«Ռուսաստանն ու Իրանը սպառեցին իրենց. 2025-ին Հայաստանը կլքի ոչ միայն ՀԱՊԿ-ը, այլև ԱՊՀ-ն». Նուբար Չալըմյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Նուբար Չալըմյանն այն կարծիքին է, որ սիրիական զարգացումներից շահում է Իսրայելը:

«Ռուսներն էին պահում Ասադին, նա խոստացել էր ռուսներին տրամադրել բազաներ: Պետրոս Առաջինի ժամանակներից սկսած Ռուսաստանը երազում էր մտնել «տաք ջրեր», խոսքը Միջերկրականի մասին է: Այսօր էլ Ռուսաստանը պահպանում է բազաներ սիրիական քաղաքներում, նույնիսկ սուզանավեր ունեն: Իհարկե, դրանց ճակատագիրը որոշված է, մոտ ժամանակներս նրանք կլքեն այդ բազաները: Ինձ հասած տեղեկություններով՝ ուղղություն կբռնեն դեպի Բալթիկ ծով: Ինչ վերաբերում է Սիրիայի իշխանության անկմանը՝ դա կանխատեսելի էր: Ասադը կորցրել էր իր ղեկավարությունը նույնիսկ բանակի վրա. Բանակն սկսել էր նրան չենթարկվել, բանակայինները ծածուկ հանդես էին գալիս նրա դեմ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Միջազգայնագետի խոսքով՝ ընդդիմադիր ուժերը Սիրիայում միատարր չեն. «Դժվար է ասել՝ ովքեր են նրանց հետևում»:

Արևմտյան մի շարք կառավարություններ արդեն ակնարկում են, որ բաց են աշխատելու Սիրիայի իշխանության ղեկը ստանձնող զինյալների հետ, որոնց անցյալում ահաբեկիչ են ճանաչել։ Ջո Բայդենը հայտարարել է, որ կգնահատեն զինյալների ոչ միայն՝ խոսքերը, այլև՝ գործերը, քանի որ նրանք իրենց վրա մեծ պատասխանատվություն են վերցրել: Երկիմաստ դիրքորոշումներ են հայտնել Ֆրանսիան և Գերմանիան, Բրիտանիայի կառավարությունից նշել են, որ պետք է «Հայաթ Թահրիր ալ-Շամին» հեռացնել ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից և այլն:

Կարդացեք նաև

Նուբար Չալըմյանը նկատեց՝ Սիրիան Ռուսաստանի վերջին բաստիոնն էր. «Արևմուտքն այլևս նրան թույլ չի տա մնալ Սիրիայում: Այստեղ շահեց ոչ միայն սիրիացի ժողովուրդը, այլ Իսրայել պետությունը: Երեկվանից Իսրայելը 2.5-3 կմ մտել է սիրիական տարածք, ուզում է ստեղծել բուֆերային շրջան: Գոլանի բարձունքները ես մոտավորապես համեմատում եմ մեր Շուշիի հետ. բարձունք է, ունի ռազմավարական նշանակություն: Բենիամին Նաթանյահուն հայտարարեց, որ Գոլանի բարձունքները եղել են, կան, և կմնան Իսրայելի տարածքի անբաժանելի մասը: Այս ամբողջ իրադարձությունից ամենից շատ օգտվեց Իսրայելը: Իրանը միշտ աջակցել է Հեզբոլլահին, իսկ նրանք դեռևս մնում են ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:

Հիմա, ինչպես Իսրայելն է հայտարարում, նրանք փակեցին Իրանի ճանապարհը՝ Հեզբոլլահին ռազմական օգնություն ցույց տալու հարցում: Սիրիայի նոր իշխանությունները հայտարարեցին, որ Իրանը մյուս երկրների նման եթե ուզենա հարաբերություններ հաստատել Սիրիայի հետ, իրենք պատրաստ են: Մերձավոր Արևելքում ամեն ինչ տեղի է ունենում հանուն Իսրայելի: Երբ ասում ենք՝ Իսրայել, պետք է միշտ մտածենք, որ դա մինի Ամերիկա է Մերձավոր Արևելքի սրտում: Ամերիկան չի կարող իր շահերին դեմ գնալ, Իսրայելը պետք է այնտեղ լինի»:

Նա ընդգծեց՝ Թուրքիային հնարավորություն տրվեց ուժեղացնելու իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում. «ԱՄՆ-ը քարտ-բլանշի հնարավորություն տվեց Թուրքիային, բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ պետք է Թուրքիան որոշի: Սիրիայում նոր ուժեր կգան իշխանության, որոնք, առաջին հերթին, համագործակցելու են Արևմուտքի հետ: Սիրիան բռնելու է արևմտյան կողմնորոշում: Իրանին ու Ռուսաստանին այլևս թույլ չեն տա մնալ Սիրիայում, նրանք սպառեցին իրենց: Ըստ որոշ լուրերի՝ Բաշար Ասադը գտնվում է Մոսկվայում, բայց նա քաղաքական ապաստան չի խնդրել: Մոսկվան նրան տվել է հումանիտար ապաստան, ոչ քաղաքական: Ըստ որոշ լուրերի՝ Ասադն իր հետ տարել է մինչև 30 մլրդ ԱՄՆ դոլար: Սիրիայի գանձատունը լրիվ դատարկ է այսօր: Այդ 30 մլրդ ԱՄՆ դոլարը, իմ կարծիքով, ոչ թե պարոն Պուտինին շնորհակալություն հայտնելու համար է, այլ այդ գումարի կարիքը ՌԴ-ն ունի՝ իր պատերազմն Ուկրաինայում ավելի ակտիվ և ինտենսիվ շարունակելու համար»:

Ինչ վերաբերում է Թրամփի վարչակազմի օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականությանը՝ նա շեշտեց. «Բայդենը շատ ծանր ժառանգություն թողեց Թրամփին: Բայդենն իր անելիքն արեց, բայց թե Թրամփն ինչպես պետք է կարողանա Մերձավոր Արևելքի խառնարանը, որը միշտ եռացել է, հանդարտեցնել՝ Իրանին և Ռուսաստանին մեկուսացնելով: Բայց այստեղ այլ երկրներ էլ կան: Ես այսօր չեմ տեսնում Ծոցի արաբական երկրների դիրքորոշումը, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Օմանի, Կատարի և մյուսների: Նրանք էլ սպասողական վիճակում են, թե ի վերջո ինչպես կավարտվի սիրիական ճգնաժամը»:

Նուբար Չալըմյանը դեռ 15 տարի առաջ իր հարցազրույցներում նշել է, որ Մերձավոր Արևելքում քրիստոնյաներն ընդհանրապես, և հայ համայնքը՝ մասնավորապես, անելիք չունեն. «Վերջին տարիներին իսլամական գործոնը գլուխ է բարձրացրել: Մինչև 2050 թվականը երկրագնդի ամեն քայլող երրորդ մարդը մուսուլման է լինելու: Սա արևմտյան մասնագետների վիճակագրությունն է: Պարսից ծոցի արաբական երկրները, որոնք ահռելի նյութական ռեսուրսներ ունեն, մեծ ֆինանսներ են հատկացնում իսլամն ուժեղացնելու և տարածելու վրա: Նրանք մեծ գումարներ են ներդնում Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում: Վաղը-մյուս օրը մեր վիճակը քիչ թե շատ կկարգավորվեն, շատ երկրների հետ մեր հարաբերությունները կջերմանան, արաբական աշխարհի պետությունների հետ՝ առավել ևս, նրանք էլ կսկսեն ՀՀ-ում ֆինանսական ներդրումներ անել, կառաջարկեն մզկիթներ կառուցել Երևանի կենտրոնում, և կգա մի ժամանակ, երբ չենք կարողանա հրաժարվել դրանից: Սրա մասին պետք է հիմիկվանից մտածել, ռազմավարություն պետք է մշակել՝ ինչպես գործել նման դեպքերում»:

Սիրիայում հայ համայնքի անվտանգության ապահովման հետ կապված նա նշեց, որ եթե Իսրայելի քաղաքացիները նման իրավիճակում հայտնվեին, ապա Իսրայելն անմիջապես ինքնաթիռներ կուղարկեր և կտարհաներ նրանց. «Մենք միշտ աշխատում ենք հանդես գալ վերջում: Ինչո՞ւ դեսպանատունը տեղափոխեցին Բեյրութ, պետք է այնտեղ մնային և այս հարցերով զբաղվեին»:

Միջազգայնագետն անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին և 2025-ին խոշոր իրադարձություններ կանխատեսեց. «2025թ. խոշոր իրադարձություններ տեղի կունենան ոչ միայն ՀԱՊԿ-ը լքելու, այլև ԱՊՀ-ն լքելու առումով»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս