերջին հանդիպմանն էին պայմանավորվել համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները, մեկ այլ պայմանավորվածություն էլ, որ ձեռք էր բերվել 2 տարի առաջ, դեռ թղթին է մնում․ ամենասեղմ ժամկետում սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար այդպես էլ չբացվեց։
Իսկ պատճառների մասին նշում է հենց թուրքական կողմը․ հայ-թուրքական հաշտեցումն ուղիղ կապ ունի հայ-ադրբեջանական կարգավորման հետ:
168.am-ը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք 2025 թվականին այս հարցում պետք է սպասել տեղաշարժերի։
Ի պատասխան՝ թուրքագետն արձանագրեց, որ չկան և չեն լինելու այդ հարաբերությունները, քանի որ դրանք շահեկան չեն Թուրքիայի համար․ թուրքական նկրտումներն ավելին են։
«Մի պահ հնարավոր էին այդ հարաբերությունները՝ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի ժամանակ, սակայն դա չստացվեց․ փչացնողն էլ Էրդողանը եղավ։
Այսօր ինչ կատարվում է՝ հարաբերությունները կարգավորելու իմիտացիա է ժողովրդի համար, իսկ վերին օղակների համար՝ հրահանգ տվողի ու կատարողի հարաբերություններ են»,- պարզաբանեց թուրքագետը։
Ըստ Տիրան Լոքմագյոզյանի՝ 2025 թվականին ևս այդ կարգավորմանն ականատես չենք լինի․ կլինեն միայն անձնական ինչ-ինչ շփումներ։
«Հարաբերություների հաստատման համատեքստում միայն մեկ թեմա է դեռ արծարծվում՝ 1994 թվականից խափանված երկաթգծի վերագործարկումը, և կամ՝ ցամաքային ճանապարհի բացում։ Երկուսն էլ մեզ ոչինչ չեն տալու, եթե չկան դիվանագիտական հարաբերություններ,- նշեց նա՝ հիշեցնելով,- Թուրքիայից ապրանքները Հայաստան են գալիս Վրաստանի միջոցով՝ հիմնականում առանց խնդիրների, հաջորդը՝ եթե չունեք դիվանագիտական հարաբերություն, ուրեմն չունենք նաև մաքսային, առևտրական ինչ-ինչ պայմանագրեր, հետևաբար՝ այդ սահմանն էլ ոչ մի բանի պետք չի լինի, որովհետև ապրանքների տեղաշարժը կլինի թանկ ու բարձր հարկումներով։
Բացի այդ՝ մենք միայն միակողմանի առևտուր ունենք Թուրքիայի հետ․ Հայաստանն ի՞նչ ունի արտահանելու, որ Թուրքիան չունի, նույն տարածաշրջանն է։ Մենք որևէ բան չունենք ներկայացնելու այդ շուկային, թերևս, միայն աշխատուժ։ Այժմ արդեն իսկ տասնյակ-հազարավոր ՀՀ քաղաքացիներ են Թուրքիայում աշխատում, և այդ սցենարի դեպքում գուցե նրանց թիվը դառնա 100.000։ Կամ էլ կլինի այն, ինչ թուրքերը կատարեցին Բաթումում․ Երևանը կդառնա թուրքական ֆինանսներով քաղաք, իսկ հայ մարդը կլինի աշխատող, սպասարկող»։
Տիրան Լոքմագյոզյանն անհասկանալի է համարում նաև մեծ ծախսերը, որոնք արվում են սահմանային անցակետը վերագործարկելու համար։
«Եթե միայն երրորդ երկրների քաղաքացիների համար են նախատեսում բացել այն, մեզ ինչո՞ւ են պետք այդ հսկայական միլիոնների ներդրումները»,- նկատեց նա։
Թուրքագետը նաև անդրադարձավ հայ-թուրքական հնարավոր հարաբերությունների վրա Ադրբեջանի ազդեցությանը՝ արձանագրելով, որ մինչ օրս Թուրքիան մեզ ուղարկում է Ադրբեջանի հետ հարցերը լուծելու, որից հետո է միայն պատրաստ իր պահանջներն առաջադրել։
«2025 թվականին կշարունակվեն այս անպտուղ բանակցությունները, քանի դեռ մենք չենք բավարարել նրանց պահանջները, իսկ եթե բավարարենք, արդեն Հայաստանից էլ բան մնացած չի լինի»,- ամփոփեց նա։