«Չգիտենք, հայցերը հետ վերցնելու հարցը բանակցությունների առարկա՞ է, թե՞ ոչ, ամենայն հավանականությամբ, բանակցությունների օրակարգում է». Արա Ղազարյան
Նոյեմբերի վերջին Հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսել է ԵՄ դիտորդական առաքելության մասին, այդ համատեքստում նաև միջազգային ատյաններից հայցերի հայելային հետ վերցնելուն՝ շեշտելով, որ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է, որ երկու երկրների սահմանի այն հատվածներում, որոնք սահմանագծվելու են, եվրոպացի դիտորդներ այլևս չտեղակայվեն։
«Այն սահմանը, որը սահմանագծված է, օբյեկտիվորեն դիտորդի կարիք չունի։
Եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքվի, Երևանը պատրաստ է հետ վերցնել Բաքվի դեմ միջազգային դատարանում ներկայացված հայցերը, բայց Ադրբեջանի իշխանությունները ևս պետք է դիմեն նման քայլի։ Եթե տեսնենք, որ իսկապես հասնում ենք խաղաղության և հաստատում ենք այն, այսինքն՝ պայմանագիր ենք ստորագրում, կարծում եմ՝ կարող ենք գնալ նման գործարքի։ Սա նշանակում է, որ ոչ ոք չպետք է միմյանց դեմ դատական հայցեր հարուցի անցյալի իրադարձությունների պատճառով, և մենք պետք է փոխադարձաբար հրաժարվենք հայցերից»,- ասել է Փաշինյանը։
Ադրբեջանի կողմից այս ամենին դեռևս որևէ արձագանք չկա, փոխարենը՝ Ալիևը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին՝ հայտարարելով թե «ՀՀ իշխանությունները պետք է բանակցեն «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ՝ Հայաստան նրանց վերադարձի մեխանիզմների շուրջ»։
Հաշվի առնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ արդյո՞ք պետք է վստահել, որ նա հետ կվերցնի միջազգային հայցերը՝ ընդդեմ Հայաստանի, ի՞նչ մեխանիզմներով այս գործընթացը պետք է տեղի ունենա։
Փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի խոսքով՝ այս գործընթացը փոխադարձելիության սկզբունքից է բխում, որը պետք է արտահայտվի ինչ-որ փաստաթղթերի մեջ՝ երկկողմ։
«Այդ փաստաթուղթը պետք է որ լինի խաղաղության պայմանագիրը, բայց պայմանով՝ եթե հայցերը հետ են վերցնում, պետք է խաղաղության պայմանագիրը տրամադրի հիմքեր և մեխանիզմներ այդ նույն խնդիրները լուծելու համար, քանի որ դրանք մնում են։ Այդ խնդիրները վերաբերում են գույքային, փոխհատուցման, վերադարձի, պատմամշակութային կոթողներին և այլ հարցերի։
Հայցերը հետ վերցնելով՝ միևնույն ժամանակ պետք է մատնացույց արվի ինչ-որ մեխանիզմի կամ գոնե այդ մեխանիզմի հիմքերը, որ ապագայում ավելի մանրամասնի, թե ինչպես են լուծվելու առկա խնդիրները։ Եթե պարզվի, որ հայցերը վերցնում են, սակայն մեխանիզմներ չի նշվում, ուրեմն՝ այստեղ խնդիր է առաջանում քաղաքացիների մոտ. եթե պետությունը հայցերը հետ է վերցնում, քաղաքացիների դիմումները ներառված են միջպետական գանգատներում, ուրեմն՝ այդ դեպքում խնդիր է առաջանում։ Օրինակ, մենք հիմա ուղարկում ենք անհատական գանգատներ, հուսով ենք՝ Եվրոպական դատարանն այդ գանգատները չի միացնի միջպետական գանգատներին, թեպետ նման միտումներ կան։ Սակայն այս պահին առանձին-առանձին քննում են դրանք»,-168.am-ի հետ զրույցում նշեց Արա Ղազարյանը։
Ըստ նրա, եթե Եվրոպական դատարանն անհատական գանգատները միացնի միջպետական գանգատներին, իսկ միջպետական գանգատները հետ վերցնեն, Եվրոպական դատարանը կարող է ասել, որ պետությունը վերցնում է իր գանգատը, և նա այլևս իրավազորություն չունի, այստեղ կտուժեն անհատները։
Արա Ղազարյանի խոսքով՝ որպեսզի այդ ամենը տեղի չունենա, պետությունները որոշում են հետ վերցնել միմյանց դեմ իրենց գանգատները՝ պայմանով, որ երկկողմանի այդ հարցը լուծվի։
«Բայց եթե պարզվի, որ դա էլ տեղի չի ունենում, կարծում եմ՝ հետո դրա ապագայի վերաբերյալ Եվրոպական դատարանը պետք է որևէ բացառություն սահմանի, թեև նման դեպքեր չեմ հիշում։
Իմ պրակտիկայում չի եղել, որ պետությունները միմյանց դեմ ներկայացրած հայցերը հետ վերցնեն, որովհետև նման իրավիճակ երբեք չի եղել, իսկ անհատական մակարդակում՝ անձ և պետություն, ասենք՝ ընդդեմ Հայաստանի, բազմաթիվ գործեր կան, որ կողմերը պայմանավորվել են՝ հայցվորը համաձայնել է հաշտության, և ի վերջո գործը կարճվել է։ Հաշտության պայմանագիրն էլ գաղտնի է մնում, նման բազմաթիվ գործեր կան, Եվրոպական դատարանը նման ընթացակարգ ունի և, մեծ հաշվով, սա դատարանին ձեռնտու է, քանի որ գործերի քանակը նվազում է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ըստ Արա Ղազարյանի, Ադրբեջանն ավելի շահագրգռված է այդ հայցերը հետ վերցնել, իրավական գործընթացները դադարեն, քան Հայաստանը, որովհետև Ադրբեջանն իրավական դաշտում լուրջ խնդիրների առջև է կանգնած։ Նախ, 8 գործով արդեն պարտվել է, իսկ Հայաստանը դեռ 1 գործով է պարտվել։
«Ահռելի քանակությամբ դիմումներ սպասում են իրենց հերթին՝ ընդդեմ Ադրբեջանի, 2016, 2020 թվականների դեպքերի հետ կապված։ Նաև մեծ քանակությամբ դիմումներ ներկայացվում են 2023 թվականի դեպքերի վերաբերյալ, որի հակապատկերն Ադրբեջանը չունի, խոսքն Արցախի հայաթափման մասին է։ Այս գործընթացը շարունակվելու է առնվազն 5-6 տարի՝ հայցերն անընդհատ ներկայացվելու են։ Դրանցով բացահայտվելու են նոր ու նոր պատերազմական հանցագործություններ, որոնք Ադրբեջանը կատարել է։ Դրա համար Ադրբեջանն ավելի է շահագրգռված, որպեսզի այդ հայցերը հետ վերցնեն։ Առաջին անգամ կարծեմ Ադրբեջանից է հնչել այս կարծիքը, բայց մենք չգիտենք, սա բանակցությունների առարկա՞ է, թե՞ ոչ, ամենայն հավանականությամբ, բանակցությունների առարկա է, սպասենք՝ տեսնենք, թե ինչ կլինի»,- եզրափակեց Արա Ղազարյանը։